Հա

Քաղաքական

16/09/2019 - 13:00

Դաւութօղլուն՝ ընդդէմ Էրդողանի. ինչպէս կանդրադառնան Թուրքիայի խմորումներն Արցախի վրայ

Արեւելագէտ Ռուբէն Սաֆրաստեանը մեկնաբանել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի հեռանալը Էրդողանի իշխող կուսակցութիւնից, նաեւ խօսել է այն մասին՝ ինչպէս կարող են այդ երկրի ներքաղաքական գործընթացներն անդրադառնալ տարածաշրջանում իրավիճակի վրայ։

«alikonline.ir» - Արեւելագէտ Ռուբէն Սաֆրաստեանը մեկնաբանել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի հեռանալը Էրդողանի իշխող կուսակցութիւնից, նաեւ խօսել է այն մասին՝ ինչպէս կարող են այդ երկրի ներքաղաքական գործընթացներն անդրադառնալ տարածաշրջանում իրավիճակի վրայ։

Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի հեռանալը իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից՝ դժւար թէ սպառնայ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Հայաստանի ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը։

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն յայտարարել էր իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից դուրս գալու մասին։ Քաղաքական գործիչը նշել էր, որ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը չի ցանկանում կառուցողական քննադատութիւն լսել, եւ այն որպէս դաւաճանութիւն է ընկալում։ Աւելին` այդ քաղաքական ուժը օգուտ չի բերում ո՛չ պետութեանը, ո՛չ դրա քաղաքացիներին։ Միաժամանակ նա յայտնել էր երկրում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Դաւութօղլուն ասել էր, որ համախոհների հետ պատրաստում է երկրում ժողովրդավարական կարգ հաստատել։ Քաղաքական գործիչը կոչ էր արել Թուրքիայի բոլոր քաղաքացիներին՝ միանալ նոր շարժմանը։ Դաւութօղլուի հետ միասին իշխող կուսակցութիւնից դուրս են եկել նաեւ նրա հինգ կողմնակիցները։

Սաֆրաստեանի կարծիքով՝ դեռ չի կարելի խօսել այն մասին, որ իշխող կուսակցութիւնից դուրս եկած գործիչները կարող են լուրջ հակակշիռ ստեղծել դրա համար ու երկրի ներսում ընդլայնել իրենց դիրքերը։

«Մարդիկ, որոնք փորձում են այլընտրանք ստեղծել Էրդողանին ու նրա ուժին, հանրութեան աչքերում այս կամ այն կերպ ասոցացւում են նախագահի հետ, քանի որ նրա կուսակցութիւնից են դուրս եկել։ Ուրեմն՝ լայն հասարակութիւնը դժւար թէ նրանց ինքնուրոյն խաղացող համարի»,- կարծում է արեւելագէտը։

Նրա կարծիքով՝ Էրդողանի ու նրա կուսակցութեան համար իրական մրցակից կարող է դառնալ Քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը, որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն յաղթել է վերջերս կայացած՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրութիւններում։

Փորձագէտը նշեց, որ հասկանալի չէ նաեւ՝ ինչ գաղափարախօսութիւն է որդեգրելու Ահմեդ Դաւութօղլու ստեղծւող շարժումը։ Քանի որ Էրդողանի քաղաքականութիւնը նեոօսմանիզմի ու չափաւոր իսլամիզմի մասով հիմնւում է Դաւութօղլու ուսմունքի վրայ։ Ու հիմա հետաքրքիր է՝ ինչ կարող են առաջարկել Դաւութօղլուն ու նրա կողմնակիցները՝ որպէս այլընտրանք Էրդողանին։

Արտաքին քաղաքականութեան տեսակէտից՝ նախկին վարչապետի գործերն աւելի լաւ են գնում։ Թուրքիայի գործընկերներն ընկալում են Դաւութօղլուին որպէս աւելի հաւասարակշռւած քաղաքական գործչի, որի հետ կարելի է բանակցել։ Նա Էրդողանի պէս անկանխատեսելի չէ։ Նախկին վարչապետը մեծ հեղինակութիւն է վայելում եւրոպական առաջնորդների շրջանում։

«Ժամանակին Էրդողանը հէնց այդ պատճառով հեռացրեց Դաւութօղլուին մեծ քաղաքականութիւնից։ Ներկայիս նախագահը վախենում էր, որ աշխարհն ու մասնաւորապէս՝ Եւրոպան, ինչ-որ պահի կուզենան միայն Դաւութօղլուի հետ գործ ունենալ ու իր հետ հաշւի չնստել»,- նշեց Սաֆրաստեանը։

Չնայած Էրդողանի դիրքերը երկրում դեռ ամուր են, սխալ կը լինի ասել, որ այս իրավիճակը նրա համար կատարեալ է։ Ստամբուլի քաղաքապետի ընտրութիւնները, որտեղ իշխանութեան թեկնածուն ջախջախիչ պարտութիւն կրեց, իշխող կուսակցութիւնից նախկին համախոհների հեռանալը, աճող գնաճը՝ այս ամէնը չի կարող չանհանգստացնել իշխող կուսակցութեանը։

Սաֆրաստեանի խօսքով՝ Էրդողանը փորձում է փոխհատուցել ներքաղաքական խժդժութիւններն ու տնտեսական դժւարութիւնները՝ տարածաշրջանում արտաքին քաղաքականութեան ակտիւութեամբ։ Թուրքիայի իշխանութիւնները կարող են նոր նախաձեռնութիւններ ձեռնարկել Սիրիայում, ռազմական գործողութիւն իրականացնել այդ երկրում, քրդերի դէմ գործողութիւններ իրականացնել։ Անկարան կը փորձի նաեւ օգտագործել սիրիացի փախստականների խնդիրը, որ եւրոպացիները նոր զիջումների գնան։

Հարաւային Կովկասում, մասնաւորապէս՝ Արցախի հարցում, Թուրքիայի ակտիւութիւնը տեսանելի ապագայում քիչ հաւանական է, կարծում է Սաֆրաստեանը։

Անկարան խրւել է սիրիական ճահիճը, այն շատ լարւած յարաբերութիւնների մէջ է արեւմտեան գործընկերների հետ ու դեռ հիւսիսային հարեւանների ժամանակը չունի։

«Չեմ կարող ասել, որ Թուրքիան ժամանակ ու ռեսուրս կունենայ իրավիճակն այստեղ էլ ապակայունացնելու համար։ Նման սցենարը հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ Անկարան տեսնի, որ իր ռեսուրսները Մերձաւոր արեւելքում սպառւել են»,- կարծում է փորձագէտը։

Յիշեցնենք՝ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ 330 կիլոմետր սահմանը՝ ի նշան Ղարաբաղեան հակամարտութիւնում Ադրբեջանին աջակցութիւն։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։