Print this page
12/01/2019 - 10:30

Սաֆրաստեան. «2019-ին քրդերը կը ստանան բաւականին մեծ ինքնավարութիւն Սիրիայի կազմում»

Սիրիայում գործողութիւնների փուլի աւարտի մասին խօսելը դեռ վաղ է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ նշելով, որ իր կասկածներն այս հարցում հիմնաւոր են, քանի որ թուրքական զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որպէսզի հերթական անգամ մտնի Սիրիա։

«alikonline.ir» - Սիրիայում գործողութիւնների փուլի աւարտի մասին խօսելը դեռ վաղ է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ նշելով, որ իր կասկածներն այս հարցում հիմնաւոր են, քանի որ թուրքական զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որպէսզի հերթական անգամ մտնի Սիրիա։ Գրում է «Yerkir.am»-ը:

Ըստ թուրքագէտի՝ հասկանալու համար, թէ ինչպիսի զարգացումներ կը լինեն, պէտք է ընդլայնել վերլուծութիւնների դաշտը եւ այդ շրջանակում դիտարկել այն խնդիրները, որոնք առկայ են թուրք-ամերիկեան յարաբերութիւններում՝ Թուրքիային ամերիկեան «Patriot» ՀՕՊ համակարգի վաճառք, ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգի մատակարարում:

«Սա գնալով աւելի լուրջ խնդիր է դառնում թուրք-ամերիկեան յարաբերութիւններում, քանի որ ամերիկացիները պահանջում են, որ Թուրքիան հրաժարւի գործարքից, բայց Թուրքիան արդէն սկսել է ՌԴ-ի հետ այդ գործարքի իրականացումը եւ ֆինանսական միջոցների մի մասն արդէն փոխանցել ռուսական կողմին: Ամերիկացիները փոխարէնը խոստանում են տրամադրել «Patriot» համակարգերը, սակայն Թուրքիան շահագրգռւած է երկուսն էլ ունենալ»,- ասաց Սաֆրաստեանը՝ նշելով, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ մեծ առեւտուր է տեղի ունենում, եւ որ այս «առեւտրային» դիւանագիտութիւնը միշտ էլ յատուկ է եղել Թուրքիային, պարզապէս վերջին տարիներին աւելի ինտենսիւ է դարձել:

«Եւ այս ընդհանուր պատկերի մէջ սիրիական զարգացումների գնահատականը կախւած կը լինի այս առեւտրային գործընթացից»,- շեշտեց արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնը՝ միաժամանակ յաւելելով, որ Թուրքիան որոշակի զիջումներ կանի ԱՄՆ-ին, եւ սիրիական ճգնաժամը հնարաւոր է զարգանայ այն ուղղութեամբ, որ Թուրքիայի դերը ճգնաժամի այս փուլում թուլանայ։

«Սա նշանակում է, որ 2019-ին աւելի լաւ հնարաւորութիւններ են բացւում Սիրիայում կարգաւորման համար, մասնաւորապես՝ Սիրիային ֆինանսական օգնութիւն ցուցաբերելու հարցում, որն արդէն շատ կարեւոր է դառնում: Եւ այստեղ հետաքրքիր է ԱՄՆ-ի այն յայտարարութիւնը, որ Սաուդական Արաբիան պատրաստ է ֆինանսական օգնութիւն ցուցաբերել Սիրիայի վերականգնման համար: Երկրորդ՝ 2019-ին որոշակի լուծում կը գտնի նաեւ քրդական հարցը Սիրիայում, ինչը ենթադրում է, որ քրդերը կստանան բաւականին մեծ ինքնավարութիւն Սիրիայի կազմում. մինչ այս Սիրիայի Սահմանադրութիւնը չի ճանաչել ոչ մի ինքնավարութիւն»,- մանրամասնեց Սաֆրաստեանը՝ լրացնելով, որ տարածքային առումով քրդական ինքնավարութիւնը սահմանափակումներ կունենայ, այսինքն՝ այն տարածքները, որոնք գտնւում են քրդական վերահսկողութեան տակ, բայց այնտեղ աւելի շատ արաբներ են ապրում, քան քրդեր, կը վերադարձւեն Սիրիայի իշխանութեանը:

Յարակից լուրեր