Հա

Քաղաքական

06/07/2019 - 14:30

«Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը

Յունիսի 25-ին Բահրէյնում կայացած երկօրեայ միջազգային համաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան յետաձգւած` պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը յայտնի է նաեւ «Դարի գործարք» անւանումով։ Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր՝ պայմանաւորւած Իսրայէլում անցկացւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Յունիսի 25-ին Բահրէյնում կայացած երկօրեայ միջազգային համաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան յետաձգւած` պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը յայտնի է նաեւ «Դարի գործարք» անւանումով։ Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր՝ պայմանաւորւած Իսրայէլում անցկացւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով։ Թէեւ այդ ընտրութիւնների արդիւնքում դեռեւս չի ձեւաւորւել մերձաւորարեւելեան այդ երկրի նոր խորհրդարանը՝ Քնեսեթը, այդուհանդերձ, ԱՄՆ նախագահականում նպատակայարմար գտան հանրայնացնել փաստաթուղթը՝ միայն տնտեսական բաղադրիչով։ Նշենք, որ Սպիտակ տունը պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման առաջարկը նախատեսում է ներկայացնել փուլային տարբերակով. տնտեսական բաղադրիչի ընդունումից յետոյ, թերեւս, կը հրապարակւի փաստաթղթի քաղաքական հատւածը։

Եւ այսպէս` համաժողովին փաստաթղթի տնտեսական բաղադրիչը ներկայացրեց նախագահ Թրամփի աւագ խորհրդական Ջարեդ Քուշնէրը, որը Թրամփի դստեր՝ Իւանկա Թրամփի ամուսինն է։ Քուշնէրը մեծ ծաւալի աշխատանք է կատարել այս փաստաթղթի մշակման, այն Մերձաւոր Արեւելքի երկրների հետ քննարկման, բանակցութիւնների վարման ամբողջ գործընթացում։ Յիշեցնենք, որ նա բաւական ջերմ յարաբերութիւններ ունի Իսրայէլի վարչապետ Նեթանեահուի հետ։

Արձանագրենք, որ Թրամփի վարչակազմը պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման փաթեթ-առաջարկը հանրայնացնում է այն ժամանակ, երբ շարունակւում է պահպանւել պաղեստինա-իսրայէլական սահմանային լարւածութիւնը, կողմերի միջեւ գրեթէ չեն դադարում ամենօրեայ բախումները, որոնց արդիւնքում գրանցւում են զոհեր եւ վիրաւորներ։ Փաթեթը ներկայացւում է այն ժամանակ, երբ ճգնաժամային իրավիճակում են յայտնւել ԱՄՆ-Իրան յարաբերութիւնները։ Յայտնի է, որ Թեհրանը զգալի ազդեցութիւն ունի պաղեստինեան ուղղութեամբ, բաւական դինամիկ է զարգանում ՀԱՄԱՍ խմբաւորման ու Իրանի ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցութիւնը։ Այդ տեսանկիւնից եւս տրամաբանական ու հասկանալի պէտք է համարել, որ իրանական կողմը կուժեղացնի պաղեստինեան ճակատում հակաիսրայէլական գործողութիւնները։

Զուգահեռաբար շարունակւում են պրոքսի-հիբրիդային ռազմական գործողութիւնները Իրանի ու Իսրայէլի միջեւ՝ արդէն սիրիական ճակատում։ Աւելին` Վաշինգտոնի կողմից հակամարտութեան լուծման առաջարկը մշակւում էր Երուսաղէմը` Իսրայէլի մայրաքաղաք, Գոլանի բարձունքները Իսրայէլի անքակտելի մաս ճանաչելու` Թրամփի որոշումներին զուգահեռ ու այդ որոշումների հետեւանքով ստեղծւած անկայուն իրավիճակում։ Այդ ամէնն, անշուշտ, խորացրեց անձամբ Թրամփի եւ նրա վարչակազմի հանդէպ պաղեստինեան քաղաքական ղեկավարութեան, ժողովրդի անվստահութիւնը։ Այդ ֆոնին սկանդալային էր նախագահ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի յայտարարութիւնը, թէ Իսրայէլի կողմից Յուդեայի ու Սամարիայի զաւթումը կարող է լեգիտիմ ուժ ունենալ։

Մերձաւոր Արեւելքում ստեղծւած այս լարւած, անկայուն ու պայթունաւտանգ իրավիճակում, երբ նոր էր յաջողւել խուսափել Վաշինգտոն-Թեհրան ուղղակի ռազմական առճակատումից՝ պայմանաւորւած Իրանի տարածքում ամերիկեան ԱԹՍ-ի խոցման միջադէպով, Թրամփի վարչակազմը հանրայնացնում է պաղեստինա-իսրայէլական բարդ հակամարտութեան կարգաւորման մի փաթեթ։ Հասկանալի է, որ դրա կեանքի կոչման հնարաւորութիւնը բաւական բարդ է լինելու, գրեթէ անիրականանալի։

Ինչեւէ, առաւել մանրամասն փորձենք անդրադառնալ «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչին։ Փաստաթղթի տնտեսական բաղադրիչը վերնագրւած է «Խաղաղութիւն յանուն բարգաւաճման» (Տնտեսական պլան. Պաղեստինի ժողովրդի նոր տեսլականը)/Peace to Prosperity/։ Փաստաթղթի ամբողջական տեքստը հրապարակւել է Սպիտակ տան կայքում, որը հասանելի է հետեւեալ յղմամբ՝ https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2019/06/MEP-narrative-document_FINAL.pdf։

«Խաղաղութիւն յանուն բարգաւաճման» պլանը բաղկացած է երեք նախաձեռնութիւնից, որոնք ուղղւած են լինելու Պաղեստինի տնտեսութեանը, ժողովրդին ու կառավարութեանը։ Փաստաթղթի համաձայն` ձեւաւորւելու է միջազգային ներդրումային հիմնադրամ, որը յատկացնելու է փաստաթղթով նախատեսւած 50 մլրդ. ԱՄՆ դոլար՝ ուղղւած Պաղեստինի ենթակառուցւածքների, տնտեսութեան վերականգնմանն ու զարգացմանը, Յորդանան գետի արեւմտեան ափի եւ Գազայի հատւածի միջեւ միջանցքի ստեղծմանը։ Ֆինանսական յատկացումներ են նախատեսւում նաեւ Պաղեստինի զբօսաշրջութեան ոլորտում։ Փաստաթղթի համաձայն` 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ն կը ներգրաւի 50 մլրդ. ԱՄՆ դոլար՝ ներդրումների տեսքով։ Վաշինգտոնը մտադիր է մասնաւորապէս ներդնել աւելի քան 27.5 մլրդ. դոլար Պաղեստինում, իսկ Եգիպտոսի, Յորդանանի եւ Լիբանանի պաղեստինցիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւմանն ուղղւած նախագծերին կը յատկացւի, համապատասխանաբար, 9.1, 7.4 եւ 6.3 մլրդ. ԱՄՆ դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է ներդրումներ ուղղել ձեռներեցութեան, փոքր բիզնեսի, զբօսաշրջութեան, գիւղատնտեսութեան, արտադրութեան եւ բնական ռեսուրսների զարգացմանը։

Ներդրումների ներգրաւմամբ` փաստաթղթով նախատեսւում է արձանագրել Պաղեստինի տնտեսութիւնում արագ տեմպերով աճ եւ նոր աշխատատատեղերի ստեղծում։ Ծրագրւում է Յորդանան գետի արեւմտեան ափը եւ Գազայի հատւածը բացել միջազգային ու տարածաշրջանային շուկաների համար, ինչը հնարաւորութիւն կը տայ Պաղեստինի տրանսպորտային ենթակառուցւածքներում ներգրաւել յաւելեալ ներդրումներ։ Ծրագիրը կարեւորում է Պաղեստինի, Եգիպտոսի, Յորդանանի եւ Իսրայէլի միջեւ բեռնափոխադրումների ու մարդկանց ելումուտի դիւրացման գործընթացը։

Ընդհանուր առմամբ, արաբական երկրները, ըստ էութեան, դէմ չեն վաշինգտոնեան փաթեթի տնտեսական բաղադրիչին, սակայն այն հակասական ընդունւեց Պաղեստինի կողմից։ Երկիրն իր դիրքորոշումը հիմնաւորում է նրանով, որ թէեւ Վաշինգտոնն այս նախագծով էական ֆինանսական միջոցներ է ծրագրում ներդնել Պաղեստինի տնտեսութեան վերականգնման համար, այդուհանդերձ, այն ուղղակիօրէն սահմանափակում է Պաղեստինի սուվերենութիւնը, պետականութիւնը։ Պատահական չէ, որ Բահրէյնի համաժողովին Պաղեստինի վարչակազմից որեւէ ներկայացուցիչ պաշտօնապէս ներկայ չէր։

Իսրայէլական կողմն, անշուշտ, ողջունել է փաստաթղթի տնտեսական բաղադրիչը։ Իսրայէլում, ինչպէս եւ Միացեալ Նահանգներում փաթեթի կեանքի կոչման հարցում մեծ յոյսեր են կապում ոչ թէ պաղեստինյան կողմի, այլ արաբական երկրների հետ։ Վաշինգտոնում եւ Թել Աւիւում չեն թաքցնում յատկապէս Սաուդական Արաբիայի եւ Եգիպտոսի հետ այդ հարցում փոխհամաձայնութեան կարեւորութիւնը։ Պատահական չէ այն փորձագիտական կարծիքը, որ ամէն դէպքում Թրամփի վարչակազմին յաջողւել է հակամարտութեան կարգաւորման հարցում ստանալ արաբական երկրների աջակցութիւնը, համոզել, որ պաղեստինյան ղեկավարութիւնը, ըստ վարչակազմի, կոռումպացւած է եւ պատրաստ չէ կառուցողական երկխօսութեան։ Ասել է թէ` պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման այս առաջարկը ենթադրելու է հակամարտութեան կարգաւորում՝ առանց հակամարտութեան կողմերից մէկի մասնակցութեան։

Պատմութիւնն ունեցել է նման փորձեր, օրինակ` 1990-ականների սկզբներին, երբ ամերիկեան եւ իսրայէլական կողմերի համատեղ ջանքերով փորձել են կարգաւորել հակամարտութիւնը՝ հաշւի չառնելով պաղեստինյան կողմի եւ ժողովրդի կարծիքը (Մադրիդեան համաժողով, Օսլոյի պլանը)։ Սակայն այդ քայլերը, որպէս կանոն, ոչ միայն չեն նպաստել հակամարտութեան խաղաղ լուծմանը, այլեւ կուտակել են յաւելեալ խնդիրներ, տապալել բանակցութիւնները։

Ինչպէս նշեցինք, Թրամփի առաջարկը դրական չի ընդունւել Պաղեստինում։ Փաթեթի տնտեսական բաղադրիչը բոյկոտելու նպատակով Պաղեստինում (Ռամալլա) չեն դադարում ժողովրդական ցոյցերն ու անկարգութիւնները։

 Արձանագրենք, որ առաջարկի դէմ պաղեստինեան կողմի դժգոհութիւնները պայմանաւորւած չեն զուտ փաստաթղթով ու դրանով նախատեսւած դրոյթներով, մօտեցումներով։ Հարցը շատ աւելի խորքային է եւ ուղղակիօրէն առնչութիւն ունի մերձաւորարեւելեան տարածաշրջանում ԱՄՆ վարած արտաքին քաղաքականութեան ընդհանուր տրամաբանութեան հետ։ Թրամփը ԱՄՆ նախագահներից թերեւս միակն է, որ ունի այսչափ իսրայէլամէտ դիրքորոշում։ Աւելին` նա թերեւս միակ նախագահն է, որը չբաւարարւեց իսրայէլամէտ յայտարարութիւններով եւ ընդունեց ընդգծւած կողմնակալ որոշումներ։ Իսրայէլի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը մեծ յոյսեր եւ սպասումներ ունի Թրամփից ու նրա վարչակազմից՝ ստեղծւած իրավիճակում հնարաւորինս շօշափելի դիւիդենդներ քաղելու նպատակով։ Քանի դեռ ԱՄՆ-ն նախագահում է Թրամփը, Իսրայէլը փորձելու է Վաշինգտոնից կորզել ցանկացած հնարաւորութիւն։

Յաւելենք, որ «Դարի գործարք»-ի քաղաքական բաղադրիչը դեռեւս չի հրապարակւել, ուստի անհասկանալի է մնում, թէ «Երկու ժողովուրդների համար երկու պետութիւն» յայտնի բանաձեւը, Երուսաղէմի բաժանման հարցը ինչ կերպ են ներկայացւած լինելու նշեալ առաջարկում։ Եւ իսկապէս հարց է առաջանում` ի՞նչն է, ի վերջոյ, պատճառը, որ պաղեստինեան կողմը հրաժարւում է այդ զգալի ֆինանսական միջոցներից։ Վաշինգտոնում եւ Թել Աւիւում խաղադրոյք են դնում այն մօտեցման վրայ, որ Պաղեստինի իշխանութիւնները, որոնք, ըստ նրանց, կոռումպացւած են, կը գայթակղւեն ֆինանսական յատկացումներով եւ ընդառաջ կը գնան այդ գործարքին՝ խաղասեղանին դնելով Պաղեստինի սուվերենութիւնը։ Կարծում ենք, որ այդ հարցում զգալի կամ աւելի շուտ որոշիչ է Թեհրանի աջակցութիւնը պաղեստինեան կողմին, ինչպէս նաեւ Իրանի դիմադրութիւնը արաբական այն երկրներին, որոնք կողմ են Թրամփի առաջարկին։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

  • ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել
    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել

    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել: Այս մասին համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։