Հա

Քաղաքական

10/10/2019 - 09:40

«Հայկական հարցը սթափեցրեց ինձ». Ֆիքրադ ալ Բաղդադի

Իրաքի Սահմանադրութիւնը պաշտպանում է մտաւորականների իրաւունքները, մենք Արցախ չենք գնում՝ կռւելու. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց իրաքցի գրող, լրագրող Ֆիքրադ ալ Բաղդադին, որը Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում մեկնում է Արցախ՝ մասնակցելու «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

«alikonline.ir» - Իրաքի Սահմանադրութիւնը պաշտպանում է մտաւորականների իրաւունքները, մենք Արցախ չենք գնում՝ կռւելու. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց իրաքցի գրող, լրագրող Ֆիքրադ ալ Բաղդադին, որը Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում մեկնում է Արցախ՝ մասնակցելու «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

 

- Դուք գիրք էք գրել Հայոց Ցեղասպանութեան մասին. ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ այդ թեմային:

- Իրականում, այդ քայլը մեծ եւ յաւակնոտ փորձ է՝ բացայայտելու արդարութիւնը եւ հաստատելու հայ ժողովրդի իրաւունքները: Գրքի գաղափարը ծնւեց 2015-ին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով, երբ ուսումնասիրում էի Առաջին Համաշխարհային պատերազմը, որն անկիւնաքարային դարձաւ կայսրութիւնների ճակատագրում: Հայկական հարցը սթափեցրեց ինձ՝ մէկ ու կէս միլիոն հայի նահատակութիւնը, այն մարդկանց, որոնք Օսմանեան կայսրութեան 7 նահանգներում էին ապրում՝ Վան, Էրզրում եւ այլն: Այդ հողերը հայկական են, եւ գիրքս գրեցի մի կարեւոր շրջանում, երբ Միջին Արեւելքը վտանգաւոր իրավիճակում էր:

Հայերն Իրաքում ունեն իրենց մեծ ներդրումը, իրաքահայերը յարգւած, արժեւորւած են եւ կարեւոր տարր են Իրաք պետութեան կազմաւորման գործընթացում: Հարկ է յիշել, որ իրաքահայերի շրջանում կան շատ քաղաքական, դիւանագիտական գործիչներ, եւ այդ մարդկանց առկայութիւնը քաջալերեց ինձ, որպէսզի գրեմ Հայոց Ցեղասպանութեան մասին:

Հայ ժողովուրդն այն ժողովուրդներից է, որոնք միջազգային խաղերի պատճառով մեծաթիւ նահատակներ են ունեցել: Յիշեցնեմ, որ 2003 թ.-ին, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, մեր ամէն օրը դարձավ ցեղասպանութիւն: Այդ պատճառով էլ մենք մեր մաշկի վրայ զգացինք հայ ժողովրդի տառապանքները: Իմ գիրքը կոչ է համայն աշխարհին ՝ ո՛չ ցեղասպանութիւններին, ո՛չ մարդասպանութիւններին եւ ո՛չ ժողովուրդների ճակատագրով առեւտուրին:

Դուք հայ ժողովրդի ճակատագիրը վաճառեցիք, բայց հայ ժողովուրդը փիւնիկի պէս է եւ, հակառակ բոլոր տառապանքներին, կրկին յառնեց, վերադարձրեց իր փառքը եւ ստեղծեց պետութիւն: Հակառակ համայն աշխարհով սփռւած լինելուն՝ հայ ժողովուրդը ստեղծագործ է եւ սիրում է կեանքը, եւ եթէ նոյնիսկ մի հայ մնայ աշխարհում, նա կը լինի հանճարեղ եւ կը վերադարձնի հայ ժողովրդի պատմութեան ու մշակոյթի փառքը:

 

- Դուք գնալու էք Արցախ՝ Դաշնակցութեան կազմակերպած «Պրօ Արցախ» համաժողովին մասնակցելու: Գիտենք, որ Ադրբեջանը չի ողջունում օտարերկրացիների այցերը Արցախ: Մտավախութիւն չունէ՞ք, որ մուսուլման աշխարհում կարող են դատապարտել ձեր քայլը:

- Մենք գրողներ ենք, եւ Իրաքի Սահմանադրութիւնը պաշտպանում է մտաւորականների իրաւունքները, մենք Արցախ չենք գնում՝ կռւելու, այլ՝ հակառակը: Մենք գրողներ ենք. Կովկասեան շրջանը եւ Միջին Արեւելքը վտանգաւոր գօտիներ են, մենք գնում ենք Արցախ՝ տեսնելու, ուսումնասիրելու Արցախը եւ, կարծում եմ, Արցախի մասին գիրք գրելու:

Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի բնակավայրն է եղել դարեր ի վեր: Հայկական եկեղեցիների եւ խաչքարերի առկայութիւնը փաստում է, որ Արցախը հայկական է՝ ամենայն յարգանքով Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդէպ: Ես ազատ գրող եմ, եւ իմ իրաւունքն է՝ արտացոլել իմ մտածելակերպը եւ քաղաքական դիրքորոշումը, ես չեմ հետեւում արտաքին ծառայութիւնների, որ ինձ պարտադրեն գրել իրենց տեսակէտը: Այս հարցն իրաւունքի հարց է՝ այո՛, կայ հակամարտութիւն Արցախում, այդ պատճառով էլ ուզում եմ գնալ Արցախ, ուսումնասիրել, տեսնել, որպէսզի իմ ստեղծագործութիւնների միջոցով շեշտադրումներ անեմ: Ես վստահ եմ, որ Արցախ այցելութիւնս պիտի արդիւնաւէտ լինի, եւ մենք էլ պէտք է հասկանանք իրականութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։