Հա

Քաղաքական

06/08/2019 - 11:40

Սոչիի հանդիպմանն ընդառաջ Իրանն Ադրբեջանից պահանջում է հաւատարիմ մնալ պարտաւորութիւններին

Սոչիում օգոստոսի երկրորդ կէսին նախատեսւում է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին նախորդելու է երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

ԱՐՄԷՆ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

 

Սոչիում օգոստոսի երկրորդ կէսին նախատեսւում է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին նախորդելու է երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

Օրերս Իրանում էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաեւը, որն Իրանում հանդիպում է ունեցել իր նախկին գործընկեր, իսկ ներկայում Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզիի, ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպէս նաեւ ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիի հետ:

Թեհրանում կայացած հանդիպումների օրակարգում ընդգրկւած են եղել Իրան-Ադրբեջան առեւտրատնտեսական յարաբերութիւններին, մասնաւորապէս Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարութեանն առնչւող հարցերը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Սոչիում կայանալիք Ռուհանի-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման օրակարգային հարցերից մէկն առնչւելու է «Հիւսիս-հարաւ» միջանցքի շրջանակներում համագործակցութեանը:

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանն ընդգրկւած է «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքում եւ Իրանի հետ ՀՀ համագործակցութիւնն այդ միջանցքի շրջանակներում է նախատեսւում:  

Ինչ վերաբերում է «Հիւսիս-հարաւ» միջանցքի շրջանակներում Իրան-Ադրբեջան համագործակցութեանը, ապա պէտք է նշել, որ միջուկային համաձայնութիւնից յետոյ առկայ էր բաւական ակտիւ համագործակցութիւն, կողմերը պայմանաւորւեցին Իրան-Ադրբեջան երկաթգիծ կառուցել, մասնաւորապէս ադրբեջանական կողմը նախ յայտարարեց Ռաշտ-Աստարա հատւածում 500 մլն. դոլար ներդրում կատարելու մասին, այնուհետեւ այն վերաձեւակերպւեց որպէս վարկի տրամադրում, որը մինչ օրս ի կատար չի ածւել:

Իրականում այդ նախագիծը բաղկացած է երկու մասից: Առաջին փուլով իրանական Աստարան միանում է ադրբեջանական Աստարային: Երկաթգծի 8.5 կմ. հատւածը կառուցւել է Ադրբեջանի, իսկ 1.5 կմ.-ը Իրանի տարածքում: Այս երկու հատւածները միմեանց են միանում Աստարաչայ գետի վրայ կառուցւած 80 մետրանոց կամրջի միջոցով, 2018 թ. մարտի 28-ին էլ տեղի է ունեցել երկաթգծի բացման պաշտօնական արարողութիւնը:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ս. թ. մարտին գործարկւեց Ղազւին-Ռաշտ հատւածը, այս պահին անհրաժեշտ է կառուցել  Ռաշտ-Աստարա 170 կմ. հատւածը, որի վերաբերեալ էլ նախօրէին ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարն ԱՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը յիշեցրել է 500 մլն. դոլար ներդրում կատարելու Բաքւի խոստումը՝ յորդորելով կատարել ստանձնած պարտաւորութիւնները:

Ինչպէս նշեցինք՝ ադրբեջանական կողմը 500 մլն. դոլարի մասին յայտարարութիւնն արել էր միջուկային համաձայնութիւնից յետոյ, երբ ԱՄՆ-ն դուրս չէր եկել միջուկային համաձայնութիւնից եւ Իրանի նկատմամբ չէին վերականգնւել պատժամիջոցները:

Սակայն, ինչպէս ցոյց են տալիս Ադրբեջանի գործողութիւնները եւ դրանց Իրանի արձագանքը, այս պահին Բաքուն պատրաստ չէ ներդրում կատարել Իրանի տարածքում կառուցվելիք երկաթուղային ճանապարհի նախագծում:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը դեռ 2019 թ. յունւարին Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցմանն ադրբեջանական կողմի մասնակցութեան վերաբերեալ խուսափողական պատասխան էր տւել՝ Բաքւի դիրքորոշումը պայմանաւորելով Իրանի շուրջ առկայ լարւած իրավիճակով:

Դատելով այն հանգամանքից, որ Բաքուն երկաթգծի կառուցմանն իր մասնակցութիւնը դեռ յունւարին էր պայմանաւորում Իրանի շուրջ լարւած իրավիճակով, ապա այժմ, երբ Իրան-Միացեալ Նահանգներ, Իրան-Մեծ Բրիտանիա յարաբերութիւնները գտնւում են չափազանց լարւած իրավիճակում, երբ Հորմոզի նեղուցում առկայ իրավիճակով պայմանաւորւած հնարաւոր է լարւածութիւն առաջանա Էր Ռիադ-Թեհրան յարաբերութիւններում, երբ Իրաքի տարածքում Իսրայէլի գործողութիւններով պայմանաւորւած հնարաւոր է անկայունանայ նաեւ Իրան-Իրաք սահմանը, նման պայմաններում բնական է, որ Ադրբեջանը ձեռնպահ կը մնայ նման խոշորամասշտաբ նախագծում ներդրումներ կատարելուց, առաւել եւս, որ մեր համոզմամբ 500 մլն. ներդրում կատարելու հարցը մշտապէս ունեցել է քարոզչական նշանակութիւն:  

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ նկատենք, որ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թ. օգոստոսին: Եթէ առաջին հանդիպման ժամանակ օրակարգային հարցերն աւելի շատ առնչւում էին տնտեսական համագործակցութեանը, ապա այժմ այն կայանում է երեք երկրների համար կարեւոր մի ժամանակաշրջանում, երբ կողմերն աւելի շատ փորձելու են ճշգրտել տարածաշրջանային զարգացումների շուրջ միմեանց դիրքորոշումները, քան տնտեսական հարցերի շուրջ ձեռք կը բերեն իրական համաձայնութիւններ:

Իրանին առնւազն հետաքրքրում են հետեւեալ հարցերը, որոնց վերաբերեալ Հասան Ռոհանին Սոչիում կը փորձի պարզաբանումներ ստանալ Բաքւից եւ Մոսկւայից:

  • Միացեալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ վարւող պատժամիջոցների քաղաքականութիւն,
  • Կասպից ծովի իրաւական կարգավիճակի հարց, որի վերաբերեալ կոնւենցիան ստորագրւեց ուղիղ մէկ տարի առաջ,
  • ՌԴ կողմից Թուրքիային «S-400» ՀՀՊ համակարգերի վաճառք, որի առնչութեամբ Իրանում ՌԴ դեսպանն օրերս ուշագրաւ պարզաբանումներ է տւել,
  • Ադրբեջանի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում, որի վերաբերեալ օրերս պաշտօնական յայտարարութիւն է արել Բաքուն:

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։