Հա

Քաղաքական

Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 09:40

Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչութեամբ

Ադրբեջանցի դիւանագէտ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եւրոպայի խորհրդում երկրի պատւիրակութեան անդամը 30 միլիոն եւրոյի ծախսեր պէտք է կատարէր դրա կառոյցներում՝ այդ թւում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լաբբինգի համար:

«Նշւում էր, որ այս գումարը նախատեսւած է եղել պատւիրակութիւններին եւ ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա «The Guardian»-ին:

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» պարբերականին յայտնի է դարձել, որ նաւթով հարուստ Ադրբեջանը փորձել է կաշառել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ապահովելու համար քւէարկութեան ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին քննադատող զեկոյցների դէմ ձայները։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Մի շարք խորհրդարանականներ պնդում են, որ յաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն հետաքննութիւն սկսի՝ ձայների կեղծման նոր մեղադրանքների ֆոնին, որոնք հարցականի տակ են դրել կառոյցի հեղինակութիւնը:

ԵԽԽՎ-ի գործունէութեանը ծանօթ բարձրաստիճան 2 պաշտօնեայ «The Guardian»-ին յայտնել է, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանը կառոյցի անդամներին կաշառք է առաջարկել քւէարկութեան համար:

Ադրբեջանցի դիւանագէտ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եւրոպայի խորհրդում երկրի պատւիրակութեան անդամը 30 միլիոն եւրոյի ծախսեր պէտք է կատարէր դրա կառոյցներում՝ այդ թւում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լաբբինգի համար:

«Նշւում էր, որ այս գումարը նախատեսւած է եղել պատւիրակութիւններին եւ ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա «The Guardian»-ին:

Վեհաժողովի շւեդ պատւիրակ եւ արդարադատութեան նախկին նախարար Թոբիաս Բիլշտրոմը նշել է, որ «արժանահաւատ անդամներ» իրեն տեղեկացրել են, որ իրենց կաշառք է առաջարկւել «որոշակի ձեւով» քւէարկելու համար: Նա 64 խորհրդարանականներից մէկն է, որոնք ստորագրել են բանաձեւ՝ կոչ անելով անկախ հետաքննութիւն սկսել այս մեղադրանքների առնչութեամբ:

«Խաւիարային դիւանագիտութեան» մեղադրանքները պտտւել են ԵԽԽՎ-ի դէմ տարիներ շարունակ՝ մեղադրելով Ադրբեջանին դրական ձայների դիմաց գումար եւ շքեղ նւէրներ առաջարկելու համար, գրում է «The Guardian»-ը:

Մեղադրանքները նոր թափ են ստացել, երբ իտալացի դատախազները հետաքննութիւն են սկսել իտալացի պատգամաւոր Լուկա Վոլոնտէի դէմ:

Չնայած ԵԽԽՎ-ի պատգամաւորների մէկ հինգերորդը յունւարին շտապ հետաքննութեան կոչ է արել՝ վեհաժողովի առաջնորդները չեն կայացրել համապատասխան որոշում մարտին տեղի ունեցած նրանց վերջին հանդիպման ժամանակ: Այժմ ճնշումն աւելանում է վեհաժողովի նախագահ Պեդրօ Ագրամունտի նկատմամբ՝ այս ամիս կայանալիք հանդիպմանը համապատասխան հետաքննութեան իրականացումն ապահովելու համար:

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը նախագահի բռնապետութեանը լեգիտիմութիւն հաղորդելու համար:

Նորւեգիայի նախկին վարչապետ եւ Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդը կոչ է արել Ագրամունտին անձնապէս երաշխաւորել «անկախ արտաքին հետաքննական մարմնի ստեղծումը՝ առանց հետագայ յետաձգման»։

Բիլշտրոմը նշել է, որ աներեւակայելի կը լինէր Եւրոպայի խորհրդի համար մերժել անկախ հետաքննութիւն անցկացնելու դիմումը, երբ նա բախւում է «այդքան լուրջ մեղադրանքների»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։