Հա

Քաղաքական

14/12/2017 - 10:50

Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

ԱՐՏԵՕՄ ՏՕՆՈՅԵԱՆ

Իրանագէտ

 

Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

Մայիլեանի հարցազրոյցի հրապարակումը իրանական «Շարղ» օրաթերթում եւ դրանում տեղ գտած ձեւակերպումներն ակնյայտ խորը դժգոհութիւն են առաջացրել Ադրբեջանական Հանրապետութիւնում։ Արդիւնքում արդէն աւելի քան մէկ շաբաթ  ականատես ենք այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան հրահանգով սանձազերծւած հակաիրանական քարոզի, որի  դրա հերթական դրսեւորումներից է նաեւ վերոնշեալ հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ Մայիլեանի հարցազրոյցի համատեքստում հակաիրանական քարոզչութիւն են իրականացնում Ադրբեջանի ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլեւ՝ հասարակական եւ քաղաքական գործիչները, խորհրդարանի պատգամաւորները եւ այլոք։

Վերոնշեալ հակաիրանական հրապարակման մէջ, օրինակ, ադրբեջանցի վերլուծաբաններից մէկն այդ հարցազրոյցը գնահատել է որպէս իրանական կողմի՝ Ադրբեջանի հանդէպ բացայայտ թշնամական դիրքորոշման ցուցադրում, իսկ դրա պատճառները վերլուծելիս՝ կարծիք է յայտնել, որ Իրանին դուր չի գալիս Ադրբեջանի աշխարհիկ կարգը եւ դրանից բխող վտանգները Իրանի թուրքախօս շրջանների համար, հետեւաբար ազդեցիկ «Շարղ» օրաթերթում Մայիս Մայիլեանի հարցազրոյցը դրանով է նաեւ պայմանաւորւած։

Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ Իրանը տարածաշրջանում վարում է բաւական ագրեսիւ եւ վտանգաւոր քաղաքականութիւն, եւ այդ քաղաքականութիւնը դրականօրէն չի ազդելու Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների վրայ։

Ադրբեջանցի պատգամաւորներից մէկն էլ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը Ադրբեջանի զգայուն կէտերից է, եւ եթէ Իրանը շարունակի անտեսել Ադրբեջանի՝ այսպէս կոչւած «տարածքային ամբողջականութեան համար պայքարը» եւ օժանդակի, պատգամաւորի եզրաբանութեամբ, «անջատողական ուժերին», այսինքն՝ Արցախի Հանրապետութեանը, ապա Ադրբեջանը դիմելու է պատասխան քայլերի՝ օգնութիւն տրամադրելով զանազան հակաիրանական հոսանքների։ Ըստ պատգամաւորի՝ Ադրբեջանը կարող է Իրանի կիրառած տարբերակը շուռ տալ հէնց Իրանի դէմ, ինչից առայժմ խուսափում է:

Հակաիրանական քարոզչութեան գործին է լծւել նաեւ Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրութեան ճակատ» շինծու կառոյցի ղեկավարը, որը, մեկնաբանելով Մ. Մայիլեանի հարցազրոյցը, նշել է, որ «Շարղ» օրաթերթում Արցախը՝ որպէս անկախ պետութիւն ներկայացւելու, Իրանի հետ 138 կմ. ձգւող սահման ունենալու, Արցախի՝ այլեւս աշխարհաքաղաքական իրողութիւն հանդիսանալու վերաբերեալ շեշտադրումները, ոչ թէ Իրանի պետական դիրքորոշումն է, այլ միայն՝ որոշ ուժերի, որոնց նպատակը իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները սադրելն է։

Նշւած գործիչը ադրբեջանական լրատւականին տւած իր մեկնաբանութեան մէջ ակնարկել է, որ Իրանում կան ադրբեջանամէտ ուժեր, բացի այդ շրջանառել է այն կեղծ թեզը, որ Իրանում կայ «30 միլիոնանոց ադրբեջանական սփիւռք»՝ սպառնալով Իրանին Ադրբեջանի հանդէպ նմանատիպ քաղաքականութեան շարունակման պարագայում «այդ սփիւռքը ոտքի հանելու հնարաւորութեամբ»։

Պէտք է փաստենք, որ որքան ակտիւանում է Հայաստան-Իրան համագործակցութիւնը, ինչպէս նաեւ՝ արցախեան եւ իրանական առանձին շրջանակների միջեւ փոխգործակցութիւնը, այնքան աւելի բացայայտ է դառնում Ադրբեջանում առկայ հակաիրանականութիւնը՝ ջրի երես հանելով այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան մշակած եւ տեսադաշտում պահւող հակաիրանական ծրագրերի փաթեթը։

Այս համատեքստում տեղին է եւս մէկ անգամ շեշտել, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները Իրանի համար ունեն բացառիկ անվտանգային նշանակութիւն, եթէ հաշւի առնենք, որ իրենց վրայ են կենտրոնացրել եւ պարպում ադրբեջանական քարոզչական զինանոցի ողջ սպառազինութիւնը՝ սահմանափակելով այդ երկրի հակաիրանական ու պանթուրքական քարոզի, նաեւ՝ առարկայական գործողութիւնների հնարաւորութիւնները:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։