Հա

Քաղաքական

10/08/2019 - 10:10

Անապահովութեան գնահատման համակարգը սոցիալական քաղաքականութեան հիմքն է

Կառավարութիւնը նախորդ տարի ձախողել է զբաղւածութեան քաղաքականութիւնը. ծրագրերին յատկացւած միջոցների 3/4-ը չի իրականացւել։ Այս մասին NEWS.am-ին յայտնեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ նշելով, որ նման նախադէպ անկախացումից ի վեր չի եղել։

«alikonline.ir» - Կառավարութիւնը նախորդ տարի ձախողել է զբաղւածութեան քաղաքականութիւնը. ծրագրերին յատկացւած միջոցների 3/4-ը չի իրականացւել։ Այս մասին NEWS.am-ին յայտնեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ նշելով, որ նման նախադէպ անկախացումից ի վեր չի եղել։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Արցախում ունեցած իր յայտնի ելոյթում յայտարարեց, որ կառավարութիւնը մինչեւ 2050 թւականը պէտք է ստեղծի 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղւածութեան հարցը եւ վերացնի աղքատութիւնը։

Թադէոս Աւետիսեանի կարծիքով՝ այնքան էլ լուրջ չէ, երբ թիրախաւորւում է աղքատութիւնը վերացնելու խնդիրը. «Աշխարհում չկայ որեւէ երկիր, որտեղ կարելի է արձանագրել, որ աղքատութիւնը վերացել է»։

«Պարոն վարչապետը հնչեցրեց նաեւ մինչեւ 2050 թ. բնակչութեան թիւը 5 մլն.-ի հասցնելու մասին։ Շատ ոգեւորիչ եւ տպաւորիչ թւեր են, սակայն յուսադրող է այն հանագամանքը, որ վարչապետը սկսել է հնչեցնել թւեր՝ հեռահար նպատակներով։ Մինչդեռ նախկինում՝ իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ, երբ նորընտիր վարչապետին ժողովրդագրութեան հետ կապւած հարցեր էին տալիս, Փաշինեանն ասում էր՝ պէտք չեն ռազմավարական ծրագրեր, յեղափոխութիւնը եւ իրենց մօտեցումները լիուլի բաւարար են, որ ժողովրդագրական ճգնաժամը յաղթահարւի։ Դրական է, որ Փաշինեանը, հետեւելով նախկին իշխանութիւններին եւ պատկերցնելով իրավիճակը, հեռահար նպատակներ է սկսել դնել»,- ասաց նա։

Անդրադառնալով այն փոփոխութեանը՝ համաձայն որի՝ նպաստից կը զրկւեն այն ընտանիքները, որոնք ունեն սահմանւած գումարից աւելի վարկ եւ կարողանում են կատարել իրենց վարկային պարտաւորութիւնները, տնտեսագէտն ասաց, որ այդ մօտեցումը խնդրայարոյց է։ Թադէոս Աւետիսեանի խօսքով՝ բնակչութեան անապահովութեան գնահատման համակարգը արմատական վերափոխման կարիք ունի.

«Ներկայումս գործում է անուղղակի գնահատման համակարգը, այսինք՝ մարդու աղքատութիւնը չափում են նրա գազի կամ էլեկտրաէներգիայի սպառումով կամ նրանով, որ տւեալ բնակիչը տան պատուհաններն է փոխել, հեռուստացոյց է գնել կամ աւոտամեքենայ վաճառել։ Իշխանափոխութիւնից յետոյ սոցիալական ոլորտի պատասխանատուները խօսում էին անապահովութեան գնահատման համակարգը արմատապէս վերափոխելու մասին, սակայն ամիսներ անց, մենք տեսանք, որ անուղղակի ցուցանիշների վրայ աւելի աբսուրդ ցուցանիշ աւելացաւ՝ «եթէ մարդը աղքատ է, ապա վարկ չպէտք է ունենայ» տրամաբանութեամբ, այսինքն՝ եթէ անձը կարողանում է մարել իր վարկային պարտաւորութիւնները, ապա ինքը աղքատ չէ։ Սա չի կարող յամարւել գնահատման դրական ցուցիչ եւ խնդրայարոյց է»,- ասաց նա։

Ըստ տնտեսագէտի՝ այս ցուցանիշի կիրառման պարագայում տուժելու է հասցէականութիւնը․ «Այսինքն՝ աւելի շատ մարդիկ դուրս կը գան համակարգից, իսկ այն մարդիկ, որոնք յայտնւել են այդ կարգավիճակում եւ իրապէս աղքատ չեն, նրանց թիւը շատ աւելի պակաս կը լինի, հետեւաբար մենք աւելի անհասցէ արդիւնքներ կունենաք, եւ դա կարձանագրւի վիճակագրութեամբ»։

Այլընտրանքն, ըստ Աւետիսեանի, ուղղակի գնահատման համակարգ ներդնելն է «Իրականում մարդկանց եկամուտները եւ նւազագոյն ծախսերը պէտք է լինեն համադրութեան մէջ։ Անապահովութեան գնահատման համակարգը սոցիալական քաղաքականութեան հիմքն է եւ առանց այդ համակարգը վերանայելու՝ անհնար կը լինի խօսել հասցէականութեան մասին»,- նշեց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։