Հա

Քաղաքական

27/08/2019 - 14:20

«Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյութեան սպառնալիքը». Զոհրաբ Մնացականեան

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտայայտւել են նաեւ ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգութեան եւ խաղաղութեան սպառնալիք են:

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտայայտւել են նաեւ ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգութեան եւ խաղաղութեան սպառնալիք են:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը յայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաքի ընթացքում:

«Հայաստանը հանդէս է գալիս Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացայայտ կամ քողարկւած ուժի կիրառման սպառնալիքները, եւ հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որեւէ նկրտում: Լարւածութեան պայմաններում բանակցութիւններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորմանը, եւ, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տեւական եւ համապարփակ կարգաւորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատեաց քաղաքականութեամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյութեան սպառնալիքը: Խաղաղութիւնն այլընտրանք չունի, եւ ՀՀ-ն ու Արցախն ունեն բաւարար ուժ՝ խաղաղութեան ապահովման համար»,- նշեց Մնացականեանը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն իր ելոյթում անդրադարձաւ նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղեան հակամարտութեան շրջանակում անվերապահ ու բացայայտ աջակցութեանը՝ դա համարելով Հայաստանի համար լուրջ անվտանգութեան լուրջ սպառնալիք:

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց Ցեղասպանութեան շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդէն ցեղասպան գործողութիւնների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղեան հակամարտութեան շրջանակում անվերապահ եւ բացայայտ աջակցութիւնը ստեղծում են Հայաստանի համար անվտանգութեան լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտութիւնը պայմանաւորում է տարածաշրջանային անվտանգութեան պահպանմանն ուղղւած Հայաստանի քաղաքականութիւնը՝ այդ թւում արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների մասով»,- ասաց Մնացականեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։