Հա

Քաղաքական

09/07/2019 - 13:50

«ՀՀ կառավարութիւնը դրսի հետ յարաբերութիւններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, դա ամուլ օրակարգ է». Հայկ Մարտիրոսեանը՝ Նիկոլ Փաշինեանի՝ Վիետնամ եւ Սինգապուր այցերի մասին

Քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանի հետ «Tert.am»-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Վիետնամ եւ Սինգապուր կատարած այցերի հնարաւոր արդիւնքների մասին: Նա նշեց, որ Հայաստանի կառավարութիւնը դրսի հետ յարաբերութիւններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, ներդրողներ հրաւիրել, տնտեսական կապեր հիմնել, իսկ դա պարզունակ եւ որպէս միայնակ երեւոյթ` չաշխատող ու ամուլ օրակարգ է:

«alikonline.ir» - Քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանի հետ «Tert.am»-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Վիետնամ եւ Սինգապուր կատարած այցերի հնարաւոր արդիւնքների մասին: Նա նշեց, որ Հայաստանի կառավարութիւնը դրսի հետ յարաբերութիւններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, ներդրողներ հրաւիրել, տնտեսական կապեր հիմնել, իսկ դա պարզունակ եւ որպէս միայնակ երեւոյթ` չաշխատող ու ամուլ օրակարգ է:

 

- Պարոն Մարտիրոսեան, Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցերով էր նախ Վիետնամում, ապա Սինգապուրում: Նախ քննարկենք վիետնամական ուղղութիւնը: Մի շրջանակ կար, որ նշում էր, որ այս երկրի հետ լուրջ օրակարգ չկայ, այցից սպասումներն արդիւնաւէտ չեն լինի։ Դուք ընդհանուր առմամբ ի՞նչ տպաւորութիւն ստացաք այցից:

- Վիետնամը ասիական կարեւոր երկիր է, որից Հայաստանը շատ բան ունի սովորելու: Յատկապէս` հայրենասիրութեան, տնտեսութեան եւ աշխարհաքաղաքական պահւածքի առումներով: Բայց մեծապէս կասկածում եմ, որ վարչապետը Վիետնամ էր գնացել` փորձին ծանօթանալու: Հայաստանի կառավարութիւնը դրսի հետ յարաբերութիւններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, ներդրողներ հրաւիրել, տնտեսական կապեր հիմնել: Դա պարզունակ եւ որպէս միայնակ երեւոյթ չաշխատող ու ամուլ օրակարգ է:

Վարչապետի ելոյթից հասկացանք, որ այս առումով որեւէ բան չի փոխւել: Մեծապէս անհասկանալի է, թէ ինչու ռուսերէն խօսեց Հայաստանի ղեկավարը: Արդեօ՞ք կարծում է, թէ վիետնամցիների երկրորդ լեզուն ռուսերէնն է, թէ՞ հայերի երկրորդ լեզուն է ռուսերէնը: Ընդ որում, թերեւս վարչապետը անգլերէնին ռուսերէնից մի փոքր աւելի լաւի է տիրապետում: Թերեւս: Եւ երկրորդ` մեծապէս անհասկանալի է, թէ ինչու այցը տեղի ունեցաւ, երբ Հայաստանի նորանշանակ դեսպանը դեռեւս հաւատարմագրւած չէ Վիետնամում: Իսկ Կաժոյեանն այն եզակի դեսպաններից է, որ որակեալ դիւանագէտ է, եւ նրա ներկայութիւնն անհրաժեշտ էր` ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները յետագայում ապահովելու համար: Վատ չէր լինի, որ վարչապետը կամ իր խօսնակը խօսէին եւ բացատրէին, թէ ինչ օրակարգ են հետապնդել Վիետնամում, ինչու են ռուսերէն խօսել, եւ ինչու դեսպանը չկար:

 

- Այցի ընթացքում յայտարարւեց, որ առեւտրատնտեսական յարաբերութիւնները զարգացնելու նպատակով աշնանը կազմակերպւելիք միջկառավարական յանձնաժողովի նիստին կանցկացւի գործարար համաժողով: Գիտենք, որ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու համար պէտք են նախեւառաջ լաւ քաղաքական յարաբերութիւններ: Կա՞ն նախապայմաններ, որ հերթական պայմանաւորւածութիւնները չեն դառնայ պարզապէս «բարի մաղթանքներ»:

- Յարաբերութիւններ մինչ այսօր չեն եղել: Հայաստանի նախորդ դեսպանը` աւելի ճիշտ դեսպանուհին, յայտնի չէ, թէ ինչով է զբաղւել: Եւ այնպէս չէ, որ Երեւանում տենչացել են մերձենալ Հանոյին: Բայց տնտեսական կապեր կարելի է եւ առանց նախօրօք առկայ յարաբերութիւնների նոյնպէս կայացնել: Ուղղակի դրա համար պէտք է տեսլական եւ յստակ նպատակներ ունենալ: Կա՞ն արդեօք դրանք: Կասկածում եմ:

 

- Սինգապուրը, ինչպէս Նիկոլ Փաշինեանն ասաց, շատերին է հիացրել իր անցած զարգացման ճանապարհով, մենք էլ շնորհակալ կը լինենք, որ նրանք մեզ հետ կիսւեն իրենց փորձով: Ի՞նչ պէտք է անել, որ համագործակցութիւնը խօսքերից անցնի գործողութիւնների: Արդեօ՞ք հրապարակային քննարկւած հարցերից նկատելի՞ է՝ ի՞նչ համագործակցութեան ուղիներ ենք նախանշում այս երկրի հետ:

- Իհարկէ, ոչ: Մի բան հաստատ է. որ դարձեալ Հայաստանը խօսել, համոզել է, որ գան, ներդրումներ կատարեն եւ նման բաներ: Բայց թէ ինչու պէտք է հէնց Հայաստան գան, անհասկանալի է: Երկրում ոչինչ չի արւել այն միւս, առաւել կայուն երկրներից աւելի հրապուրիչ դարձնելու համար: Իսկ Սինգապուրի փորձին կարելի էր եւ ծանօթանալ Երեւանում` կառավարական ամառանոցում մէկ-երկու գիրք կարդալով: Փոխանակ Հայաստանում վերջերս շատ մէջբերւող Լի Կւան Իւին ընթերցելու` մեր պսեւդոյեղափոխականները Գանդի եւ Մանդելա են կարդացել եւ վարակւել խաղաղութեան աղաւնու ախտանիշով: Իսկ Հայաստանին հէնց սինգապուրեան փորձի կիրառումն էր հարկաւոր, որն ուղղակի հակասում է ներկայիս իշխանութեան անգաղափար գաղափարախօսութեանը, եւ արդիւնքում Հայաստանում ճիշտ հակառակը արեցին: Սինգապուրում անչափ կոշտ մեթոդներով, դաժանագոյն պատիժներով աննկարագրելի առաջաւոր, բարեկեցիկ եւ գրաւիչ երկիր կառուցեցին: Հայաստանում պսեւդոյեղափոխութիւնից յետոյ երկիրը շարունակեցին տանել աւերման ճանապարհով` ուղղակի նախկին ռեժիմից մի փոքր այլ կածանով: Ի՞նչ Սինգապուր, ի՞նչ Վիետնամ...

 

- Որքանո՞վ են նպատակայարմար ընտրւած եղել նախանշւած տնտեսական ուղղութիւնները, որտեղ համագործակցելու ցանկութիւն կայ:

- Արդէն ասացի` եթէ նպատակը փողն է, ապա այն ուղղակի խնդրելը ժամանակի վատնում է: Յուսամ՝ վարչապետին Հանոյում գոնէ վիետնամական հռչակաւոր Ֆօ են հիւրասիրել, եւ դա, նրա սելֆիների ու տուրիստական հիացմունքի հետ միասին, կամբողջացնի երկրի առաջին զոյգի հաճելի ժամանացը Վիետնամում: Իսկ Սինգապուրում` դէ վարչապետական աշխատասենեակը լքելուց յետոյ վարչապետը դժւար թէ գնար Սինգապուր: Այնպէս որ, այս այցն այդ առումով յաջողւած է: Այդքանը:

 

- Այցերի ժամանակ նաեւ քննարկւում է պատւիրակութեան կազմը հաշւի առնելով այս երկերների առանձնայատկութիւնները՝ ինչպէս կը գնահատէք ընտրւած կազմը:

- Կազմին շատ ուշադրութիւն չեմ դարձրել: Եթէ կառավարութեան, Ազգային ժողովի եւ ընդհանրապէս երկրի ղեկավարութեան կազմն այն է, ինչ կայ` ի՞նչ կարելի է ակնկալել ասիական տուրնէի կազմից: Կազմ է, էլի: Կարծես թէ մեծ արդիւնքներ են լինելու, որ կազմերն էլ յատուկ կարեւորեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։