Հա

Քաղաքական

22/08/2019 - 09:20

Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին

2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։

2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։ Այս կանխատեսումների գագաթնակէտը եղաւ Newsweek magazine-ի կողմից ամսագրի 125 հազար դեն նետւած օրինակները, քանի որ ամսագրի խմբագիրները ոչ միայն որոշել էին հրապարակել «Տիկին նախագահ. Հիլարի Քլինթոնի պատմական ուղին» վերնագրով ամսագրի այդքան օրինակ, այլեւ արդէն բաշխել էին այդ օրինակները, եւ ի վերջոյ ստիպւած եղան բոլոր օրինակները յետ կանչել։ Այնպիսի յայտնի պարբերականներ, ինչպիսիք են The New York Times, The Washington Post եւ CNN-ը ակտիւօրէն քարոզում էին, որ Հիլարի Քլինթոնը մեծ հաւանականութեամբ կը յաթղի։ Ըստ CNN-ի՝ ընտրութիւններից 24 ժամ առաջ ներկայացրած հարցումների Հիլարի Քլինթոնի յաղթանակի հաւանականութիւնը գնահատւում էր 91%, իսկ Դոնալդ Թրամփինը՝ 9%։ Հիլարի Քլինթոնը 4% աւելի շատ ձայն կը հաւաքէր քան Թրամփը՝ համապատասխանաբար 46%-42%: The New York Times-ի ներկայացրած տւեալներն առանձնապէս շատ չէին տարբերւում. վերջինիս տւեալներով Քլինթոնի յաղթանակի հաւանականութիւնը գնահատւում էր 85%, իսկ Թրամփինը՝ 15%: The Washington Post-ն անգամ փորձեց հաշւել, թէ ինչպէս կը բաշւեն Ընտրիչների կոլեգիայի ձայները։ Այդ հաշւարկների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը ցանկացած դէպքում կը կարողանար յաղթահարել ձայների անհրաժեշտ շեմը՝ ստանալով առնւազն 275 ձայն, մինչդեռ Թրամփը չէր կարողանայ հաւաքել անհրաժեշտ 270 ձայնը։ Ինչեւիցէ, չնայած ձեւաւորւած այսպիսի սպասումներին, Դոնալդ Թրամփը յաղթանակ տարաւ 2016 ընտրութիւններում՝ ստանալով Ընտրողների կոլեգիայի 304 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 227։ Այնուամենայնիւ, համաժողովրդական ընտրութիւններում առաջ էր անցել Հիլարի Քլինթոնը։ Վերջինս ստացել էր ձայների 48․5%-ը, ի տարբերութիւն Թրամփի 46.4%-ի, որը շուրջ 3 մլն. ձայն է իրենից ներկայացնում։

ԱՄՆ-ում կան որոշ խմբեր, որոնք ընտրութիւններում քւէարկում են հիմնականում ԱՄՆ հանրապետականների օգտին։ Այս խմբերի թւին է պատկանում զինւորականութիւնը եւ նրանց փոխկապակցւած անձնինք, ովքեր հիմնականում պահպանողական են։ ԱՄՆ պատերազմի վետերանների շուրջ 60%, իսկ ոչ վետերան զինւորականութեան 44% 2016 թ. ընտրութիւնների ժամանակ քւէարկել է Թրամփի օգտին։ Պահպանողականների մէկ այլ խումբ, որը նոյնպէս քւէարկել է Թրամփի օգտին քրիստոնեայ-պահպանողական համայնքն է, մասնաւորապէես՝ Եւանգելիստական համայնքը։ Նրանք աջակցում են Թրամփին յատկապէս վերջինիս իսրայէլամէտ քաղաքականութեան համար։ Հէնց դա է պատճառը, որ Եւանգելիստների 80% 2016 թ. քւէարկեց Թրամփի օգտին։

Այսպիսով, 2016 թ. ընտրութիւնների արդիւնքում Հանրապետական կուսակցութիւնը իշխանութեան եկաւ ե՛ւ երկպալատ օրէնսդիր, ե՛ւ գործադիր իշխանութեան մարմիններում դառնալով իշխանութեան միահեծան կրողը։ Սակայն, իրավիճակը փոխւեց 2018 թ. միջանկեալ ընտրութիւնների ժամանակ, որից յետոյ Դեմոկրատների վերահսկողութեան տակ անցաւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (239 դեմոկրատ, 202 հանրապետական ներակայացուցիչներ), մինչդեռ Հանրապետականները իշխանութիւնը պահեցին Սենատում (53 հանրապետական, 46 դեմոկրատ սենատորներ)։ Յատկանշական է, որ լրատւամիջոցները ընտրութիւններից առաջ կրկին մեդիադաշտում պատրանք էին ձեւաւորել, որ ընտրութիւններ արդիւնքում սպասւում է կապոյտ ալիք (կապոյտը դեմոկրատների խորհրդանշական գոյնն է), ինչը այդպէս էլ տեղի չունեցաւ։

2020 թ․ նոյեմբրին կայանալիք նախագահական ընտրութիւններում Թրամփը դեռեւս առաջատար թեկնածուն է։ Տարբեր աղբիւրներ տարբեր կերպ են գնահատում Թրամփի վարկանիշը։ 2017 թ. պաշտօնը ստանձնելիս, իր վարկանիշը, ըստ որոշ աղբիւրների, գնահատւում էր 45․5%, իսկ այլ աղբիւրներում՝ 56%: Միջինում, Թրամփի վարկանիշը տատանւում է 40-50%-ի սահմաններում։ Համեմատած նպաշտօնավարման նոյն ժամանակահատւածում այլ նախագահների վարկանիշի հետ, Թրամփի վարկանիշը գրեթէ նոյնական է։

Վերոնշեալից ելնելով, Թրամփը աւելի մեծ շանսեր ունի վերընտրւելու 2020 թ. ընտրութիւններում, քան ունէր 2016 թ․ ընտրւելու համար եւ դրա պատճառները մի քանիսն են։ Նախ, Հանրապետական կուսակցութեան ներսում նրան այլընտրանք չկայ։ Երկրորդը, Դեմոկրատական կուսակցութիւնում էլ դեռեւս չի յայտնւել այն թեկանածուն, որը կարող է մրցել Թրամփի հետ։ Նոյնիսկ լիբերալ արժէքները կրող CNN-ը ընդունում է այն փաստը, որ Թրամփն ունի բոլոր շանսերը վերընտրւելու համար, միեւնոյն ժամանակ նշելով, որ միակ դեմոկրատ թեկնածուն, որը կարող է մրցել Թրամփի հետ, նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնն է, ով The Washington Post-ABC News-ի հարցումների արդիւնքներով յաղթում է Թրամփին 53%-43%-ով։ Բայց այս թւերն այդքան էլ հաւաստի չեն թւում՝ հաշւի առնելով 2016 թ. ընտրութիւնների փորձը։ Յատկանշական է այն փաստը, որ 21-րդ դարի ԱՄՆ բոլոր նախագահները վերընտրւել են, պաշտօնավարելով 2 անգամ։

Այսպիսով, եթէ ներքին կամ արտաքին քաղաքական լուրջ ճգնաժամեր չլինեն, եւս մէկ անգամ հաւատարիմ մնալով իր ազգանւանը՝ Թրամփը (to trump անգլերէնում նշանակում է գերակայել կամ պարտութեան մատնել մէկին՝ յաճախ հանրայնօրէն) այս պահի դրութեամբ 2020 ընտրութիւններում ունի յաղթանակ տանելու բոլոր շանսերը։

 

Աղբիւրը՝ Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոն

Panorama.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։