Հա

Քաղաքական

10/06/2019 - 10:30

Ինչո՞ւ Թուրքիան չի հրաժարւում ռուսական «S-400» համակարգերից

Ռուսական «S-400» համակարգերի գնման հարցում Թուրքիայի ղեկավարութեան կոշտ դիրքորոշումը հիմնւած է որոշակի հետաքրքրութիւնների վրայ, համարում է քաղաքական անվտանգութեան ոլորտում փորձագէտ Ուլրիհ Քունը:

«alikonline.ir» - Ռուսական «S-400» համակարգերի գնման հարցում Թուրքիայի ղեկավարութեան կոշտ դիրքորոշումը հիմնւած է որոշակի հետաքրքրութիւնների վրայ, համարում է քաղաքական անվտանգութեան ոլորտում փորձագէտ Ուլրիհ Քունը: Այս մասին ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Deutsche Welle»-ն:

«Այդ գործարքը պէտք է դիտարկել որպէս շախմատային դիւանագիտական քայլ»,- նշում է փորձագէտը: Նրա կարծիքով՝ Թրամփի վարչակազմը շատ զայրացրել էր Էրդողանին, երբ հրաժարւել էր արտայանձնել քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնին:

Բացի այդ, ԱՄՆ-ը որպէս դաշնակից Սիրիայում եւ Իրաքում ընտրել են քուրդ ապստամբներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ: «Թուրքիան որպէս աշխարհագրական առումով կարեւոր տրանզիտային պետութիւն, կարող է պաշտպանել իր շահերը»,- պարզաբանում է Քունը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ գործարքն արդարացւած է նաեւ ռազմական տեսանկիւնից. «Այդ համալիրները կը տեղակայւեն այնտեղ, որտեղ անվտանգութեան իրավիճակն անկայուն է: Օրինակ՝ Թուրքիայի հարավային սահմանն անվտանգ չէ»: Չնայած հարեւան երկրներից ոչ մէկը չի պատրաստւում հարւածել Թուրքիայի ուղղութեամբ:

Բացի այդ, ռուսական սպառազինութիւնների ձեռքբերումն ունի նաեւ այլ նշանակութիւն: «Թուրքիան չի կարող իր համար հասանելի դարձնել նոր տեխնիկան: Ռազմական անձնակազմը կը վերապատրաստւի: Անկարան կը ստանայ լիցենզիա եւ մի օր, հնարաւոր է, կը սովորի ինքնուրոյն արտադրել զենիթա-հրթիռային համալիրի տարրերը»,- շարունակում է անվտանգութեան քաղաքականութեան ոլորտի փորձագէտը:

Թուրքիայի ղեկավարութիւնը հիմնաւորում է «S-400» ձեռբերելու անհրաժեշտութիւնը՝ հիմք ընդունելով առաւելապէս ռուսական առաջարկի կոմերցիոն գրաւչութիւնը: Ամերիկեան «Patriot» համալիրները Անկարան համաձայնել էր ձեռքբերել միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնն առաջարկել էր Ռուսաստանի պէս լաւ պայմաներ, յայտարարել է այս շաբաթ նախագահ Էրդողանը: 2.5 մլրդ. արժողութեամբ ռուսական «S-400»-ը շատ աւելի մատչելի է ամերիկեան «Patriot»-ից եւ համարւում է աւելի ժամանակակից եւ արդիւնաւէտ:

Աւելին, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անհանգստացած են, որ, նախ, «S-400»-ը տեխնոլոգիապէս համատեղելի չէ համակարգերի հետ, որոնք միութիւնը տեղադրել էր Թուրքիայում: Այնուհետեւ, Մոսկւային կարող է հասանելի դառնալ «F-35»-ի մասին գաղտնի տեղեկատվւութիւնը, քանի որ Թուրքիան միաժամանակ կօգտագործի ե՛ւ ռուսական զենիթահրթիռային համակարգերը, ե՛ւ ամերիկեան ինքնաթիռները:

Անկարան կանգնած է երկընտրանքի առջեւ: Եթէ նա զիջի ԱՄՆ-ին, ապա այդ քայլով լրջօրէն կը զայրացնի Մոկւային: Կրեմլը, ինչպէս եւ Միացեալ Նահանգները, կարող է սահմանել տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի դէմ: Որ երկրի կանոններն էլ ընտրի Էրդողանը, ամէն դեպքում նա կարող է ուժեղ զայրացնել միւս կողմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։