Հա

Քաղաքական

09/10/2019 - 12:30

«Հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ անորոշութիւնը խնդիրներ է ստեղծում երկկողմ ձեւաչափում, իսկ իրավիճակից փորձում է օգտւել Ադրբեջանը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայ-ռուսական յարաբերութիւններում անորոշ վիճակը շարունակւում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցաւ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասւած այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս յուսալ, թէ հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ անվստահութեան մակարդակը նւազել է։

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Հայ-ռուսական յարաբերութիւններում անորոշ վիճակը շարունակւում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցաւ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասւած այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս յուսալ, թէ հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ անվստահութեան մակարդակը նւազել է։

Դեռեւս անցեալ տարի ՀՀ վարչապետ Փաշինեանը Պուտինին հրաւիրել էր Հայաստան, սակայն հոկտեմբերի 1-ին Պուտինի՝ ընդամենը մի քանի ժամով այցը ուղղակի ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակ էր հետապնդում։ 

Եւ եթէ ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թէ Երեւանում, այլ ԵԱՏՄ անդամ երկրներից որեւէ մէկի մայրաքաղաքում, ապա դժւար թէ ակնկալիքներ լինէին, որ Պուտինը այս տարի կարող է Հայաստան այցելել։

Վարչապետ Փաշինեանը ինչպէս նախկինում, այս անգամ եւս ՌԴ նախագահի հետ շփումներից յետոյ փորձեց հանրութեանը ներկայացնել, թէ հայ-ռուսական յարաբերութիւնները փայլուն մակարդակի են, սակայն այդ հաւաստիացումները կասկածով են ընդունւում հանրութեան կողմից։ 

Պուտինի՝ Հայաստան այցելութեան ժամանակ Փաշինեանը նրա հետ երկու անգամ կարճ հանդիպում ունեցաւ, սակայն հանդիպումներից յետոյ տարածւած հաղորդագրութիւններից պարզ էր դառնում, որ բացի երկկողմ բարեկամութեան մասին հաւաստիացումներից, որեւէ բովանդակային հարց չի քննարկւել։

Կամ գուցէ «թէժ» հարցեր լրջօրէն քննարկւել են, սակայն այնպիսի թեմաների շուրջ, որոնք հրապարակման ենթակայ չեն:

Բացի այդ, դժւար է ակնկալել, որ նման կարճատեւ հանդիպումներում հնարաւոր է որեւէ լուրջ հարց լուծւի՝ չնայած որ վարչապետի խօսնակը յայտարարեց, թէ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից քննարկւել է նաեւ գազի գնի հարցը։ 

Եթէ հայ-ռուսական յարաբերութիւններում իրօք դրական տեղաշարժ լինէր, ապա Պուտինը ընդամենը մի քանի ժամով չէր ժամանի Երեւան, նաեւ իր հետ կը բերէր մեծ պատւիրակութիւն, այդ թւում՝ գործարարների, իսկ պատւիրակութեան անդամները Երեւանում բարձր մակարդով պաշտօնական հանդիպումներ կունենային եւ այլն։

Ըստ էութեան, Պուտինի՝ Երեւան այցելութիւնը որեւէ գործնական հետեւանք չունեցաւ, աւելին՝ ռուսական կողմում ՀՀ իշխանութիւնների նկատմամբ անվստահութեան դրսեւորումները շարունակւում են, ինչի մասին են վկայում նաեւ ռուսական լրատւամիջոցների շարունակւող անդրադարձները Փաշինեան-Պուտին հանդիպումներին այն տեսանկիւնից, թէ դրանք ուղղակի արարողակարգային բնոյթ են ունեցել։

Ուշագրաւ է նաեւ, որ օրերս Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովին Փաշինեանը ներկայ չէր, ու համաժողովին ներկայ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ոչ միայն փորձեց օգտագործել այդ հարթակը Ադրբեջանում ատոմակայանի կառուցման վերաբերեալ պայմանաւորւածութիւններ ձեռք բերելու հարցում, այլեւ խիստ հակահայկական յայտարարութիւններ արեց, իսկ Հայաստանի կողմից համաժողովում ներկայացուցիչ չկար, որ տեղում պատասխանէր Ալիեւին։

Ինչպէս տեսնում ենք, հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ անորոշութիւնը ոչ միայն խնդիրներ է ստեղծում երկկողմ ձեւաչափում, այլեւ իրավիճակից փորձում է օգտւել Ադրբեջանը։ 

Հայաստանի իշխանութիւնները պէտք է ակտիւացնեն իրենց ջանքերը Ռուսաստանի հետ յարաբերութիւնների մակարդակը բարձրացնելու եւ գործնական հարթութիւն տեղափոխելու ուղղութեամբ, այլապէս իրադրութիւնը դասաւորւում է ոչ Հայաստանի օգտին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։