Հա

Քաղաքական

19/09/2019 - 10:30

Ի՞նչ վտանգի մասին է ահազանգում անվտանգութեան ծառայութեան պետը. հրաժարական տւեց հակառուսական դաւադրութեան խոչընդոտներից մէկը

Երկուշաբթի` նոյն օրը, երբ ԱԺ նախագահը ելոյթ ունեցաւ Սահմանադրական դատարանի նախագահին հեռացնելու ծրագրով, վարչապետը յայտարարեց, թէ Սահմանադրական դատարանի վճիռը, որով հակասահմանադրական էր ճանաչւել երկրորդ նախագահին կալանաւորելու օրէնքներից մէկը, ապօրինի է: Երեկոյեան արդէն Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցութիւնը յայտարարեց, թէ սկսում է Սահմանադրական դատարանի նախագահին պաշտօնանկ անելու գործընթաց, իսկ ազգային անվտանգութեան ծառայութեան պետը հրաժարական տւեց՝ վարչապետին կոչ անելով՝ կանգ առ։

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Երկուշաբթի` նոյն օրը, երբ ԱԺ նախագահը ելոյթ ունեցաւ Սահմանադրական դատարանի նախագահին հեռացնելու ծրագրով, վարչապետը յայտարարեց, թէ Սահմանադրական դատարանի վճիռը, որով հակասահմանադրական էր ճանաչւել երկրորդ նախագահին կալանաւորելու օրէնքներից մէկը, ապօրինի է: Երեկոյեան արդէն Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցութիւնը յայտարարեց, թէ սկսում է Սահմանադրական դատարանի նախագահին պաշտօնանկ անելու գործընթաց, իսկ ազգային անվտանգութեան ծառայութեան պետը հրաժարական տւեց՝ վարչապետին կոչ անելով՝ կանգ առ։

Իսկ յաջորդ օրն արդէն սպասելի էր, որ վարչապետի ու ԱԺ նախագահի` դատարանների վրայ հերթական յարձակման արդիւնքում առաջին ատեանի դատարանը մերժելու է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրայ երկրորդ նախագահին ազատելու միջնորդութիւնը։

Մէկուկէս տարւայ ընթացքում վարչապետի ու նրա թիմի սկանդալները սովորական երեւոյթ դարձան: Արդէն չի զարմացնում, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանը կէս տարի առաջ ասում էր, թէ` «չեմ կարծում, որ Հրայր Թովմասեանը պէտք է հրաժարական տայ, եւ ընդհանրապէս, դա իմ իրաւասութիւնների տիրոյթում չի գտնւում», իսկ երկուշաբթի օրւայ ելոյթով մտնում էր դատական իշխանութեան տիրոյթ եւ քննադատում ՍԴ որոշումը եւ մի քանի ժամ անց իր խմբակցութեան հետ սկսում Թովմասեանին հեռացնելու գործընթաց։

Այսուհանդերձ, անվտանգութեան զգացում ունեցող անձանց ուշադրութիւնն առաջին հերթին գրաւել է երկրի անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանի յայտարարութիւնը, այն երկրի, որը մի հարեւանի հետ պատերազմի մէջ է, որն ընդամենը երեք տարի առաջ փորձեց ներխուժել երկիր, միւս հարեւանն էլ, յաջակցութիւն Ադրբեջանի, փակել է սահմանը եւ հնարաւորութեան դէպքում Հայաստանի վրայով ռազմական ձեռք կը մեկնի նրան, երրորդ հարեւանին էլ ԱՄՆ-ն է ճնշելով օղակի մէջ մտցնում, եւ որից ընդամենը 500 կմ. հեռու վերջերս մի ամբողջ ժողովրդի՝ եզդիների ցեղասպանութիւն եղաւ։

Ուրեմն այդ ի՜նչ վտանգների առաջ է կանգնած երկիրը, որ անվտանգութեան ծառայութեան պետը յայտարարում է. «Մէկուկէս տարւայ իմ գործունէութիւնը միշտ բոլորիդ աչքի առջեւ է եղել, եւ ամէն քայլ արել եմ մէկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիւը վեր են ամէն ինչից: Պետականաշինութիւնն իր տրամաբանութիւնն ունի` որոշումների տարերայնութիւնը, գործողութիւնների հախուռնութիւնը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դէպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատւութեան հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը: Խաղաղութիւն ու անվտանգութիւն մեր երկրին»։

Այս` այսքան բաց, միեւնոյն ժամանակ ոչ մի որոշակի հարցի մասին չխօսող տողերի տակ ի՞նչ պրոբլեմ է թաքնւած, այդ ի՞նչ հակասութիւններ են ստիպել Վանեցեանին` այսքան բաց ահազանգ հնչեցնել։

Գուցէ հրաժարականի պատճառներից մէկը Փաշինեանի անկայուն բնաւորութի՞ւնն է եւ աֆեկտի տակ ճակատագրական քայլեր անելը։

Հրաժարական տւեց նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպեանը՝ հրաժարականի տեքստում կրկին խօսելով սպայի պատւի եւ արժանապատւութեան մասին։

Փաշինեանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետեանը պատասխանեց Վանեցեանին. «Պէտք է պարզել, թէ ով է գրել Արթուր Վանեցեանին վերագրւող այդ տեքստը: Յոյս ունենք դրա հեղինակը քրէական պատասխանատւութիւնից «թիւրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենեակները չեն: Գեներալ Վանեցեանին յորդորում ենք չկորցնել սպայի արժանապատւութիւնը, որին ինքը յղում է անում»։

Ենթատեքստը խօսում է այն մասին, որ Փաշինեանը հրահանգ է տւել ինչ-որ անձանց հետապնդել, սակայն Վանեցեանը հրաժարւել է։

Իսկ գուցէ այդ անձանց մէջ են նաեւ այն դատաւորները, որոնք վարչապետի կամքը չե՞ն կատարում։ Գաղտնալսւած հեռախօսազրոյցը փաստում է նաեւ, որ Վանեցեանի կողմից ճնշման արդիւնքում է անցեալ տարւայ յուլիսին առաջին ատեանի դատարանի դատաւորը Քոչարեանին կալանաւորելու վճիռ կայացրել, Վանեցեանը ՀՔԾ պետին ասում էր՝ դատաւորին ասացի՝ ուզես-չուզես կալանքը տալու ես։

Հետագայում Փաշինեանն աւելի բիրտ ճնշումների գնաց՝ կոչով դատարանների դռներ փակել տալով, ապա Քոչարեանին կալանքից ազատած եւ գործը Սահմանադրական դատարան տւած դատաւոր Դաւիթ Գրիգորեանի դէմ քրէական գործ յարուցեցին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի անցեալի մէջ փորփրեցին, որ որեւէ կեղտ գտնեն: Չհաջողելով՝ օրէնսդիրն անցաւ գործի, եւ «Իմ քայլը» խմբակցութիւնը նրան պաշտօնանկ անելու գործ սկսեց։ Գուցէ Վանեցեանին պարտադրել են աւելի բիրտ ճնշումնե՞ր կիրառել, գործե՞ր սարքել դատաւորների վրայ, որից նա հրաժարւել է։

Ընդդիմախօսներին կոռուպցիայի պիտակ փակցնելու փաշինեանական ոճով` վարչապետի խօսնակի հեգնական խօսքին Վանեցեանը լրջօրէն պատասխանեց, թէ յայտարարարութիւնը գրել է իր խորհրդական Արմէն Դաւթեանի հետ։

Բանաստեղծ Արմէն Դաւթեանը 1998 թւից նախ Ռոբերտ Քոչարեանի, ապա Սերժ Սարգսեանի ռեֆերենտն եղել, երկու նախագահների ելոյթների մի մասի վրայ նա էր աշխատում։ Այս տարւայ մարտին Նիկոլ Փաշինեանը նրան ազատեց աշխատանքից, եւ այժմ պարզւեց, որ Վանեցեանի խորհրդատուն է։

Այո, յատուկ ծառայութեան աշխատակիցները զուսպ են լինում, նրանց աշխատանքի բնոյթն այնպիսին է, որ սպառնալիքների մասին հրապարակային չեն խօսում, Վանեցեանն էլ 20 տարւայ սպայ է, եւ քիչ հաւանական է, որ միայն ինչ-որ մարդկանց հետապնդելու պատւերից հրաժարւելու համար այնպիսի ահազանգ հնչեցներ, որի մէջ երկրին իրական վտանգի սպառնալիք երեւար։

Եթէ միայն ձեռքի տակ եղած փաստերով առաջնորդւենք, ապա վարչապետի ու ԱԱԾ պետի միակ հակասութիւնը բացայայտւեց դեռ մէկ տարի առաջ գաղտնալսւած հեռախօսազրոյցներում, որոնցից մէկում Վանեցեանը սաստում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանին, որ եթէ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին կալանաւորեն, երկրին հարւած կը հասցնեն. «Լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիւ բարիշել եմ, հիմա բռնենք, կը լինենք խայտառակ»: Միւս գաղտնալսւած հեռախօսազրոյցում Վանեցեանը վարչապետին համոզում է. «Ռուսների հետ շատ ծանր ա։ Ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարին բռնեն, նստցնեն։ Էդ կառոյցի հեղինակութիւնն ա, էլի»։

Ի վերջոյ, Վանեցեանը կարողանում է համոզել` Խաչատուրովը չի կալանաւորւում։ Սակայն Ռուսաստանի հետ յարաբերութիւնները մնում են կասկածելի, մանաւանդ, եթէ նկատի ունենանք, որ Արեւմուտքն այդ յարաբերութիւնները հետեւողականօրէն շարունակում է քանդել։

Այսպէս` 2000-ականներից ԱՄՆ-ն սկսում է մի նոր սառը պատերազմ, որի ընթացքում ֆինանսական մեծ ներդրումներ անելով՝ հրահրում է հակառուսական տրամադրութիւններ հետսովետական այն երկրներում, որոնք Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն։ Ռուսաստանի շուրջն օղակը սեղմելու համար ԱՄՆ-ի առաջնային խնդիրն է հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, երկրորդ խնդիրը` այդ երկրներն ընդգրկել ՆԱՏՕ-ի մէջ, ինչպէս արդէն ընդգրկել է յետսովետական Մերձբալթեան հանրապետութիւնները եւ Արեւելեան Եւրոպայի միւս երկրները։

Առաջին փուլի խնդիրը՝ ռազմաբազաները հեռացնելը, յաջողւեց իրականացնել Ուկրայինայում, որը կորցրեց Ղրիմը եւ մխրճւեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մէջ, եւ Վրաստանում, որն էլ, պատերազմի մէջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետութեան տակ գտնւող Ախալգորիի շրջանը եւ Կոդորեան կիրճը։

Եւրոխորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում։

Թէեւ 2008 թւականից Հայաստանում գնալով ուժեղանում է հակառուսական պրոպագանդան` հիմնականում դրսից ֆինանսաւորւող քաղաքացիական հասարակութեան ստւար մասը հակառուս է, այսուհանդերձ, բնակչութեան 70 տոկոսից աւելին բարեկամաբար է տրամադրւած Ռուսաստանի հանդէպ եւ հասկանում է, որ երկրի անվտանգութիւնը կախւած է Ռուսաստանից (2013 թւին «Գելափ»-ի կատարած հարցումներով Հայաստանում հարցւածների 90 տոկոսը նշել է, որ իր բարեկամ երկիրը Ռուսաստանն է)։

Հայաստանի դէպքում ամերիկեան եւս մի պլան է գործում. իր տիրապետութիւնից դուրս մնացած մէկ ուրիշ, ռեսուրսներով հարուստ եւ ազդեցիկ երկիրը՝ Իրանն էլ օղակի մէջ սեղմել, այս դէպքում Արցախեան հակամարտութիւնը տանել այն ուղղութեամբ, որ Իրանի սահմանին խաղաղապահի անւան տակ ՆԱՏՕ-ի զօրամիաւորումներ բերւեն։

2018-ի հայկական յեղափոխութեան շարժիչ ուժը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գլխաւորութեամբ, այդ հակառուսական ուժերն էին, իսկ յեղափոխութեան միակ առաջնորդ Փաշինեանը արդէն աչքի էր ընկել հակառուսական յայտարարութիւններով, օրինակ` ասել էր, թէ իբր 2016֊ի ապրիլեան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է «Հողեր` ԵԱՏՄ-ի դիմաց» պայմանաւորւածութիւնը։

Սակայն հասկանալով, որ հակառուսական հռետորութիւնը Հայաստանի բնակչութեանը կը խրտնեցնի եւ Ռուսաստանի դժգոհութիւնը կառաջացնի, յեղափոխութեան օրերին Փաշինեանը մշտապէս կրկնում էր, որ թաւշեայ յեղափոխութեան մէջ արտաքին կոնտեքստ չկայ։

Վարչապետութեան առաջին ամիսներին նա ճգնում էր ապացուցել, որ շարունակում է Ռուսաստանի հետ նոյն բարեկամական յարաբերութիւնները, եւ Պուտինի ընկեր երկրորդ նախագահին կալանաւորելու դժգոհութիւնը զսպելու համար հայկական զօրամիաւորում ուղարկեց Սիրիա։

Սակայն յեղափոխութիւնից 1.5 տարի անց, յեղափոխութեան աներեւոյթ հակառուսական ազդակները բացայայտւում են. միջազգային լարւած իրավիճակի ֆոնին` այլեւս պատահական չէ, որ «Իմ քայլը» խմբակցութիւնում ու կառավարութիւնում ներգրաււած են հակառուս շրջանակների անձինք, եւ որ գնալով լարւում են հայ-ռուսական յարաբերութիւնները։

Վերջին ամիսներին Փաշինեանը սրման է տանում Ռուսաստանի հետ յարաբերութիւնները: Հակապուտին արմատական ռուս ազգայնական Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տւեց, «Նուվել դ' Արմենիի»-ին տւած հարցազրոյցում, ասում է, թէ ինքը կասկածներ ունի Ռուսաստանի նկատմամբ. «Մենք պէտք է հաստատենք իւրաքանչիւրի արժանապատւութիւնը յարգող յարաբերութիւններ» (չնայած Փաշինեանն է վիրաւորել Ռուսաստանի արժանապատւութիւնը՝ նրա ստեղծած եւ պատիւը հանդիսացող ՀԱՊԿ քարտուղարի վրայ քրէական գործ յարուցելով, սակայն Ռուսաստանը դեռեւս լուռ կուլ է տւել դա)։ Ապա նաեւ հանդիպում ունեցաւ «Սասնայ ծռեր»-ի ղեկավարութեան հետ՝ Հայաստանի ամենաարմատական հակառուսական թեւի, որը պահանջում է ռուսական ռազմաբազաները հանել Հայաստանից։

Վանեցեանի հրաժարականի պատճառն արդեօ՞ք այն նոյն հակասութիւնն է՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրացումը։

Հետադարձ հայացքով նաեւ բացայայտւում է, որ Ռոբերտ Քոչարեանին ամէն գնով բանտում պահելու մոլուցքը պայմանաւորւած չէ միայն վարչապետի եւ նրա համախոհների վրէժով։ Քոչարեանը մարմնաւորում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կայունութիւնը, եւ հակառուսական դաւադրութիւն հրահրող ուժերը, նրան չէզոքացնելով, թուլացնում են Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը։

Ուրեմն պատահական չէ, որ Վանեցեանը միակ պաշտօնեան էր, որ Ռոբերտ Քոչարեանի վերաբերեալ դրական խօսք է ասել. «Ռոբերտ Քոչարեանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իհարկէ, իր գործունէութեան ընթացքում ունեցել է նաեւ շատ դրական գործեր, ներդրում, եղել է Արցախի առաջին նախագահը»։

Պատահական չէ նաեւ, որ միեւնոյն հակառուսական ուժերը ոգեւորւած են ե՛ւ Վանեցեանի հրաժարականով, ե՛ւ Քոչարեանին կալանքի տակ պահելու որոշմամբ (ինչպէս, օրինակ, Հանրային խորհրդի անդամ Ստեօպա Սաֆարեանը, որի ղեկավարած «Միջազգային եւ անվտանգութեան հարցերի հայկական ինստիտուտը» ֆինանսաւորւում է ԱՄՆ ԿՀՎ-ի հետ կապեր ունեցող NED հիմնադրամից: NED-ի մասին` նաեւ այստեղ)։

Հայաստանում անվտանգութեան զգացում ունեցող իւրաքանչիւր անձ հասկանում է, թէ հայ-ռուսական յարաբերութիւնների վատթարացումը, ապա` ռուսական ռազմաբազաները հեռացնելն ու զէնքի մատակարարման աղբիւրը կտրելը ինչ աղէտի կը բերի: Երկու թուրք ժողովուրդների` Հայաստանի վրայ ողջագուրւելու մէկդարեայ նպատակը կիրականանայ։ Բարեբախտաբար, այդ` անվտանգութեան զգացում ունեցողները երկրի ստւար մասն են, դժբախտաբար, նրանց տրամադրութիւնը չի հանրայնացւում, հասարակական կարծիքի ձեւաւորման մէջ եղանակ է ստեղծում հակառուս չնչին մասը՝ վկայ այն փաստը, որ հակառուս գործիչը դարձաւ երկրի վարչապետ։

Հայաստանի այս իւրայատկութիւնից ելնելով էլ` հակառուսական դաւադրութիւնն այնպէս ճակատային չի տարւում, քողարկւած է վրէժի, կոռուպցիայի դէմ պայքարի, արժանապատւութեան կոչերի քողերով։

Այս քողարկւած քաղաքականութիւնը բացայայտւում է այն փաստով, որ երկրի բնակչութեան 61 տոկոսը կողմ է եղել ԵԱՏՄ-ի մէջ մտնելուն, իսկ 70 տոկոսը ընտրել է այն դաշինքին, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինեանը, դէմ է քւէարկել ԵԱՏՄ մտնելուն, ինչպէ՞ս, քանի որ նա յեղափոխութիւն անելիս քողարկել է հակառուսութիւնը հանրութեան սրտի ուզածով՝ կոռուպցիայի դէմ ելոյթներով։

Ուրեմն հակառուսական դաւադրութիւնը տարբերւելու է ուկրայինական եւ վրացական փորձից, ընթանալու է քողարկւած, խոչընդոտ անձանց յաղթահարելով, քայլ առ քայլ։

Վանեցեանի հրաժարականով եւս մի քայլ կատարւեց, եւս մի խոչընդոտ յաղթահարւած է, այլեւս իշխանութեան մէջ չի լինի այն անձը, որը կը զանգի վարչապետին եւ կը համոզի, ի շահ երկրի անվտանգութեան, հակառուսական քայլեր չանել։

Յաջորդ քայլը ո՞րն է. երկրի անվտանգութեան համար միւս պատասխանատու պաշտօնեան՝ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը, հարցին, թէ հնարաւո՞ր է ինքն էլ պաշտօնանկ լինի, պատասխանեց «Չեմ կարող ասել»: Ենթատեքստում երեւում է, որ նա էլ հակասութիւն ունի վարչապետի հետ։

Ահա եւ շաբաթւայ սկզբի բոլոր իրադարձութիւնները՝ ԱԺ նախագահի ելոյթը եւ «Իմ քայլի» կողմից ՍԴ նախագահին պաշտօնանկ անելու գործընթացը, Քոչարեանին կալանքի տակ պահելու` դատարանի վճիռը եւ ԱԱԾ պետ Վանեցեանի հրաժարականը, նոյն շղթայի օղակներն են դառնում։

 

Yerkir.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։