Հա

Քաղաքական

06/04/2019 - 12:50

Գոլանի բարձունքները` նախադէ՞պ. ի՞նչ ակնկալել

Օրերս ԱՄՆ նախագահ Թրամփը յայտարարեց, որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում ճանաչել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայէլ պետութեան սուվերենութիւնը։ Չյապաղեց Իսրայէլի վարչապետ Նեթանեահուի արձագանգը. նա ֆէյսբուքեան իր բլոգում շնորհակալութիւն յայտնեց Թրամփին նման որոշման համար։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Օրերս ԱՄՆ նախագահ Թրամփը յայտարարեց, որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում ճանաչել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայէլ պետութեան սուվերենութիւնը։ Չյապաղեց Իսրայէլի վարչապետ Նեթանեահուի արձագանգը. նա ֆէյսբուքեան իր բլոգում շնորհակալութիւն յայտնեց Թրամփին նման որոշման համար։

Իսրայէլական եւ արտասահմանեան մի շարք լրատւամիջոցներ, հիմնւելով տարբեր կառավարական անանուն աղբիւրների վրայ, նշում էին, որ առաջիկայ շաբաթւայ ընթացքում Վաշինգտոնն արդէն կարող է պաշտօնապէս յայտարարել Միացեալ Նահանգների կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայէլի սուվերեն իրաւունքի ճանաչման մասին։ Ինչպէս եւ այլ յայտարարութիւնների մասով (Երուսաղէմը Իսրայէլ պետութեան մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ դեսպանութիւնը Թէլ Աւիւից Երուսաղեմ տեղափոխելը), Գոլանի բարձունքների վերաբերեալ Թրամփի յայտարարութիւնը նոյնպէս ամրագրւեց դէ իւրէ՝ Թրամփի` մարտի 25-ի համապատասխան որոշմամբ։

Խորհրդանշական էր այն, որ այդ որոշման ստորագրման արարողութեանը մասնակցում էին Իսրայէլի վարչապետ Նեթանեահուն, ինչպէս նաեւ Թրամփի աւագ խորհրդական Ջերարդ Քուշնէրը, որը կարեւոր դեր է ունեցել վերջին շրջանում ԱՄՆ-Իսրայէլ համագործակցութեան խորացման համատեքստում։

Նախագահ Թրամփի յայտարարութեան հետ կապւած միջազգային հանրութեան արձագանգը բաւական բացասական էր։ Քննադատական յայտարարութիւններով հանդէս եկան ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը, ինչպէս նաեւ Սիրիան ու Իրանը։ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Գուտերէշը մասնաւորապէս նշեց. «ՄԱԿ-ն առաջնորդւում է Անվտանգութեան խորհրդի որոշումներով, որոնց համաձայն` Գոլանի բարձունքները Իսրայէլի կողմից գրաւեալ տարածքներ են»։ Իրանի հոգեւոր առաջնորդի` արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի դիտարկմամբ` «այս որոշմամբ Թրամփը ձգտում է ամրապնդել Նեթանեահուի դիրքերը երկրում նախատեսւող խորհրդարանական ընտրութիւններում»։ Յայտարարութեամբ հանդէս եկաւ նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ընդգծելով, որ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրաւունքին։ Դատապարտող յայտարարութիւններով են հանդէս եկել նաեւ Սաուդական Արաբիայի եւ Թուրքիայի արտգործնախարարութիւնները։

Համառոտ պատմական անդրադարձ կատարենք Գոլանի բարձունքների իրաւական, ռազմա-քաղաքական գործընթացներին։ Այսպէս` 1944 թւականից Գոլանի բարձունքները պատկանում էին Սիրիային՝ ներառւելով այդ երկրի Կունէյտրա շրջանում։ Գոլանի բարձունքների այդ կարգավիճակը պահպանւեց մինչեւ 1967 թ.։ Վեցօրեայ պատերազմի արդիւնքում Գոլանի բարձունքների արեւմտեան հատւածը, որը կազմում էր այդ տարածքի 2/3 մասը, անցաւ Իսրայէլ պետութեան վերահսկողութեան ներքոյ։ Իսրայէլի Քնեսետը 1981թ. Գոլանի բարձունքների մասին օրէնք ընդունեց, որով միակողմանիօրէն ճանաչեց բարձունքների նկատմամբ Իսրայէլ պետութեան սուվերենութիւնը։ Նշենք, որ ՄԱԿ-ը, սակայն, այդպէս էլ չճանաչեց այդ որոշումը։

Գոլանի բարձունքների որոշ շրջաններ շարունակում են մնալ Սիրիայի վերահսկողութեան տակ։ Գոլանի բարձունքներում Սիրիայի ու Իսրայէլի միջեւ բաժանարար գիծն անցնում է ապառազմականացւած գօտիով, որը գտնւում է ՄԱԿ-ի մանդատի ներքոյ։ Ապառազմականացւած գօտում ՄԱԿ-ի մանդատը տարածւում է Գոլանի բարձունքների՝ թէ՛ Իսրայէլի, թէ՛ Սիրիայի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։ Սիրիական ճգնաժամի տարիներին, սակայն, այդ տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելութիւնը խաթարւել էր, քանի որ դրանք անցել էին ահաբեկիչների վերահսկողութեան տակ։ 2018 թ. օգոստոսի կէսերից հնարաւոր եղաւ Գոլանի բարձունքներում վերահաստատել ՄԱԿ-ի առաքելութեան գործունէութիւնը։

Կրկին անդրադառնալով ընթացիկ զարգացումներին` նշենք, որ Թրամփի այս յայտարարութիւնն իսկ, անկախ դրա իրաւական հիմնաւորումից, տարածաշրջանի անվտանգութեան տեսանկիւնից լուրջ մարտահրաւէրներ է պարունակում։ Խնդիրը նախեւառաջ այն է, որ Թրամփի որոշումը կարող է յանգեցնել նրան, որ Գոլանի բարձունքների ապառազմականացւած գօտու իսրայէլական հատւածից դուրս բերւեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ Աւելին` 2018 թ. ամռանը Գոլանի բարձունքների մինչապառազմականացւած գօտու սիրիական հատւածում վերահսկողական առաքելութեամբ դիրքաւորւեցին նաեւ ՌԴ ռազմական ոստիկանական ուժերը։ Այս ամէնի արդիւնքում սեղմւում է Գոլանի բարձունքներում Իսրայէլի ու Սիրիայի միջեւ (եւ ոչ միայն նրանց միջեւ) ուղիղ ռազմական շփման օղակը, ինչը կարող է նոր լարւածութեան, բախումների յանգեցնել կողմերի միջեւ։ Միւս կողմից՝ այն կարող է վերջնականապէս տապալել պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման` Սպիտակ տան կողմից մշակւած փաթեթ-առաջարկը, որը նախատեսւում էր ներկայացնել հակամարտող կողմերին Իսրայէլում ապրիլի 9-ին նշանակւած խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Եւ վերջապէս, այդ որոշումը կարող է նոր բախումների ալիք բարձրացնել Սիրիայում Իրան-Իսրայէլ դիմակայութիւնում ներգրաււած այլ տարածաշրջանային շահերի միջեւ: Արդէն իսկ նկատւում է սրացման միտում պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնում։ Օրերս Գազայի հատւածից հրթիռակոծութեան էին ենթարկւել Իսրայէլի կենտրոնական շրջանները, այդ թւում` Թէլ Աւիւը։

Մինչ Թրամփի յայտարարութիւնը` տեղի ունեցաւ եւս մէկ կարեւոր խորհրդանշական զարգացում, այն է՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրաւունքների գծով վերջին զեկոյցում Գոլանի բարձունքները սահմանւեցին որպէս «Իսրայէլի կողմից վերահսկւող տարածքներ», այն դէպքում, երբ նախորդ զեկոյցներում հանդիպում էինք «Իսրայէլի կողմից գրաւեալ տարածքներ» ձեւակերպմանը։ Աւելին` խորհրդանշական էր վերջերս, Նեթանեահուի ուղեկցութեամբ, ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի եւ Իսրայէլում ԱՄՆ դեսպան Դէյւիդ Ֆրիդմանի կատարած այցը Գոլանի բարձունքներ։ Լինդսի Գրեմը հանդէս եկաւ նաեւ յայտարարութեամբ՝ նշելով. «Գոլանի բարձունքները գտնւել են ու միշտ էլ գտնւելու են Իսրայէլ պետութեան իշխանութեան ներքոյ։ Իմ այցելութեան նպատակն է փորձել դա բացատրել Թրամփի վարչակազմին»։

Յաւելենք, որ նշեալ միտումները դեռեւս նկատելի էին նախորդ տարւայ ամռանը, երբ Իսրայէլն ու Ռուսաստանը եկան փոխհամաձայնութեան՝ իսրայէլա-սիրիական անմիջական սահմանից Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի եւ «Հըզբոլլահ» շարժման ռազմական ուժերը դէպի Սիրիայի խորքերը տեղափոխելու հարցում:

Նշենք, որ այս ամէնի արդիւնքում տրամաբանօրէն կը կոշտանայ նաեւ Իրանի դիրքորոշումը, ինչը կանդրադառնայ Սիրիայում իրանական գործօնի ռազմական մարտավարութեան վրայ։

 

Գոլանի բարձունքները նախադե՞պ. ի՞նչ ակնկալել

Ի սկզբանէ նշենք, որ հաւանականութիւնը շատ փոքր է, որ Թրամփի որոշումը կարող է դառնալ նախադէպ այլ հակամարտութիւնների, այդ թւում՝ Արցախեան հակամարտութեան համար։ Այն պարզ պատճառով, որ դրանք լրիւ այլ իրողութիւններ են, ընթանում են այլ տարածաշրջաններում, որտեղ ռազմաքաղաքական ու անվտանգային մեխանիզմներն ունեն այլ իրաւաքաղաքական, ռազմաքաղաքական տրամաբանութիւն։ Պատճառներից առանձնացնենք նաեւ ազգային, հակամարտութեան ներքին՝ սոցիալ-հոգեբանական եւ այլ առանձնայատկութիւնները։

Ժամանակին խօսւում էր Կոսովոյի, յետոյ՝ Աբխազիայի ու Հարաւային Օսիայի, Ղրիմի նախադէպերի՝ այլ հակամարտութիւնների ուղղութեամբ պրոյեկտման հնարաւորութեան մասին, սակայն ակնյայտ էր, որ դրանք որեւէ կիրառութիւն չէին կարող ստանալ։ Դիցուք` Կոսովոյի նախադէպը մինչ օրս որեւէ դէպքում կիրառութիւն այդպէս էլ չգտաւ, նոյնը վերաբերում է նաեւ ՌԴ-ի կողմից Աբխազիայի անկախութեան ճանաչման հարցին: Կան հակամարտութիւնների ներքին, բնիկ, պատմամշակութային առանձնայատկութիւններ ու այլ գործոններ: Այդ առումով բացառութիւն չէ նաեւ Գոլանի բարձունքների շուրջ ստեղծւած իրավիճակը։

Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայէլի սուվերենութեան իրաւունքի ճանաչումն ինքնին, որպէս երեւոյթ, իր բացառիկութեամբ նախադէպային է, սակայն այն չի կարող լինել նախադէպ այլ հակամարտութիւնների համար։ Այլ հարց է` հայկական կողմը կարո՞ղ է այստեղ ստանալ քաղաքական դիւիդենդներ, թէ՞ ոչ: Կարծում ենք` այո։ Նախ` այն առումով, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրաւունքների վերջին զեկոյցում Իսրայէլի կողմից «գրաւեալ Գոլանի բարձունքները» ձևակերպումը փոխարինւեց Իսրայէլի կողմից «վերահսկւող Գոլանի բարձունքները» տարբերակով։ Էականն այն է, որ մեսիջը հնչում է մարդու իրաւունքներին առնչւող զեկոյցում։ Այստեղ, իհարկէ, ունենք քաղաքական-դիւանագիտական, տեղեկատւական հնարաւորութիւններ` բարձրաձայնելու, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ դրա իրացման ժողովրդավարական պահանջը բխում է նախեւառաջ մարդու իրաւունքների ու անհատի հիմնարար ազատութեան սկզբունքից։ Սա հրատապութիւն ենթադրող հիմնահարց է, որն անհրաժեշտ է տարբեր օղակներով ձեւակերպել որպէս հայ-ամերիկեան յարաբերութիւնների օրակարգային հարց: Աւելին, Թրամփի հաւատիացմամբ, այդ որոշման համար որպէս հիմք է ընդունւում այն, որ Գոլանի բարձունքները անվտանգային գօտի են Իսրայէլի համար։

Յաւելենք, որ այս որոշումը Իսրայէլի համար կարճաժամկէտ առումով դիւանագիտական յաջողութիւն էր, սակայն միջնաժամկէտ ու երկարաժամկէտ տեսլականով այն եւ՛ս մէկ յանգուցային խնդիր աւելացրեց Իսրայէլի պաշտպանական անվտանգութեան համար` այդ թւում անորոշ ժամանակով յետաձգելով պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման հնարաւրութիւնը։ Նախագահ Թրամփի համար այդ որոշումը կարեւոր էր ԱՄՆ գալիք նախագահական ընտրութիւններում տեղի ազդեցիկ հրեական համայնքի աջակցութիւնը ակնկալելու առւմով։ Որոշումը, թերեւս, էական նշանակութիւն ունէր Նեթանեահուի համար երկրում ապրիլի 9-ին նախատեսւող խորհրդարանական ընտրութիւններում հանրային աջակցութեան, քաղաքական դաշտում դիրքերն ամրապնդելու համար։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

  • ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել
    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել

    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել: Այս մասին համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։