Հա

Քաղաքական

14/05/2018 - 12:10

Թուրքիայում հրապարակւել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

Թուրքիայի բարձրագոյն ընտրական յանձնաժողովը հրապարակել է յունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրութիւններին գրանցւած թեկնածուների վերջնական ցուցակը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալութիւնը, երկրի նախագահի պաշտօնի համար կը մրցեն վեց թեկնածուներ:

«alikonline.ir» - Թուրքիայի բարձրագոյն ընտրական յանձնաժողովը հրապարակել է յունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրութիւններին գրանցւած թեկնածուների վերջնական ցուցակը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալութիւնը, երկրի նախագահի պաշտօնի համար կը մրցեն վեց թեկնածուներ: Գրում է «yerkirmedia.am»-ը:

Թեկնածուներն են՝ գործող նախագահ, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան թեկնածու Ռեջեբ Թայիբ Էրդողանը, «Լաւ» կուսակցութեան առաջնորդ Մերալ Աքշենէրը, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան թեկնածու Մուհարեմ Ինջէն, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցութեան ղեկավար Դողու Փերինչեքը եւ «Սաադեթ» («Երջանկութիւն») կուսակցութեան ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:

Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան միեւնոյն օրը՝ յունիսի 24-ին: Ընտրութիւններով երկրում անցում կը կատարւի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը յայտարարել է, որ նախագահական ընտրութիւններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածութիւնը:

Թուրքիայի քաղաքական ասպարէզում միայն վերջերս՝ 2017 թւականի հոկտեմբերին յայտնւած «Լաւ» կուսակցութիւնը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկայ ընտրութիւններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցութեան նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցրած Մերալ Աքշենէրն ակնկալւում է, որ նախագահական ընտրութիւններում կը լինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կը լինի առաջին կին թեկնածուն, ով կը մրցի նրա դէմ: Էրդողանին լուրջ մրցակցութիւն ցոյց տալու հնարաւորութեան մասին են խօսում մինչ այժմ արւած սոցհարցումների արդիւնքները:

Քեմալական կուսակցութեան թեկնածու Մուհարեմ Ինջէն աւելի վաղ յայտարարել է, որ եթէ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլ լինի եւ ինքն անցած չլինի, ապա աջակցելու է ընդդիմադիր թեկնածուին:

Նշենք նաեւ, որ քրդամետ կուսակցութեան թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թւականի նոյեմբերից գտնւում է Էդիրնէի բանտում: Նա մեղադրւում է «ահաբեկչական խմբաւորում ստեղծելու եւ ղեկավարելու, յանցախմբի քարոզչութիւն իրականացնելու, յանցանքն ու յանցաւորին գովաբանելու» մէջ: Նրա դէմ հարուցւած մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչեւ 142 տարւայ ազատազրկում: Նա Թուրքիայի պատմութեան մէջ առաջին գործիչն է, ով կալանաւորւած լինելով հանդերձ պաշտօնապէս գրանցել է իր նախագահի թեկնածութիւնը:

Դողու Փերինչեքի եւ Թեմել Քարամոլլաօղլուի՝ նախագահի ընտրութիւններում յաղթելու շանսերը գրեթէ զրոյական են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։