Հա

Քաղաքական

11/07/2019 - 11:10

Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում

Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում, ինչ խօսք, չէր կարող շրջանցւել Արցախի հիմնախնդրի թեման: Այն, բնականաբար, շօշափւեց: Արտաքուստ, թւում է, որ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում Դոնալդ Տուսկը նոյնական կամ գրեթէ նոյնական յայտարարութիւններ արեց: Բայց այդպէ՞ս է արդեօք:

«alikonline.ir» - Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում, ինչ խօսք, չէր կարող շրջանցւել Արցախի հիմնախնդրի թեման: Այն, բնականաբար, շօշափւեց: Արտաքուստ, թւում է, որ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում Դոնալդ Տուսկը նոյնական կամ գրեթէ նոյնական յայտարարութիւններ արեց: Բայց այդպէ՞ս է արդեօք: Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Արմէն Յակոբեանը:

Իսկ ի՞նչ ասաց ԵՄ խորհրդի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ առանձնազրւյցին յաջորդած մամուլի ներկայացուցիչների համար յայտարարութեան մէջ: Ասաց, որ ԵՄ-ն քաջալերւած է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացի շրջանակներում այս տարւայ իրադարձութիւնների դրական դինամիկայով: Բացի այդ, ասաց, թէ ԵՄ-ի համար ուրախացնող է նաեւ «ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու» եւ մարդասիրական խնդիրների վրայ շեշտադրում անելու պատրաստակամութիւնը:

Ընդգծեց, որ հակամարտութիւնը կամ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, որ անհրաժեշտ է գտնել քաղաքական հանգուցալուծում, որը կը համապատասխանի միջազգային իրաւունքի նորմերին, ինչպէս նման դէպքերում է նշւում՝ «կիսեց» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգութիւնը՝ շփման գծում զոհերի, նաեւ իրավիճակը լարող յայտարարութիւնների հետ կապւած: Եէ էլի, ինչպէս միշտ, կրկնեց արդէն պողպատակուռ դոգմայի վերածւած բառերի շարքը՝ «երկու կողմերին» ուղղւած զսպւածութիւն ցուցաբերելու կոչով եւ իրական բանակցութիւնների, խաղաղութեան հաստատման համար նպաստաւոր միջավայր ստեղծելու մասին յորդորով:

Միաժամանակ, Դոնալդ Տուսկը յայտարարեց. «ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ուշադրութեանը՝ Հելսինկեան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրայ հիմնւած հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդէն իսկ աջակցում է խաղաղութեան կառուցմանն ուղղւած գործողութիւններին եւ պատրաստ է սատարել բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»:

Գրեթէ նոյնաբովանդակ յայտարարութիւններ ԵՄ խորհրդի նախագահն արել էր Բաքւում, Ալիեւի հետ հանդիպմանը յաջորդած համատեղ ճեպազրոյցում: Եւ թւում է, թէ առանձնապէս խնդիր այդ առումով չկայ:

Սակայն հարցն այն է, որ Բաքւում, Հելսինկեան եզրափակիչ ակտի մասին յիշատակումից բացի ու դրանից առաջ, Դոնալդ Տուսկը նաեւ անհրաժեշտ է համարել ընդգծել. «Եւրոմիութիւնը սատարում է Ադրբեջանի ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը»:

Այդ վերջին յայտարարութիւնը փոքր-ինչ սառը դիտարկելու դէպքում կարելի է կարծել, թէ ԵՄ խորհրդի նախագահը պարզապէս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու ադրբեջանական ղեկավարութեան «սիրտը շահելու», ինչ-որ «շոյիչ» արտայայտութիւն անելու համար է այդպէս ասել:

Սակայն նկատենք, որ նոյն Դոնալդ Տուսկը, թէկուզ նոյնական նկատառումներով, Երեւանում չյայտարարեց, թէ Եւրոմիութիւնը սատարում է ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, որն, ի դէպ, ամրագրւած է այդքան յիշատակւող Հելսինկեան եզրափակիչ ակտում, միջազգային իրաւունքի ընդունւած ու բազմիցս կիրառւած նորմ է: Պէտք է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարութեան «սիրտը շահելու» խնդիր ԵՄ խորհրդի նախագահը չունէր, որ նման բան չյայտարարեց:

Եթէ աւելի լուրջ, ապա ռազմատենչութիւնից զերծ մնալու, իրավիճակը սրող յայտարարութիւններ չանելու շեշտադրումներ անող ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը երեւի պէտք է իրեն նաեւ հաշիւ տար ու միարժէքօրէն գիտակցէր, թէ ինչ է նշանակում Ադրբեջանում յատուկ շեշտել այդ երկրի ղեկավարութեան «սիրտը շահող», մասնաւորապէս՝ տարածքային ամբողջականութեան վերաբերեալ դրոյթը, ըստ որում՝ առանց ազգերի ինքնորոշման իրաւունքի յիշատակման:

Դա, ըստ էութեան, նշանակում է հրապարակաւ խրախուսել Ադրբեջանի ղեկավարութեանը, Ալիեւին ոգեշնչել՝ հետագայ հնարաւոր ռազմական արկածախնդրութեան դիմելու իմաստով:

Բանն այն է, որ ադրբեջանական կողմը, որպէս կանոն, իրավիճակի ցանկացած լարւածութեան դէպքում հանդէս է գալիս նախայարձակ գործողութիւններով: Կարելի է դիտարկել հակամարտութեան գօտում վերջին 5-6 տարիներին հրադադարի խախտման բոլոր համեմատաբար խոշոր արձանագրւած դէպքերը՝ դրանում համոզւելու համար, լինի դա «դիպուկահարների մարտերը», «դիւերսիոն խմբերի» մարտավարութիւնը, թէ մէկ այլ բան: Իսկ 2016 թ. «ապրիլեան պատերազմը» ինքնին ասւածի այնպիսի հիմնաւորում է, որ նախորդած ու նաեւ յաջորդած օրինակների կարիքն էլ չի զգացւում:

Բոլոր այդ դէպքերում, առնւազն արտաքին-քաղաքական հարթութեան վրայ, ադրբեջանական կողմը շեշտում է այն կեղծ դատողութիւնը, թէ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացւած է Հայաստանի կողմից, եւ իրենք ձգտում են վերականգնել իրենց տարածքային ամբողջականութիւնը: Այսինքն` պաշտօնական Բաքուն իր նախայարձակ մարտական գործողութիւնները ներկայացնում է որպէս իր տարածքային ամբողջականութիւնը վերականգնելուն, օկուպանտներին դուրս մղելուն նպատակաուղղւած քայլեր: Մինչդեռ այդ գործողութիւններն իրականում ռազմական ագրեսիա են ազգերի ինքնորոշման սկզբունքին լիովին համապատասխան ինքնորոշւած, անկախութիւն հռչակած Արցախի ու Արցախի հայ բնակչութեան դէմ:

Ուստի, բոլոր այն դէպքերում, երբ «բարի մտադրութիւններով» տարածաշրջան այցելած օտարերկրեայ պաշտօնեաները, յատկապէս՝ որեւէ տերութեան կամ առաւել եւս Եւրոմիութեան «առաջին դէմքերը» շեշտում են «տարածքային ամբողջականութիւնը» եւ մոռանում են յիշատակել «ազգերի ինքնորոշման իրաւունքը», որ Հելսինկեան եզրափակիչ ակտի (ընդունւած 1975 թ. օգոստոսի 1-ին) համազօր նորմ է, նրանք անուղղակիօրէն խրախուսում են ադրբեջանական իշխանութեան ռազմատենչ նկրտումները: Նոյնը նաեւ այն դէպքերում, երբ «երկու կողմերին» համահարթեցնելու մօտեցմամբ են գնահատում իրավիճակը լարող դրսեւորումները:

Հարց է ծագում. ինչպէ՞ս կամ ի՞նչ հաշւարկով են հրապարակավ խօսում «ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու» մասին, եթէ իրենց յայտարարութիւններով «տակից», ըստ էութեան, խրախուսում են կողմերից մէկի ռազմատենչութիւնը կամ դրա հիմնաւորումը:

Նաեւ հարց է ծագում, թէ այդ ինչի՞ց է, որ միայն տարածքային ամբողջականութիւնն են հարկ համարում առանձին ընդգծել, իսկ ինքնորոշման իրաւունքը քողարկւած ու մշուշոտ ակնարկում են միայն Հելսինկեան եզրափակիչ ակտի մասին նշելով: Թէ՞ Արցախի անւանումը պիտի Կոսովօ լինէր, որ ԵՄ ներկայացուցիչն էլ այլ կերպ արտայայտւէր:

Գործնական կամ աւելի շուտ՝ պրոֆիլակտիկ հետեւութիւնը, ցաւօք, մէկն է ու մշտարդիական բոլոր ժամանակներում. «Խաղաղութի՞ւն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։