Հա

Քաղաքական

27/07/2019 - 14:47

Իրանը նախազգուշացնում է

Վերջին ամիսներին Իրանը յաճախակի է բարձրաձայնում երկրի դէմ ամերիկեան տարբեր կիբերյարձակումների ակտիւացման մասին։  

Վերջին ամիսներին Իրանը յաճախակի է բարձրաձայնում երկրի դէմ ամերիկեան տարբեր կիբերյարձակումների ակտիւացման մասին։  

Գրեթէ կասկածից վեր է, որ Վաշինգտոն-Թեհրան շահերի բեւեռացման այս փուլում կողմերը գործի են դնելու յաւելեալ եւ տարաբնոյթ լծակներ, առաջին հերթին՝ հետախուզական, դիւերսիոն ու կիբերյարձակումներ, որպէսզի յօգուտ իրենց փոխեն դէպքերի ընթացքը։ Եւ այստեղ որեւէ անակնկալ կամ զարմանք առաջացնող դրսեւորում չէր կարող լինել։  

Առաւել ուշագրաւ էր այն, որ Իրանն իր հետախուզական-հակահետախուզական եւ այլ բնոյթի գործողութիւնների օպերատիւութեան ու արդիւնաւէտութեան շնորհիւ կարողանում է չէզոքացնել եղած սպառնալիքները։ Ասւածի լաւագոյն վկայութիւնն էր, երբ  յունիսի 20-ին Թեհրանը յայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրի կորպուսի կողմից ամերիկեան նաւատորմի «MQ-4C Triton» տեսակի ռազմավարական, հետախուզական նշանակութեան ԱԹՍ-ի խոցման մասին։ Յատկանշականն այն է, որ ԱԹՍ-ն, որն իրականացնում էր հետախուզական կարեւոր առաքելութիւն, պետք է որ զինւած լինէր հակառադարային, քողարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով, որն այլ կերպ յայտնի է որպէս «stealth aircraft»։ Ասենք աւելին` «MQ-4C Triton» տեսակի ամերիկեան ԱԹՍ-ի 1 միաւորն արժէ 120 մլն դոլար։

Ստացւում է, որ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների ճգնաժամային այս փուլում, երբ կողմերն արդէն անցել են ուղիղ հարւածներ հասցնելու հռետորաբանութեան, եւ այնպիսի թէժ կէտում, ինչպիսին Հորմուզի նեղուցն է, թանկարժէք ԱԹՍ-ի կիրառումը պէտք է որ ունենար ռազմավարական կարեւորութիւն ներկայացնող հետախուզական առաքելութիւն։ Սակայն ստացւում է այնպէս, որ  ամերիկեան սարքը խոցւում է իրանական արտադրութեան Խորդադ-3 (Khordad) տեսակի զէնիթահրթիռային համալիրով։ Յիշեցնեմ, որ այդ համալիրները կարողանում են միաժամանակ որսալ մինչև 4 թիրախ՝ 27 կմ բարձրութեան վրայ:

Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել Իրանի՝ հրթիռաշինության կամ, առհասարակ, ռազմարդիւնաբերութեան բնագաւառում ձեռք բերած նւաճումները, միեւնոյն ժամանակ, դժւար էր պատկերացնել նման միջադէպ։ Այդ հարցում, առաջին հայեացքից, թերեւս տեղին էր գերագնահատել համաշխարհային առաջատար Վաշինգտոնի ռազմական պոտենցիալը։ Հակառակ դէպքում մնում է միայն ենթադրել, որ գուցէ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրւել են սխալ տեղեկութիւններ, որոնցում թերագնահատւել են Թեհրանի ռազմատեխնիկական կարողութիւնները։ 

Թերեւս աբսուրդի ժանրից է շրջանառւող այն վարկածը, որը Վաշինգտոնն ի սկզբանէ ցանկանում էր հրահրել Թեհրանին, որպէսզի նա խայծը կուլ տայ, նեարդերը տեղի տան եւ խոցի ամերիկեան արտադրութեան սարքը։ Ըստ վարկածի` իբր դա կամրագրէր Իրանին ուղիղ ռազմական հարւածներ հասցնելու` ԱՄՆ-ի միջազգային իրաւունքը։ Սակայն տեսնում ենք, որ ամերիկեան ԱԹՍ-ի խոցումից անմիջապէս յետոյ Թրամփի շատ կտրուկ ու ագրեսիւ հռետորաբանութիւնը մեղմւեց յաջորդ յայտարարութիւններով։ ԱՄՆ նախագահն արդէն խօսում էր, որ այդ գործողութեան յետեւում գուցէ կանգնած չէ Իրանը՝ որպէս պետութիւն, եւ որ գուցէ չի եղել նման մտադրութիւն, դա հաւանաբար, ըստ նախագահ Թրամփի, որեւէ իրանցի սպայի սխալ որոշման արդիւնք է։ Սա խօսում է այն մասին, որ նշւած վարկածը, որ շրջանառւում էր որոշ փորձագիտական շրջանակներում, իսկապէս աւելին քան անհաւանական է։  

Անցնենք առաջ. յունիսի կէսերին Թեհրանը յայտարարեց, որ բացայայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) կիբերլրտեսական նոր ցանց եւ ձերբակալել որոշ գործակալների։ Յստակեցւում էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն կիբերլրտեսութիւն ու կիբերյարձակումներ է իրականացրել այլ երկրներում նոյնպէս։  

Յուլիսի երկրորդ կէսին Թեհրանը հանդէս եկաւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան 17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան մասին յայտարարութեամբ։ Իրանական աղբիւրների համաձայն` լրտեսների մի մասը դատապարտւել է մահապատժի։ Այլ աղբիւրների հաղորդմամբ` նրանցից ոմանք արդէն ենթարկւել են մահապատժի։ Իրանի հետախուզական տւեալներով` գործակալները վերապատրաստւել են ԱՄՆ ԿՀՎ-ում, տեղեկութիւններ էին հաւաքագրում Իրանի ռազմավարական ու կենսական նշանակութեան օբիեկտների, այդ թւում՝ միջուկային ու ռազմական ձեռնարկութիւնների վերաբերեալ։ Արեւմտեան վերլուծական շրջանակներում Իրանի այս յայտարարութիւնը որակեցին որպէս քարոզչական հնարք՝ ուղղւած ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին լսարանին։

Սակայն այս ամենում առանձնացնենք երկու անչափ կարեւոր հանգամանք։ Առաջին` ՀՀ սահմանակից երկրի շուրջ ծաւալւում են իրադարձութիւններ, բայց առ այսօր շարունակում է անհասկանալի մնալ ստեղծւած իրավիճակում Հայաստանի դիրքաւորումը։ Հարց է առաջանում՝ նպատակայարմար չէ՞ր այդ կապակցութեամբ որեւէ դիրքորոշում յայտնել։ Վերջին հաշւով, նոյնիսկ կարելի էր կողմերի միջեւ ակտիւացած այդ հետախուզական պայքարի անիւը պտտեցնել դէպի հարեւան Ադրբեջան, որն արդէն առաջին տարին չէ, որ տրամադրել է իր տարածքը Իրանի դէմ Իսրայէլի կողմից հետախուզական գործունէութիւն ծաւալելու համար։ Այդ մասին, ի դէպ, քանիցս մտահոգութիւններ յայտնել են Թեհրանում եւ անթաքոյց կերպով։ Եւ եկէք չհամեմատւենք Ադրբեջանի հետ այն առումով, որ` եթէ այդտեղից յայտարարութիւններ չեն հնչել, ինչո՞ւ մենք աչքի ընկնենք։

Եթէ հիմնւենք այն սցենարի վրայ, ըստ որի` Իրանի միջուկային ծրագրի, միջուկային օբիեկտների վերաբերեալ նախագահ Թրամփին գաղտնի հետախուզական տեղեկութիւնների տրամադրման, ինչպէս նաեւ դրանց պարունակութեան հարցում անգնահատելի է իսրայէլական գործօնի դերը, ապա հայկական կողմն իսկապէս այստեղ անելիքներ ունի։

Յիշեցման կարգով ասեմ, որ 2018 թւականի ապրիլին Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանեահուն հրապարակեց Իրանի գաղտնի` «Ամադ» անւանումը կրող միջուկային նախագծի մանրամասները, որոնք յայտնի էին դարձել հէնց Իրանի տարածքում,  եթէ չեմ սխալւում՝ բուն Թեհրանում` Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութեան համապատասխան գործողութեան արդիւնքում։ Այդ ժամանակ խօսակցութիւններ էին պտտւում, որ այդ գաղտնի փաստաթղթերն Իսրայէլ են տեղափոխւել տարբեր ճանապարհներով, այդ թւում` Ադրբեջանի տարածքով։

Կրկին յիշեցման կարգով՝ Թէլ Աւիւը չի էլ թաքցնում, որ գաղտնի տւեալներ է տրամադրում Թրամփի վարչակազմին. այդ գործողութեան հանրայնացման ժամանակ Նեթանեահուն չզլացաւ նաեւ նշել, որ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի վերաբերեալ Սպիտակ տանը փոխանցւած նիւթերը ամրապնդեցին Թրամփի որոշումը՝ դուրս գալ 2015 թւականին ստորագրւած`Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրից (Joint Comprehensive Plan of Action):

Եւ այստեղ գալիս է բարձրացւած հարցի երկրորդ կողմը` իսկ ի՞նչ կը լինի, եթէ հակամարտող կողմերը Հայաստանը նոյնպէս սկսեն դիտարկել կամ գուցէ արդէն դիտարկում են որպէս դիմակայութեան հերթական թատերաբեմներից մէկը։

Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել ՀՀ հետախուզական, հակահետախուզական ծառայութիւնների օպերատիւութեան բաւական բարձր մակարդակն ու հմտութիւնները` չմոռանանք, որ գործ ունենք համաշխարհային հիմնական խաղացողներից մէկի՝ Վաշինգտոնի, միւս կողմից` տարածաշրջանային տէրութիւն հանդիսացող Թեհրանի հետ։

Այս առիթով կրկին վերադառնանք յուլիսի երկրորդ կէսին Իրանի կողմից ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան  17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան կոնկրետ դէպքին։ Մասնաւորապէս` ամսի 22-ին Իրանի հետախուզութեան նախարարութիւնը հանրայնացնում է վաւերագրական, փաստագրական ֆիլմ, որում ներկայացւում են Իրանի սահմաններից դուրս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան լրտեսների նկատմամբ իրանցի հետախոյզների գործողութիւնները:

Իսկ ամենակարեւորն այն է, որ ֆիլմում նկարահանւած գործողութիւնների ընթացքում ցուցադրւում են կադրեր, որոնք արւել են Հայաստանում։

Եթէ հիմնւենք ֆիլմի հաւաստիութեան վրայ, Իրանը վերջին շրջանում ակտիւացրել է իր հետախուզական, հակահետախուզական գործունէութիւնը մերձտարածաշրջաններում, առաջին հերթին՝ Պարսից ծոցի երկրներում, Մերձաւոր Արեւելքում, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի Հանրապետութիւններում։

Դա, ըստ երեւոյթին, զարմանալի եւ անհնար մի բան չէ, հաշւի առնելով նշեալ տարածաշրջաններում Իրանի զգալի ցանցային ազդեցութիւնը։ Եթէ առաջնորդւենք այս ֆիլմում ներկայացւած տեղեկութիւններով ու դրանց տրամաբանութեամբ, ապա ոչ պակաս տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ֆիլմում ներկայացւած կադրերը, որոնք արւել են Հայաստանում՝ Երեւանում, ինչպէ՞ս են ընկալւում Թեհրանում։ Արդեօ՞ք հիմնաւոր է այն տեսակէտը, թէ մեր հարեւան երկրի իշխանութիւնները Հայաստանը կարող են մի պահ դիտարկել որպէս ոչ իւրային երկիր։ Թէ դա Թեհրանի հերթական տեղեկատւական-հոգեբանական մանիպուլիացիոն գործողութիւնն է, այս անգամ` ուղղւած Հայաստանի դէմ։

Սրանով չի սահմանափակւում մեր մտահոգութիւնը. կրկին հիմնւելով ֆիլմի ներկայացրած տւեալների վրայ, արդեօ՞ք կարող ենք բացառել այն վարկածը, ըստ որի` ամերիկեան կողմը մտահոգւած է Իրանի սահմանակից երկրներում, այդ թւում` Հայաստանում ամերիկեան կողմի դէմ Թեհրանի հետախուզական գործունէութեան ակտիւացմամբ։ Սակայն այս ամենում ի յայտ է գալիս շատ աւելի խոր մի մտահոգութիւն, որ մեր երկիր է տեղափոխւում հակամարտող կողմերի հետախուզական պայքարը՝ դարձնելով այդ դիմակայութեան թատերաբեմ։ Յամենայն դէպս, եթէ ուռճացնում ենք ստեղծւած իրավիճակը, ապա նւազագոյնը չպէտք է բացառել այդ սցենարը։

Խօսակցութիւններ են պտտւում, որ Իրանում զգուշաւորութեամբ են մօտենում Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեանը։ Գուցէ մտավախութիւն կայ, որ մեր երկրում տեղի ունեցած յեղափոխական շարժումը գունաւոր յեղափոխութիւնների տրամաբանութեան մէջ է: Եթէ շարժւենք այդ տրամաբանութեամբ, ապա Իրանում կարող են զգուշանալ, որ Հայաստանում ուժեղացել է ամերիկեան գործօնը, կամ առնւազն կայ նման սցենարի զարգացման նախադրեալ։

Անդրադառնանք յուլիսի 10-ին ՀՀ էներգահամակարգում տեղի ունեցած տատանումներին ու դրանց հնարաւոր պատճառների հարցին։ Հայկական կողմի առաջ քաշած հիմնական վարկածներից մէկով` յաճախականութեան ուժեղ տատանումները կարող էին պայմանաւորւած լինել Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարով։ Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացւած են, հետեւաբար` յաճախականութեան տատանումները փոխադարձ ազդեցութիւն են թողնում։

Յիշեցնեմ, որ յաճախականութեան տատանումների հետեւանքով անջատւել էին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, իսկ յետոյ՝ նաեւ  Երեւանի ՋԷԿ-ը և աւելի փոքր կայաններ:

Խնդրի հետ կապւած փորձագիտական տարբեր հարթակներում քննարկումներ էին ընթանում, փորձում բերել միջադէպի հետ կապւած նաեւ այլ հնարաւոր սցենարներ։ Առաջ քաշւած հիմնական սցենարներից մէկով` Հայաստանի էներգետիկ համակարգում յաճախականութեան տատանումները դիտւում էին որպէս Իրանի կողմից դիւերսիայի հետեւանք։

Եթե կրկին առաջնորդւենք այն տրամաբանութեամբ, որ ԱՄՆ-Իրան ճգնաժամում, ըստ Թեհրանի, Հայաստանը սկսում է դիտարկւել որպէս ոչ իւրային երկիր, որտեղ ակտիւացել է ԱՄՆ ԿՀՎ-ի գործունէութիւնն ընդդէմ Իրանի, ուստի այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում է Երեւանին հնարաւոր վտանգների ու դրանց զսպման անհրաժեշտութեան մասին։

Յիշեցնեմ նաեւ, որ նախորդ տարւայ յուլիսի 3-ին խոշոր վթար էր տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի Մինգեչաուրի ՋԷԿ-ում, ինչի հետեւանքով Ադրբեջանը գրեթէ ամբողջութեամբ հոսանքազրկւել էր։ Այդ ժամանակ նոյնպէս փորձագէտները վթարը կապում էին հնարաւոր դիւերսիայի հետ։ Պատահականութի՞ւն էր, արդեօք, այն, որ Մինգեչաուրի ՋԷԿ-ում միջադէպը գրեթէ համընկել էր ընդամենը օր առաջ՝ յուլիսի 2-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնւած` զօրքերի տարբեր տեսակների մասնակցութեամբ լայնածաւալ զօրավարժութիւնների հետ։ Այդ շրջանում նոյնպէս շրջանառութեան մէջ էր դրւել իրանական հետքը։ Խօսւում էր այն մասին, որ կրկին ԱՄՆ-Իրան դիմակայութեան զարգացման այդ փուլում Թեհրանը տրամաբանօրէն խուսափում էր իր սահմանակից հատւածներում ու երկրներում, ժողովրդական լեզւով ասած` սեփական քթի տակ,  գործ ունենալ լարւածութեան նոր օջախի հետ։ Գուցէ այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում էր Ալիեւին՝ զերծ մնալ իրավիճակի հնարաւոր ապակայունացման փորձերից։ Եւ այստեղ հարց է առաջանում` արդեօ՞ք որեւէ կապ կայ Մինգեչաուրի ՋԷԿ-ի ու Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարների տրամաբանութիւնում։ Գրեթէ չի խօսւում, որ գուցէ երկու դէպքում էլ աշխատել է նոյն ձեռագիրը։      

Յետգրութեան փոխարէն` չար լեզուներն ասում են, որ  վերջին շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ մերձաւորարեւելեան մէկ այլ պետութեան՝ Իսրայէլի ուշադրութիւնը։ Սակայն յանուն օբեկտիւութեան արձանագրենք, որ այդ հետաքրքրութիւնն ակտիւացել էր մինչ յեղափոխութիւնը։   

Գ.Մ.

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։