Հա

Քաղաքական

21/05/2019 - 12:20

«Իրատես». «Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետեւից 2.5 տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ»

«Իրատես» թերթը գրում է. ««Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու ետեւից երկուսուկէս տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբօսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարեանին, յարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջեւ:

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. ««Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու ետեւից երկուսուկէս տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբօսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարեանին, յարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջեւ:

Մի կողմ թողնելով նրա կուսակցական պատկանելութիւնը, Արցախեան ազատամարտի մասնակից լինելու հանգամանքը` մի պահ պատկերացնենք, որ նոյն կերպ են վարւում մեզ հետ, ի՞նչ կը զգայինք: Գոնէ ես նախորդ տարւայ այս օրերին սեփական մաշկի վրայ զգացել եմ՝ ինչ է նշանակում մէկ օրում օտարանալ այն հարազատների համար, որոնց համակարծիք չես: Այժմ, փաստօրէն, պէտք է շնորհակալ լինեմ նրանց, որ ֆիզիկական բռնութիւն չեն գործադրել, այլ միայն քամահրանքի ու սաստող հայացքների են արժանացրել:

Ինչքան էլ իշխանութեան եկած նորեկները յայտարարում էին սիրոյ ու հանդուրժողականութեան մասին, դէպքերի զարգացումներն ու հասարակութեան ներսում առաջացած անջրպետի խորացումն այլ բանի մասին են գուժում: Դեռ այն ժամանակ ես յոյս ունէի, որ երկրի մտաւորականութիւնը, արւեստագէտները, մարդիկ, որոնց խօսքը փոքրիշատէ լսելի է ու յարգանքի արժանի հասարակութեան համար, յայտարարութիւններ կանեն՝ փորձելով մեղմացնել օր օրի ահագնացող ատելութեան մթնոլորտը: Բայց մտաւորականների միակ արարքն Օպերային թատրոնում վարչապետի հետ հանդիպումն ու նրան կենաց յիշեցնող դիֆիրամբներ ձոնելը եղաւ:

Նախորդ իշխանութիւնների կողմից յատկացւած միջոցներով՝ պետական կամ մասնաւոր, ֆիլմեր նկարահանած ռեժիսորներից մէկը, պարզւեց, չէր հասկացել՝ տեղի ունեցածը` իշխանափոխութիւնը, երա՞զ է, թէ՞ իրականութիւն:

Մտաւորականութիւնը լռեց նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող գերատեսչութիւնը՝ Մշակոյթի նախարարութիւնը, օպտիմալացնելու որոշում կայացւեց: Կարեւորը փողը լինի, ֆիլմ նկարեն, գիրք տպագրեն, շրջագայեն երկրէ երկիր, երգեն իշխանական խնջոյքներին, հոգ չէ, թէ ազգային մշակոյթն ու դիմագիծը պահպանելու կարեւորագոյն հարցն անտեսում են:

Եթէ յանկարծ իրավիճակի փոփոխութիւն տեղի ունենայ, ու այժմեանները նախկին դառնան՝ այդ ժամանակ էլ նորեկներին «երազի ու իրականութեան» ձոնը կասեն: Որոշ մտաւորականներ վրդովւած կեցւածք ընդունեցին Օպերային թատրոնի գեղարւեստական ղեկավար ու տնօրէն Կոնստանտին Օրբէլեանին տնօրէնի պաշտօնից ազատելու ժամանակ, յստակեցրին՝ կը բողոքեն այնքան ժամանակ, քանի դեռ Օրբէլեանը չի վերականգնւել պաշտօնում:

Դէպքից անցել է շուրջ երկու ամիս, թատրոնը տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար ունի, Օրբէլեանն այդ պաշտօնում, ըստ երեւոյթին, չի վերականգնւի, իսկ արւեստագէտները մոռացել են, որ միջադէպը դատապարտող յայտարարութիւն էին տարածել ու ստորագրել դրա տակ: Քաղաքական խաղերի մէջ ներքաշւած մտաւորականութիւնը, իհարկէ, նոր չէ, բոլոր ժամանակներում էլ իշխանութեան ներկայացուցիչներին շոյել է, երբ իրենց հաճոյախօսել են հասարակութեան շրջանում համբաւ ունեցող մարդիկ: Բայց նրանց թիւ մէկ առաքելութիւնը պէտք է լինի մարդկանց մշակութային ու կրթական մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ պահին յայտարարութիւններ անելը, կոչով հանդէս գալը, սթափ դատելու ու գեղեցիկը տեսնելու յորդոր հնչեցնելը:

Այս օրերին մեզ համար անթոյլատրելի ժանտախտը՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, որ կարող է կործանարար լինել ամբողջ պետութեան համար, կրկին գլուխ է բարձրացրել: Եւ այդ տարանջատումը հրապարակ է նետւում, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի շուրթերով: Ու կրկին լռում են մտաւորականները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։