Հա

Քաղաքական

06/11/2018 - 09:20

Ամերիկացիների նաւթային էմբարգոն. ԱՄՆ-ը ցուցադրում է, որ է կարող դէմ գնալ բոլորին

Պատժամիջոցների քաղաքականութիւնը, որն այսուհետ ամենուրէք կիրառում է Վաշինգտոնը, աւելի շատ այդ երկրի գործող նախագահի «PR» արշաւն է։

«alikonline.ir» - Պատժամիջոցների քաղաքականութիւնը, որն այսուհետ ամենուրէք կիրառում է Վաշինգտոնը, աւելի շատ այդ երկրի գործող նախագահի «PR» արշաւն է։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

Ահա եկաւ այն օրը, երբ ԱՄՆ-ը պաշտօնապէս գործարկեց Իրանի դէմ պատժամիջոցների երկրորդ փուլը։ Պատժամիջոցներ, որոնք ինչպէս խոստացել են Վաշինգտոնում, պէտք է «պատառ-պատառ անեն իրանական տնտեսութիւնը»։

Ի դէպ, ծանօթ ձեւակերպումներ են, այնպէս չէ։ Յիշում ենք, որ Օբամայի վարչակազմի աշխատակիցներն այդպէս էին բնութագրում Ռուսաստանի դէմ պատժամիջոցները Ղրիմի հանրաքւէից յետոյ։

Այսօր յանկարծ ստացւում է, որ այդ հակառուսական պատժամիջոցների պատճառով առաջին հերթին տուժել են ոչ թէ ռուսները, այլ ամերիկացիների ամենամօտ դաշնակիցները` եւրոպացիները։ Իսկ դա աւելորդ անգամ վկայում է, որ պատժամիջոցների քաղաքականութիւնը, որը վերջին շրջանում բացայայտ կերպով չարաշահում է Վաշինգտոնը, ընդամենը իւրայատուկ «PR» քայլ է։

Ինչպէս ասել է այսօր ռուս նահանգապետ Ալեքսէյ Պուշկովը, «ընդամենը շատ աղմուկ եւ պաթոս», քանի որ իրանական նաւթը շարունակում են գնել ոչ միայն ութ երկրներ, որոնց մասին ասել են ամերիկացիները, այլ նաեւ միւսները։

Այնպէս որ ստացւում է, որ հակաիրանական պատժամիջոցների այդ երկրորդ փուլն ընդամենը «Թրամփի ոճով նոր շոու է»։

«Սկսւել է ֆանֆարաներից, բայց ԱՄՆ-ի մօտ չի ստացւի նաւթային բոյկոտ»,- գրել է Պուշկովը իր «Twitter»-ում։

Աւելին, նախօրէին մի շարք արեւմտեան վերլուծական պարբերականներ հետաքրքիր թւեր են հրապարակել` կապւած պատժամիջոցների հետ, որոնցով ամերիկացիները «պատւել» են Ռուսաստանին։

Եթէ դատենք այդ թւերից, ապա այսօր Ռուսաստանի դէմ ԱՄՆ-ի ընդունած պատժամիջոցները աւելի քան լուրջ ֆինանսական հարւած են հասցնում եւրոպական պետութիւններին։

Օրինակ, Գերմանիան ամէն ամիս կորցնում է մօտ եօթ հարիւր միլիոն դոլար։ Դա լուրջ թիւ է, յատկապէս, եթէ հաշւի առնենք, որ դա ընդամենը վնասի ընդհանուր գումարի 40 տոկոսն է` հասցւած Եւրոպային պատժամիջոցների հետեւանքով։

Այնպէս որ, երբ խօսում են ամերիկեան պատժամիջոցների քաղաքականութեան մասին` ուղղւած այս կամ այն պետութեան դէմ, անպայման պէտք է հաշւի առնել նաեւ հակառակ արդիւնքը, որից տուժում են ԱՄՆ-ի կողմնակիցներն ու դաշնակիցները։

Վաշինգտոնի դէմ խաղում են նոյնիսկ ՆԱՏՕ-ում նրա կողմնակիցները եւ դաշնակիցները։

Այդ պատճառով Եւրոմիութիւնը բաւական կոշտ ելոյթ է ունեցել ամերիկեան պատժամիջոցների դէմ։ Եւ ոչ միայն Եւրոմիութիւնը եւ եւրոպական պետութիւնները։

Նոյեմբերի 5-ին, երբ Վաշինգտոնը պաշտօնապէս յայտարարեց Իրանի դէմ ուղղւած իր պատժամիջոցների քաղաքական երկրորդ փուլի մեկնարկի մասին, բաւական կտրուկ արձագանգ եղաւ միւս պետութիւններից։

Օրինակ, Չինաստանից ասացին, որ հնարաւոր ամէն ինչ կանեն, որպէսզի Իրանի «նեարդերը տեղի չտան» եւ Թեհրանը յանկարծ դուրս չգայ միջուկային գործարքից։

«Չինաստանն ափսոսում է ԱՄՆ-ի որոշման համար։ Մենք նաեւ ուշադրութիւն ենք դարձրել, որ միջազգային հանրութեան անդամները դէմ են արտայայտւել միակողմանի պատժամիջոցներին եւ էքստերիտորիալ իրաւասութեանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունինը։

Նոյն կարծիքին է նաեւ Ռուսաստանի դաշնութիւնը, որը մտադիր է հնարաւոր ամէն ինչ անել, որպէսզի Իրանի հետ գործարքը չտապալւի։

Ռուսաստանը Չինաստանի եւ եւրոպական գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կը գործադրի իրանական միջուկային գործարքի արդիւնաւէտ եւ կայուն զարգացման համար, յայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպութիւններում եւ ՄԱՏԱԳԷ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը։ Նա ամերիկացիների նման պահւածքն անւանել է «անհեթեթ եւ վտանգաւոր»։

Աւելին, գործարքի բոլոր կողմնակիցները (ներառեալ ամերիկացիները) հասկանում են, որ նոյնիսկ իրանական նաւթի վրայ լիարժէք էմբարգո սահմանելու փորձը կարող է բացասաբար անդրադառնալ էներգակիրների համաշխարհային շուկայի վիճակի վրայ։

Իրանին վերաբերող «նաւթային պատժամիջոցների» դէմ ելոյթ է ունեցել նաեւ Թուրքիան։ Այդ երկրի փոխնախագահ Ֆուատ Օտկայը բաւական կտրուկ է արտայայտւել` հասկացնելով, որ առանց համաշխարհային հանրութեան հետ համաձայնեցման միակողմանի պատժամիջոցներ ընդունելը հակասում է արդարութեան սկզբունքներին։

Պարզւում է, որ Անկարան արդէն պաշտօնապէս նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ բոլորովին մտադիր չէ կապերը խազել այնպիսի հեռանկարային առեւտրային գործընկերոջ հետ, ինչպիսին Իրանն է։

Պատժամիջոցների տակ յայտնւած երկրների պահւածքը, վերջին հաշւով, ոչ մի արտառոց բանով աչքի չի ընկնում։ Ի սկզբանէ հասկանալի էր, որ Թեհրանը կոշտ դիրքորոշում կը զբաղեցնի Վաշինգտոնի նկատմամբ, առաւել եւս երկրների աջակցութեան ֆոնին, որոնք ոչ միայն լրջօրէն կախւած են նրան նաւթային առաքումներից (Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա), այլ նաեւ նրանցից, որոնք հնարաւոր ամէն ինչ անում են, որպէսզի պահպանեն միջուկային գործարքը։

Դա միայն Ռուսաստանը չէ. կան նաեւ եւրոպական պետութիւններ՝ առնւազն Ֆրանսիան եւ Գերմանիան։ Հէնց այդ պատճառով իրանական բարձրաստիճան պաշտօնեաները բաւական կտրուկ են արտայայտւում ամբիոններից։

Իրանի նախագահ Ռոհանին, օրինակ, հերթական անգամ կտրուկ է արտայայտւել ամերիկացիների հետ նոր բանակցութիւններ սկսելու վերաբերեալ։

Դրանք կարող են սկսւել միայն մի դէպքում, եթէ ԱՄՆ-ը սկսի կատարել իր պարտաւորութիւնները 2015 թ.-ին ստորագրւած իրանական միջուկային գործարքի համաձայն։ Եւ ոչ մի րոպէ աւելի շուտ։

Աւելին, Իրանի նախագահը վստահ է, որ իր երկիրը ցանկացած պայմանի դէպքում նաւթ կը վաճառի էներգակիրների միջազգային շուկայում։ Եւ ամերիկացիները ջանքերը չեն կարող դրան խանգարել։ Դա սպասելի էր։

Սպասելի էր նաեւ այն, որ Վաշինգտոնը, ներկայացնելով Իրանի դէմ պատժամիջոցների նաւթային փուլը, վստահեցրեց, որ իրեն արդիւնքում կը յաջողւի իրանական նաւթի առաքումները հասցնել զրոյի։ Միայն ժամանակ է պէտք։

Մօտաւորապէս այդ ոգով էր պետքարտուղար Պոմպէոն ելոյթը, որում նա յայտարարեց, որ ԱՄՆ-ը ոչ մեծ «միջանցք» է թողնում նրանց համար, ովքեր կախւած են իրանական նաւթից։

Այդ ութ պետութիւնների անունները չի նշւում, սակայն ենթադրւում է, որ խօսքը Թայւանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարաւային Կորէայի, Իտալիայի, Թուրքիայի եւ ԱՄԷ-ի մասին է։

Պոմպէոն պնդում է, որ իրանական նաւթի արտահանման ծաւալն արդէն անկում է ապրել՝ օրական երկուսուկէս միլիոն բարելից իջնելով մէկ միլիոնի։ Դեռ հասկանալի չէ, թէ որքանով է դա համապատասխանում իրականութեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։