Հա

Քաղաքական

03/09/2019 - 10:10

«Փաշինեանը շահագրգռւած անձ է Արցախի ընտրութիւններում, նա ֆինանսաւորում է իր ընտրած ՀԿ-ներին զուտ ընտրութիւններին միջամտելու համար»․ Ստեփան Դանիէլեան

Դիտորդական կազմակերպութիւններին ներգրաւելը ողջունելի է, ողջունելի է նաեւ, որ հասարակական կազմակերպութիւններն (ՀԿ) են դա անում, սակայն ցանկալի կը լինէր, որ Արցախի Հանրապետութեան հասարակական կազմակերպութիւնները դա անէին՝ թէկուզ ՀՀ-ից ֆինանսաւորւելով։

«alikonline.ir» - Դիտորդական կազմակերպութիւններին ներգրաւելը ողջունելի է, ողջունելի է նաեւ, որ հասարակական կազմակերպութիւններն (ՀԿ) են դա անում, սակայն ցանկալի կը լինէր, որ Արցախի Հանրապետութեան հասարակական կազմակերպութիւնները դա անէին՝ թէկուզ ՀՀ-ից ֆինանսաւորւելով։

Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ընտրութիւններում դիտորդական առաքելութիւն իրականացւելու համար հայաստանեան ՀԿ-ներին ֆինանսաւորելուն։ Նա նկատեց, որ հայաստանեան ընտրութիւններում էլ մի շարք միջազգային կազմակերպութիւններ դիտորդական առաքելութիւն են իրականացրել, ֆինանսաւորել են տեղի ՀԿ-ներին։

«Եթէ խնդիրը նա էր, որ հասարակական կազմակերպութիւններն ակտիւանան, ապա, կարծում եմ, որ ճիշտը նա կը լինէր, որ ֆինանսաւորւէին Արցախի հասարակական կազմակերպութիւնները։  Բայց այստեղ կայ նաեւ 2-րդ կողմը, քանի որ Նիկոլ Փաշինեանն օրերս յայտարարել է, որ կան խնդիրներ ՀՀ-ի ու Արցախի ղեկավարութեան միջեւ, իսկ այդ խնդիրների լուծումը կարող է ընտրութիւնների միջոցով լինել, այսինքն՝ Փաշինեանի յայտարարութիւններից պարզ է դառնում, որ ինքը շահագրգռւած անձ է Արցախի ընտրութիւններում։

Եթէ ինքն է ֆինանսաւորումը կազմակերպում առանց մրցոյթի, այսինքն՝ իր կողմից ընտրւած ՀԿ-ներին, նշանակում է, որ այդ ֆինանսաւորումը կատարում է ոչ թէ արդար ընտրութիւններ կատարելու համար, այլ ինքը ֆինանսաւորում է իր ընտրած կազմակերպութիւններին զուտ Արցախի ընտրութիւններին միջամտելու համար, եթէ հաշւի առնենք նաեւ այն յայտարարութիւնները, որ կան խնդիրներ Արցախի ու ՀՀ իշխանութիւնների միջեւ»,- մանրամասնեց նա։

Քաղաքագէտի գնահատմամբ՝ Արցախի ու ՀՀ իշխանութիւնների մթջ լարում առկայ է, ինչը յայտարարել է հէնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ Նա յիշեցրեց Փաշինեանի յայտարարութիւնները, թէ յեղափոխութիւնը պէտք է հասնի Արցախ՝ նկատելով, որ յեղափոխութիւնը գործողութիւն է իշխանութեան դէմ։ Ըստ Դանիէլեանի՝ հակասութիւնը նաեւ գաղափարական հենքի վրայ է։

«Ակնյայտ է, որ կան բարդութիւններ, որոնք ունեն գաղափարական եզր, որովհետեւ Նիկոլ Փաշինեանն ասում է՝ երկու շաբաթ ասֆալտով քայլելն աւելի կարեւոր ձեռքբերում է, քան 4 տարւայ պատերազմը՝ հազարաւոր զոհերով, հարիւր հազարաւոր տեղահանւածներով, սովի ու մսի միջով անցած տարիներով։ Այս գաղափարախօսական հակասութիւնը կայ նաեւ Հայաստանի հանրութեան մէջ՝ մի կողմից Նիկոլ Փաշինեանն է, միւս կողմից՝ այն մարդիկ, որոնք այդպէս չեն կարծում, այդ թւում՝ Արցախի իշխանութիւնները։ Վիտալի Բալասանեանն էլ յայտարարեց, որ առանց որեւէ օրինական հիմքի փորձում են պատերազմով անցած գեներալներին ասֆալտին պառկեցնել: Սա նշանակում է, որ կայ հակասութիւն, որն արդէն կոպիտ դրսեւորում է ստանում»,- ընդգծեց Ստեփան Դանիէլեանը։

Ինչ վերաբերում է այս հակասութեան հետեւանքներին, Դանիէլեանը շեշտեց, թէ հակասութիւնը ոչ թէ ՀՀ-ի ու Արցախի մէջ է, այլ մտածողութեան մէջ է։ Նրա կարծիքով՝ հակասութեան խնդիրը պէտք է լուծւի Երեւանում, ոչ թէ Ստեփանակերտում։

Այս պահին Ստեփան Դանիէլեանը դժւարանում ասել՝ արդեօք ՀՀ իշխանութիւններն ունեն իրենց՝ Արցախի նախագահի ցանկալի թեկնածուն, բայց վստահ է, որ ՀՀ-ի հետ համագործակցողներ կը գտնւեն։

«Վստահ եմ՝ կարող է գտնել գործընկերներ, որոնք, հաշւի առնելով ՀՀ  ազդեցութիւնը, կը փորձեն թէկուզ ժամանակաւոր որոշակի յարաբերութիւնների մէջ մտնել ՀՀ իշխանութիւնների հետ»,- եզրափակեց Ստեփան Դանիէլեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։