Հա

Քաղաքական

15/05/2019 - 14:50

«ԱՄՆ-ն ամէն կերպ փորձում է մեկուսացնել Իրանին, բայց նաեւ հաշւի է առնում ՀՀ-ի շահերը». Սաֆրաստեան

Կան թոյլ նախանշաններ, որոնք վկայում են ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հնարաւոր երկխօսութեան մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, արեւելագէտ-թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի Սոչի կատարած այցը:

«alikonline.ir» - Կան թոյլ նախանշաններ, որոնք վկայում են ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հնարաւոր երկխօսութեան մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, արեւելագէտ-թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի Սոչի կատարած այցը: Գրում է «Yerkir.am»-ը:

Այս համատեքստում Սաֆրաստեանն անդրադարձաւ ամերիկեան մամուլում շրջանառւած տեղեկութեանը, թէ ԱՄՆ-ն պատրաստւում է 120 հազար զինւորական ուղարկել տարածաշրջան՝ նշելով, որ այն իրատեսական չէ, եւ որ ՆԱՏՕ-ն էլ չի ձգտում յաւելեալ ակտիւութիւն ցուցաբերել Մերձաւոր Արեւելքում:

«Յայտարարւել է, որ ամերիկացիներն ուժեղացնում են իրենց ռազմածովային ուժերը, որոնք տեղակայւած են Իրանի երկայնքով: Կարծում եմ, որ այս հաղորդագրութիւններին պէտք է մօտենալ հետեւեալ տեսանկիւնից, այն է՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանը չեն ցանկանում պատերազմ: Ամերիկացիները նպատակ ունեն ուժեղացնել ճնշումը Իրանի ղեկավարութեան վրայ՝ փորձելով հասնել որոշակի փոփոխութիւնների արտաքին քաղաքականութեան բնագաւառում, իսկ 120 հազար զինւոր տեղակայելը մեծ ծախսեր է պահանջում, ռեսուրսներ, երկրորդ՝ Թրամփն ամէն կերպ փորձում է ամերիկեան զօրքերը դուրս բերել տարբեր տարածաշրջաններից, ուստի սա մօտ ապագայում իրական չի, այսինքն՝ այս տեղեկութիւնը զուտ հոգեբանական ճնշում է: Իրանի ղեկավարութիւնն իր հերթին ամէն ինչ անում է, որ պահպանի ամենակարեւոր նվւճումը՝ ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն վարելը: Ես համոզւած եմ, որ պատերազմի մասին խօսելը շատ վաղ է, եւ Իրանի ղեկավարութիւնը ամերիկեան ճնշումներին չի տրւի եւ կը շարունակի իր անկախ արտաքին քաղաքականութիւնը»,- նշեց նա: 

Յիշեցմանը, որ դեռեւս անցած տարի Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ «հայ-իրանական սահմանը դէ ֆակտօ ամէն պահի կարող է փակւել՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով», Սաֆրաստեանը շեշտեց, որ այդ հեռանկարն իրական կը դառնայ, եթէ սկսւեն լայնածաւալ ռազմական գործողութիւններ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ Իրանի միջեւ: 

«Եթէ չլինի պատերազմ, սահմանը չի փակւի: Այո, ԱՄՆ-ն ամէն կերպ փորձում է մեկուսացնել Իրանին, բայց նաեւ հաշւի է առնում ՀՀ-ի շահերը, որ Իրանի հետ սահմանն ունի կենսական նշանակութիւն: Ես կարծում եմ, որ պատժամիջոցները եւ ճնշումներն ուժեղացնելու քաղաքականութեան ընթացքում ԱՄՆ-ն հաշւի կառնի ՀՀ-ի շահերը»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ապա, ըստ արեւելագէտի, Իդլիբի նահանգում լարւածութիւնը որոշ չափով աճել է, եւ Սիրիայի կառավարութիւնը սկսել է աւելի նպատակասլաց ճնշում գործադրել Իդլիբում տեղակայւած ապստամբ ուժերի վրայ, որոնք գնալովաւելի ու աւելի են ընկնում ծայրահեղականների՝ ԴԱԷՇ-ի եւ նրա հետ կապւած կազմակերպութիւնների ազդեցութեան տակ:

«Թուրքիան ամէն կերպ պաշտպանում է այդ կազմակերպութիւններին եւ պահանջում է, որ Ռուսաստանը չօժանդակի Սիրիայի իշխանութիւններին: Եթէ սրւի իրադրութիւնը, ապա կարող է ազդեցութիւն ունենալ Սիրիայի խնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի վրայ, ինչպէս յայտարարում է Էրդողանը»,- շեշտեց նա:

Չանտեսելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները՝ թուրքագէտն ասաց, որ Թուրքիայի ներքաղաքական կեանքում նոր խմորումներ են ձեւաւորւում:

«Կառավարող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ընդերքում հասունանում է դժգոհութիւն Էրդողանի վարած քաղաքականութեան եւ նրա անձի դէմ: Եւ կան հաղորդագրութիւններ, որ հնարաւոր է 30 պատգամաւոր յայտարարեն «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից դուրս գալու մասին: Միւս կողմից՝ մի շարք ղեկավար գործիչներ, որոնք Էրդողանի կողմից դուրս էին մղւել կուսակցութեան ղեկավարութիւնից՝ Դաւութօղլուն, Բաբաջանը, Գիւլը, փորձում են ստեղծել նոր կուսակցութիւն, որը, ենթադրւում է՝ արդէն այս ամառ կը յայտարարի իր գոյութեան մասին: Թուրքիայի ներքին քաղաքական կեանքում կարեւոր դերակատարում են ստանում Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրութիւնները, որոնք տեղի են ունենալու յունիսի 23-ին, եւ եթէ Էրդողանի կուսակցութիւնը եւ նա պարտութիւն կրեն, ապա կը նշանակի, որ նրա դիրքերը թուլանում են, ինչը նոր խթան կը հանդիսանայ ներքաղաքական խմորումների համար»,- ընդգծեց նա:

Սաֆրաստեանի խօսքով, Թուրքիայի կարեւորագոյնը խնդիրները երկուսն են՝ հասարակութեան տարբեր շերտերի վրայ շարունակւող ճնշումները, երկրորդ՝ խորացող տնտեսական ճգնաժամը, որն ուղեկցւում է մեծ սղաճով, եւ ամերիկեան հետազօտողների հաշւարկները ցոյց են տալիս, որ իրական սղաճը երկու անգամ աւելի է, քան ցոյց են տալիս պաշտօնական տւեալները՝ մօտ 43 տոկոս:

«Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը մտահոգիչ է դառնում թուրքական տարբեր շրջանակների եւ քաղաքական ուժերի համար. մի կողմից Թուրքիան փորձում է երկակի խաղ խաղալ եւ ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրայ՝ օգտագործելով իր մերձեցումը ՌԴ-ի հետ, միւս կողմից բոլորը հասկանում են, որ ՌԴ-ի հետ մերձենալու համար ռազմավարական առումով նախադրեալներ չկան: Սա արդէն վտանգաւոր խաղ է դառնում, որը կարող է հեռու գնալ եւ վտանգել, առհասարակ, Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական դրութիւնը: Ըստ այդմ՝ ես կարծում եմ, որ ամռանը Թուրքիայում կը լինեն ներքին քաղաքական կարեւոր խմորումներ»,- ամփոփեց Սաֆրաստեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։