Հա

Քաղաքական

18/09/2019 - 10:30

«Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակէտում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարեւան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխաւոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկէ, հսկայական ճիւղաւորումներ ունեցող թեմա է, այդ թւում՝ դէպի Կովկաս:

«alikonline.ir» - «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակէտում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարեւան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխաւոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկէ, հսկայական ճիւղաւորումներ ունեցող թեմա է, այդ թւում՝ դէպի Կովկաս: Անկարայում տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովից յետոյ կողմերի յայտարարութիւնները ընդհանուր խօսում են դրական տոնայնութեան մասին, թէեւ դա ամենեւին փաստ չի դարձնում այն, որ հանդիպումը անցել է առանց փոխադարձ անհամաձայնութիւնների:

Աւելին, խոշոր հաշւով, եռակողմ այդ ֆորմատը, որ գալիս է դեռեւս Աստանայից, թերեւս աւելի շատ անհամաձայնութիւնների կառավարման, քան շահերի զգալի ներդաշնակութեան ֆորմատ է: Անշուշտ, կարծել, որ այդ մէկ հանդիպումը վճռորոշ էր լինելու Սիրիայի կամ Կովկասի համար, իհարկէ, միամտութիւն է, սակայն կարեւոր է հասկանալ, թէ ինչ հանգրւանում են կանգ առել կողմերը Անկարայում: Առաւել եւս նկատի առնելով այն, որ յաջորդ «կանգառը» լինելու է Երեւանը:

Յամենայնդէպս, սպասւում է, որ հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ Վեհաժողովի առիթով Երեւանում կը լինեն Պուտինն ու Ռոհանին: Կը կրի այդ այցը Անկարայում եռակողմ հանդիպման ազդեցութիւն, թէ ոչ, ասելը, իհարկէ, չափազանց դժւար է: Միեւնոյն ժամանակ անկասկած է, որ համատեղ Երեւանում գտնւելու հրաւէրն ընդունելու պարագայում, Ռուսաստանի եւ Իրանի նախագահներն առնւազն զուտ ֆորմալ, արարողակարգային տեսանկիւնից երեւանեան հաւաքին տալիս են որոշակի նշանակութիւն: Այլ հարց է, թէ այդ նշանակութիւնն ինչպէս են օգտագործելու հետագայում թէ՛ Մոսկւան ու Թեհրանը, եւ թէ՛ Երեւանը:

Յատկանշական է նաեւ այն, որ երեւանեան հաւաքը տեղի է ունենալու ԱՄՆ Նիկոլ Փաշինեանի աշխատանքային այցից յետոյ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով: Ամերիկեան հանդիպումների պաշտօնական, այսպէս ասած, ցանկը կամ ժամանակացոյցը քաղաքական առումով տպաւորիչ չէ, սակայն իհարկէ պէտք չէ բացառել ոչ ֆորմալ շփումներ ամերիկեան վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հերթին կարող են ազդեցութիւն թողնել ԵԱՏՄ Վեհաժողովի շրջանակում Պուտինի եւ Ռոհանիի այցը կազմակերպած Երեւանի օրակարգի վրայ:

Առաւել եւս, որ ԱՄՆ-ում սպասւում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թէեւ կոնկրետ պայմանաւորւածութեան մասին՝ տեղի եւ օրւայ առումով, յայտնի չէ: Յատկանշական է, որ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 17-ին անցկացրել է անվտանգութեան խորհրդի նիստ եւ յայտարարել, որ ընդհանուր անվտանգային միջավայրը կանխատեսելիի շրջանակում է եւ այնպիսին է, ինչպիսին դիտարկել է Երեւանը: Իհարկէ, ԱԽ նիստը կարող էր պայմանաւորւած լինել ԱԱԾ պետի աղմկոտ պաշտօնանկութեամբ, սակայն միւս կողմից պէտք է նկատել նաեւ, որ Երեւանում այն փաստացի յաջորդել էր նաեւ Էրդողան-Պուտին-Ռոհանի թուրքական հանդիպմանը»:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։