Հա

Քաղաքական

11/08/2019 - 12:30

101-ամեայ ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճիւղն ամենամեծ նւէրն է

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողութեանը մասնակցելու եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում էր Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանը: «Ապառաժ»-ի հետ հարցազրոյցում Գառնիկ Մկրտչեանը նշել է, որ տարիների երազ էր Արցախում ՀՄԸՄ-ի մասնաճիւղ ունենալը:

«alikonline.ir» - Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողութեանը մասնակցելու եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում էր Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանը: «Ապառաժ»-ի հետ հարցազրոյցում Գառնիկ Մկրտչեանը նշել է, որ տարիների երազ էր Արցախում ՀՄԸՄ-ի մասնաճիւղ ունենալը: «Արցախի անկախացումից յետոյ սկզբնական շրջանում սկսել էինք աշխատել Արցախում, բայց դրանից յետոյ ՀՄԸՄ-ի գործունէութիւնը դադարեց, որից յետոյ զանազան պատճառներով հնարաւոր չեղաւ վերականգնել: ՀՄԸՄ Կենտրոնական վարչութիւնը Արցախի նախագահների, վարչապետների, նախարարների հետ շփումներում միշտ էլ հետամուտ է եղել այս հարցի լուծմանը, բայց հնարաւոր չի եղել իրագործել արտօնութիւն ստանալու, նաեւ սկաուտական կազմակերպութեան հնարաւորութիւններին չհաւատալու պատճառներով: Հիմա կարող եմ ասել, որ Արցախի իշխանութիւնների հետ մեր աշխատանքի եւ շրջանի մարմինների աշխատանքի արդիւնքում մենք կարողացանք մեր առաջին պաշտօնական կորիզը ստեղծել»,- ասել է ՀՄԸՄ-ի ԿՎ ատենապետը՝ յոյս յայտնելով, որ այն լաւագոյն թթխմորը պիտի դառնայ Արցախում լուրջ գործունէութիւն տանելու համար:

Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը ստեղծւել է 1918 թ. Կ. Պոլսում: Այնուհետեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան լուսաւորութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւէրով սկսել է գործել Հայաստանում: 1921 թ. խորհրդային կարգերի հաստատումից յետոյ դարձել է սփիւռքեան կազմակերպութիւն: Սկզբնական շրջանում Միջին Արեւելքի երկրներում է լայն աշխատանք տարել, որից յետոյ սկսել է Միջին Արեւելքից տարածւել, նաեւ, հայերի տեղաշարժի հետ կապւած, հասել Եւրոպա, Ամերիկա, Աւստրալիա: Միութեան անդամների թիւն այժմ հասնում է 28 հազարի: ՀՄԸՄ-ի ՀԱՍԿ-ը (Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպութիւն) Սկաուտական շարժման միջազգային կազմակերպութեան անդամ է եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետութիւնը:

«Ամբողջ աշխարհում այսօրւայ դրութեամբ ՀՄԸՄ-ն առանց Արցախի 110 մասնաճիւղ ունի, 111-րդը պիտի դառնայ Արցախի մասնաճիւղը: Արդէն նշանակւել է վարչութիւն, որի միջոցով սկսելու ենք մեր գործունէութիւնը: Երիտասարդ գործիչ է գործուղւել այստեղ, ում օգնութեամբ միութիւնը ծիլեր կարձակի եւ կը սկսի բերք տալ»,- մանրամասնել է Գառնիկ Մկրտչեանը՝ աւելացնելով, որ ՀՄԸՄ-ի գործունէութիւնն աշխարհով մէկ տարածւած է սկաուտական եւ մարզական ուղղութիւններով, որոնց աշխատանքները համակարգում են վարչութիւնները, յանձնախմբերը: «Մայիս ամսին հիմնեցինք երիտասարդական բաժին, որտեղ համախմբւում են 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք նախկինում խմբապետներ, մարզիկներ կամ անդամներ են եղել»,- յաւելել է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արցախի շրջաններում մասնաճիւղեր բացելու հնարաւորութեանը, ապա ՀՄԸՄ ատենապետը նախ անհրաժեշտ է համարում Ստեփանակերտում ամուր հիմքերի վրայ դնել կառոյցը, որից յետոյ կարող են մտածել շրջաններում տարածւելու մասին: «ՀՄԸՄ-ն ունի բրգաձեւ կառավարման համակարգ: Ներքեւի խաւը անդամներն են, անդամներից յետոյ՝ վարչութիւնները, յանձնախմբերը, այնուհետեւ՝ Շրջանային վարչութիւնները եւ բարձրագոյն օղակը՝ Կենտրոնական վարչութիւնը: Կենտրոնական վարչութեան նստավայրը Լիբանանն է, իսկ անդամներն ընտրւում են տարբեր շրջաններից: Այժմ Կենտրոնական վարչութիւնն ունի 13 անդամ»,- ասել է Գառնիկ Մկրտչեանը:

Անդրադառնալով Արցախում մասնաճիւղ բացելու կարեւորութեան մասին հարցին, ՀՄԸՄ ատենապետը նշել է, որ յատկապէս սփիուռքահայութեան համար Արցախը իւրայատուկ նշանակութիւն ունի. «Մեր ժողովրդի հայրենիքի հետ ամենազգացական կապւածութիւնը Արցախն է: Հայաստանն արդէն անկախ է, բայց Արցախն ուրիշ պատմութիւն է: Արցախում մասնաճիւղ չունենալը մեծ վէրք էր, վիրաւորանք: Տարբեր քաղաքների, երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ժամանակ միշտ այս հարցն էին բարձրացնում: Պատասխանում էի, որ հարցն ընթացքի մէջ է, որովհետեւ չէի կարող ուրիշ պատասխան տալ: Այդ իսկ պատճառով՝ կարծում եմ, որ Արցախի կարեւորութիւնը ՀՄԸՄ-ի համար առանձնայատուկ է»:

«Հաւատում եմ, որ ՀՄԸՄ-ի դերակատարութիւնը մեծ կը լինի Արցախում, մանաւանդ՝ սկաուտական շարժումը: Մարզական բաղադրիչը կարող է այստեղի երիտասարդութեանն այնքան էլ չհետաքրքրել, որովհետեւ դպրոցներին կից կան սպորտային խմբակներ, մարզական ակումբեր: Իսկ սկաուտութիւնը, իմ կարծիքով, հեռանկարներ ունի: Հայ պատանին, երբ 3 տարեկանից անդամագրւում է ՀՄԸՄ-ին, այնուհետեւ տարիների ընթացքում դառնում խմբապետ, իր հագուստը, դաստիարակութիւնը նրան պատրաստում է՝ որպէս իսկական հայ, զինւոր՝ կարգապահութեան, վարք ու բարքի իմաստով»,- խօսելով հեռանկարների մասին՝ ասել է Գառնիկ Մկրտչեանը:

«Մենք ծերացած կազմակերպութիւն չենք, մեր եղբայրներից մէկի խօսքով՝ մենք 1 դար ու 1 տարեկան ենք: Ունենք հազարաւոր երիտասարդ, խանդավառ աղջիկներ եւ տղաներ: Իսկ արդէն 101-ամեայ ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճիւղն ամենամեծ նւէրն է»,- եզրափակել է Գառնիկ Մկրտչեանը:

 

Տաթեւիկ Աղաջանեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։