Հա

Քաղաքական

30/03/2018 - 08:30

Սերգէյ Շաքարեանց. «ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Իրանը պէտք է կասեցնեն Էրդողանի ախորժակը»

Բոլոր կարգի զարգացումները տարածաշրջանում եւ մերձակայ տարածաշրջաններում տանում են խոշոր բախման. լրագրողների հետ զրոյցում կարծիք յայտնեց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը` անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին:

«alikonline.ir» - Բոլոր կարգի զարգացումները տարածաշրջանում եւ մերձակայ տարածաշրջաններում տանում են խոշոր բախման. լրագրողների հետ զրոյցում կարծիք յայտնեց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը` անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին: Գրում է «yerkir.am»-ը:

«Մարտի սկզբից որոշակի երկրներ պահանջում են թուրքական ագրեսիայի դադարեցում եւ զօրքերի դուրս բերում Սիրիայից: Սա գլխաւոր հարցերից մէկն է լինելու ապրիլի 4-ին կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում (ՌԴ-Իրան-Թուրքիա խմբ.): Այդ պատճառով էրդողանը նկատելիօրէն շտապում է եւ այդ շտապողականութիւնը բերում է նրան, որ նա սկսում է աւելի թոյլ հարեւաններին սպառնալ թէ' յայտարարութիւններով, թէ' գործողութիւններով: Հիւսիսային Սիրիայում արդէն թուրքական զօրքերը շատ վտանգաւոր հեռաւորութեան վրայ են հայաբնակ շրջաններից: Եթէ քրդերի դէպքում Թուրքիայի նախագահը հիմք կամ բացատրութիւն ունի, թէ ինչու է ձգտում քրդերից զտել Հիւսիսային Սիրիան, ապա քրիստոնեաների դէպքում նման հիմք կամ բացատրութիւն որեւէ մէկը չունի»,- նշեց նա:

Քաղաքագէտի խօսքով` աւելի վատ վիճակ կարող է ստեղծւել Հիւսիսային Իրաքի եզդիաբնակ շրջաններում, որտեղ կան նաեւ հայեր, նոյնիսկ` հայաբնակ շրջաններ: «Մենք մի նոր նուրբ վտանգի առջեւ ենք: Պատմականօրէն թուրք-պարսկական պատերազմները միշտ անցել են հայերի հողերով: Հիմա ով շահի, ով յաղթի` տարբերութիւն չկայ, պատերազմական վիճակը բերելու է նրան, որ խաղաղ բնակչութիւնը, բնականաբար, տուժելու է, էլի արտագաղթի, հողեր, տներ լքելու, հումանիտար աղետի հարց է»,- ասաց նա:

Ըստ Շաքարեանցի` դա մեզ հնարաւորութիւն է ընձեռում առնւազն երեք պետութիւններից պահանջել, որ ԱՄՆ-ը, որպէս Թուրքիայի իրական տէր (Թուրքիայի իրական պարտքերի 90%-ի տէրը ԱՄՆ-ն է), Ռուսաստանն ու Իրանը, որպէս Թուրքիայի հետ գործարքի մէջ մտած տէրութիւններ, անյապաղ, ինչ-որ լծակներ օգտագործելով, ճնշեն էրդողանին, որպէսզի նա դադարեցնի բոլոր կարգի ռազմական գործողութիւնները թէ' Հիւսիսային Սիրիայում, թէ' Հիւսիսային Իրաքում:

«Կամ ՌԴ-ն ԱՄՆ-ն ու Իրանը կասեցնում են ցեղասպանութիւնների նոր հնարաւորութիւնը, որովհետեւ Աֆրինի պատմութիւնը ապացուցւած է, որ ցեղասպանութիւն է, կամ էլ այն ժամանակ, երբ հետեւանքներ են գոյանալու, մենք իրաւունք կունենանք մեղադրելու ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ Իրանին, որ նրանք աջակից են եղել Թուրքիային ցեղասպանութիւն իրականացնելու մէջ: Եթէ այդ երեք պետութիւնները չկանգնեցնեն Թուրքիային, ապա ցեղասպանութիւնն անխուսափելի է, Աֆրինն էլ ապացոյցն է»,- յայտարարեց նա:

Շաքարեանցի խօսքով` Հայաստանն իրաւունք ունի պահանջելու այդ երեք պետութիւններից, որ նրանք բոլոր կարգի լծակներն օգտագործեն, որպէսզի կասեցնեն Էրդողանի ախորժակը: «Ինչ եղել է 1915 թւին, նոյնը կարող է կրկնւել հիմա. թուրքը միշտ եղել է յանցաւոր գործիք այլ պետութիւնների ձեռքին, իսկ կազմակերպիչները միշտ մնացել են ստւերում: Բոլորիս յայտնի է` ով է ԴԱԷՇ-ը ստեղծել, մեծացրել շան պէս, թողել, որ յարձակւի Սիրիայի քրիստոնեայ շրջանների վրայ: Հիմա վտանգւած է բոլոր կարգի քրիստոնեաների անվտանգութիւնը»,- ասաց նա:

Իսկ թէ ի՞նչ կարող է անել Հայաստանը, Շաքարեանցն ասաց. «Կարող է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում յարուցել հարց, էլ չեմ ասում` ունենալով երկկողմ յարաբերութիւններ ՌԴ-ի եւ Իրանի հետ, բանագնաց ուղարկել այդ երկրներ, ինչպէս նաեւ այլ կարգի գործողութիւններ կազմակերպել տեղում` Սիրիայում եւ Իրաքում: Հայերը, ինչպէս նաեւ այլ քրիստոնեաներ, պայմանագիր են կնքել «Հեզբոլլահ»-ի հետ, ըստ որի` միմեանց աջակցում են ահաբեկիչների դէմ պայքարում, իսկ այսօրւայ Թուրքիայի գործողութիւնները պետական ահաբեկչութիւնն են»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։