Հա

Քաղաքական

18/09/2019 - 16:00

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

«alikonline.ir» - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: Այս մասին յայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը:

«Թէեւ Ձեր դիւանագիտական առաքելութիւնն այստեղ աւարտւում է, վստահ եմ՝ Հայաստանից կը վերադառնաք մեր երկրների համագործակցութեամբ բաւարարւած: Ցաւում եմ, որ անձամբ պատիւ չեմ ունեցել աշխատելու Ձեզ հետ, բայց տեղեկացւած եմ Հայաստան-Իրան ակտիւ գործակցութեան մասին, ինչի համար ուրախ եւ շնորհակալ եմ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական գործընկերութիւնը եւ պատրաստ ենք բոլոր մակարդակներում շարունակելու համագործակցութիւնը»,- ասել է նախարարը: 

Բաթոյեանը  նշել է, որ նախարարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ համագործակցութեան յուշագիր է պատրաստւում, որի նախնական տարբերակն արդէն շրջանառւում է: Նախարարը յոյս է յայտնել, որ մօտ ապագայում յուշագիրն աւարտուն տեսքի կը բերւի եւ կը դառնայ համագործակցութեան լաւագոյն հիմնասիւնը:

«Շատ ուրախ եմ հանդիպել մի տիկնոջ, ով իր վրայ պատասխանատւութիւն է վերցրել՝ ստանձնելու այս չափազանց կարեւոր առաքելութիւնը՝ աշխատելու հասարակութեան ամենախոցելի խաւերի հետ: Իրանի Իսլամական Հանրապետութեան Սոցիալական հարցերի նախարարութիւնն աշխատում է 82 մլն քաղաքացիների հետ: Կարող էք պատկերացնել՝ ինչ ահռելի ծաւալի աշխատանքի մասին է խօսքը: Մենք նաեւ շատ ծրագրեր ունենք՝ ուղղւած զբաղւածութեան խթանմանը: Համոզւած եմ, որ մեր երկու երկրներին գործընկեր կառոյցները շատ բան կունենան քննարկելու եւ փորձի փոխանակման իմաստով»,- ասել է դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադը:

Զարուհի Բաթոյեանը նշել է, որ երկու երկրների միջեւ բազմաթիւ զուգահեռներ կարելի է տանել, բայց աշխատանքի հանդէպ ունեցած սէրը  յատկապէս բնութագրում է մեր երկու ժողովուրդներին:

«Աշխատատեղերի ստեղծման՝ Իրանի փորձը, վստահաբար, շատ արժէքաւոր կը լինի մեզ համար: Ես գիտեմ, որ աշխատանքի խրախուսումը մեր երկու երկրների կառավարութիւնների հիմնական մօտեցումներից մէկն է, իսկ մեր նախարարութեան համար զբաղւածութիւնը դիտարկւում է նաեւ որպէս աղքատութեան յաղթահարման հիմնական ճանապարհ: Մենք մեր բոլոր ջանքներն ուղղում ենք արժանապատիւ աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղութեամբ»,- ասել է նախարար Բաթոյեանը եւ վստահութիւն յայտնել, որ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադը շուտով ականատեսը կը դառնայ այն բանի, թէ ինչ պտուղներ են տալիս իր առաքելութեան ընթացքում ցանւած սերմերը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։