Հա

Քաղաքական

14/07/2019 - 11:20

«ՀՀ-ի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարաւորութիւնը»․ Գէորգ Պետրոսեան

«Tert.am»-ը թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ զրուցել է ռուսական «S-400» համակարգեր ձեռք բերելու ռուս-թուրքական գործարքի իրականացման եւ հետեւանքների վերաբերեալ: Նա նշեց, որ Հայաստանի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ, եթէ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարաւորութիւն, ինչպէս եւ այլ տեսակի ու բնոյթի ռազմական համագործակցութիւն լինի:

«alikonline.ir» - «Tert.am»-ը թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ զրուցել է ռուսական «S-400» համակարգեր ձեռք բերելու ռուս-թուրքական գործարքի իրականացման եւ հետեւանքների վերաբերեալ: Նա նշեց, որ Հայաստանի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ, եթէ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարաւորութիւն, ինչպէս եւ այլ տեսակի ու բնոյթի ռազմական համագործակցութիւն լինի:

 

- Պարո՛ն Պետրոսեան, երէկ ռուսական «S-400»-ի առաջին խմբաքանակը յանձնւեց Անկարային: Ի սկզբանէ թւում էր, որ այս գործարքն իրականութիւն չի դառնայ: Ի՞նչը նպաստեց, որ Թուրքիան` հակառակ փաստի, որ ՆԱՏՕ-ի անդամ է եւ իր դաշնակցի՝ ԱՄՆ-ի դիմադրութեան, կարողացաւ այն ձեռք բերել:

- Իրականում, վերջին շրջանում առաւել սպասելի էր, որ գործարքն իրականութիւն է դառնալու: Թուրքիան ինքնուրոյնութիւն է ցուցաբերում այս հարցում, ինչն ուղերձ է ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ, այլ նաեւ իր ներքին լսարանին: Թուրքիայի «հակաօդային» այս ոդիսականում սերտ միախառնւած են արտաքին ու ներքին քաղաքականութիւնը, ֆինանսը, ռազմական գործօնը:

Թուրքիան իրապէս կարիք ունի հակաօդային պաշտպանութեան նման զինատեսակների, ինչը վերջին տարիներին ակտիւօրէն փորձում էր լուծել՝ հայեացքն ուղղելով ոչ միայն ՆԱՏՕ-ին ու ՌԴ-ին, այլ նաեւ Չինաստանին: Եւ եթէ սկզբում Թուրքիայի ՀՕՊ համակարգի համալրումն աւելի շատ ներկայացւում էր ռազմական նպատակներին ծառայելու քողի ներքոյ, ապա յատկապէս ռուսաստանյան տարբերակի կեանքի կոչւելուն պէս քաղաքական գործօնը դարձաւ գերիշխող, իսկ ռազմականը՝ երկրորդական: Խօսքը, իհարկէ, լրատւութեան մատուցման ձեւի եւ մեկնաբանութիւնների մասին է: Այնուամենայնիւ, այս հոսքում, որտեղ գերակշռում են քարոզչութիւնն ու քաղաքականութիւնը, ռազմական գործօնն անտեսելը սխալ է՝ Անկարային նման համակարգեր խիստ անհրաժեշտ են, եւ սա Թուրքիայի զինւած ուժերի թոյլ օղակներից է: Պաշտօնական Անկարան փորձում է այս դէպքում խաղի իր կանոնները թելադրել, սակայն այդ ամէնն անհետեւանք չի լինելու, եւ Անկարայում այդ մասին լաւ գիտեն:

 

- Այս գործարքը, շատերի կարծիքով, նաեւ վկայում է Ռուսաստանի եւ Թուրքիայի առաւել մտերմանալու մասին: Դուք ի՞նչ կարծիք ունէք դրա վերաբերեալ ի՞նչն է կապում երկու երկրներին այս գործարքում՝ ֆինա՞նսը, քաղաքական մտերմութիւ՞նը, թէ՞ այլ բան:

- Թուրքիայի եւ Ռուսաստանի յարաբերութիւններում վերջին շրջանում դրական դինամիկա է նկատւում, ինչն արդիւնք է ոչ միայն երկուստեք տնտեսական մեծ հետաքրքրութիւնների, այլ նաեւ ՝այդ երկրների՝ երրորդ երկրների հետ յարաբերութիւններում առկայ զարգացումների ու խնդիրների: Դրական դինամիկան մեծապէս անդրադառնում է տնտեսական համագործակցութեան վրայ, ինչպէս եւ հէնց այս համագործակցութիւնն էլ թելադրում է այլ ուղղութիւններում զարգացումը: Այնուամենայնիւ, մի շարք կարեւոր խնդիրներ Անկարայի եւ Մոսկւայի միջեւ ոչ մի տեղ էլ չեն անհետացել. այժմ շատ բարդ է խօսել երկուստեք յարաբերութիւնների մակարդակում խորքային, ռազմավարական փոփոխութիւնների մասին:

 

- Ռազմատեխնիկական ոլորտում ռուս-թուրքական համագործակցութիւնը արդեօք չի՞ վտանգում Հայաստանի անվտանգութիւնը: Որքանո՞վ է այս գործարքը մեզ առնչւում:

- Այստեղ պէտք է աւելի լայն նայել պատկերին եւ չկենտրոնանալ միայն «S-400»-ի վաճառքի վրայ: Իր բնոյթով այն պաշտպանողական բնոյթի համակարգ է, սակայն այստեղ կարեւորը ռազմական համագործակցութեան յաջող փորձն է, ինչն էլ արդէն մտահոգւելու պատճառ կարող է դառնալ, եթէ նայէք ապագայում այլ սպառազինութեան վաճառքի հնարաւորութեանը, ինչպէս եւ այլ տեսակի ու բնոյթի ռազմական համագործակցութեանը: Ընդհանրապէս, եթէ առաւել ընդհանրացնենք, ՀՀ-ի շահերից բխում է Թուրքիա-ՌԴ հաւասարակշռւած յարաբերութիւնները, քանի որ եւ ծայրայեղ դրական, եւ ծայրայեղ բացասական զարգացումների դէպքում մենք կարճ ժամկէտի տեսանկիւնից շահեկան դիրքում չենք լինելու:

 

- «Eksport Vooruzheniy» (Arms Exports) ամսագրի գլխաւոր խմբագիր Անդրէյ Ֆրոլովը իր հարցազրոյցներից մէկում վարկած է առաջ քաշել, որ «S-400»-ները տեղակայելու են Անկարայում եւ Հայաստանի հետ սահմանում: Ի՞նչ են վկայում թեմայի հետ կապւած Ձեր ուսումնասիրութիւնները՝ որքանո՞վ է դա հաւանական, ի՞նչ արձագանք դա պէտք է ունենայ Հայաստանում: Արդեօք նման սցենարը մեր ռազմավարական դաշնակից ու զէնքի մատակարար Ռուսաստանը չպէ՞տք է կանխի:

- Առաւել տրամաբանական կը լինի առաջին փուլում դրանց տեղակայումը Սիրիայի եւ Իրաքի մօտ սահմանին, ինչն էլ վերջին տարիներին Թուրքիան անում էր ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ համաձայնութեամբ, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետութիւններ տրամադրում էին ՀՕՊ մարտկոցներ՝ թուրք-սիրիական սահմանին մօտ տեղակայելու համար: Իհարկէ, «S-400»-ը Թուրքիային պէտք է նաեւ Յունաստանի սահմանին, սակայն այս դէպքում, կարծում եմ, ՆԱՏՕ-ն առաւել սուր կարձագանքի, եւ այս փուլում Անկարան կը խուսափի նման սցենարից՝ յարաբերութիւնների լարւածութիւնն առաւել չխորացնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։