Հա

Քաղաքական

18/09/2019 - 11:55

Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր

Սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցաւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով (Աստանայի ձեւաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանեան ձեւաչափով հանդիպումներ սկսել են անցկացւել 2017 թւականից, նպատակը սիրիական հակամարտութեան կարգաւորում է:

ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցաւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով (Աստանայի ձեւաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանեան ձեւաչափով հանդիպումներ սկսել են անցկացւել 2017 թւականից, նպատակը սիրիական հակամարտութեան կարգաւորում է: Թէեւ կողմերից իւրաքանչիւրը հետապնդում է սեփական շահը, եւ մի շարք հարցերում կան տարաձայնութիւններ, այնուամենայնիւ, կողմերը բազմիցս յայտարարել են, որ գլխաւորը պատերազմական գործողութիւնների դադարեցումն է՝ Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման պայմանով: Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր, որ պատերազմը Սիրիայում աւարտւած է, եւ այժմ հարկաւոր է պատերազմական գործողութիւնները փոխարինել քաղաքական-դիւանագիտականով: Նոյնիսկ, եթէ Սիրիայի տարածքում խոշոր ռազմական գործողութիւնները կարելի է աւարտւած համարել, այնուամենայնիւ, սեփական շահերը հետապնդող պետութիւնները դեռեւս պատերազմում են՝ առանց «հրի ու սրի»:

Պուտին-Էրդողան Ռոհանի՝ հանդիպման ընթացքում քննարկման գլխաւոր թեմաներն են եղել Իդլիբը, Սահմանադրական կոմիտէի ձեւաւորումը եւ Սիրիայի տարածքից ամերիկեան զօրքերի դուրսբերումը: Կողմերը համակարծիք են եղել, որ սիրիական ճգնաժամը պէտք է լուծւի բացառապէս Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքով, իսկ Պուտինը վստահութիւն է յայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կը ծառայեն ճգնաժամի վերջնական կարգաւորմանը: Էրդողանն էլ յայտարարել է, որ այս ձեւաչափը միակ հարթակն է, որն ունակ է Սիրիայի տարածքում ապահովել խաղաղութիւն ու կայունութիւն:

Ինչպէս ակնկալւում էր, հանդիպման գլխաւոր թեման Իդլիբի հարցն էր: 2017 թ. յայտարարւեց ԴԱԷՇ-ի նկատմամբ յաղթանակի մասին, սակայն մի շարք շրջաններում դեռեւս մնացին ահաբեկիչներ, որոնց վերջին խոշոր յենակէտը Իդլիբն է: Շրջափակւած լինելով ռուսական, թուրքական եւ Սիրիայի կառավարական ուժերի կողմից՝ այն շարունակում է մնալ «Ալ Ղաիդա»-ի ճիւղերից մէկը համարւող «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբաւորման ձեռքում:

«Մենք չենք կարող համակերպւել դրա հետ, այդ իսկ պատճառով Էրդողանի եւ Ռոհանիի հետ պայմանաւորւել ենք Իդլիբում լարւածութեան վերջնական չէզոքացման շուրջ»,- յայտարարել է Պուտինը:

Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում պարեկութիւն են իրականացնում, սակայն այդպէս էլ չի յաջողւում շրջանում կայունութիւն հաստատել:

Կողմերը նշել են նաեւ, որ ԱՄՆ-ը պարտաւոր է դուրս բերել զօրքերը Սիրիայից: «Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ-ի ներկայութիւնն անօրինական է»,- շեշտել է Պուտինը, իսկ Ռոհանին յայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայութիւնը կարող է յաւելեալ լարւածութիւն առաջացնել շրջանում, եւ դա խախտում է Սիրիայի ինքնիշխանութեան իրաւունքը:

Անշուշտ, քանի որ հանդիպման կողմերի շահերը տարբերւում են, անխուսափելի են տարաձայնութիւնները: Օրինակ՝ Ռուսաստանի կողմից առաջարկւող կարգաւորման ծրագրում կան կէտեր, որոնք Թուրքիան չի ընդունում: Մասնաւորապէս՝ կէտերից մէկի համաձայն, հակամարտութեան կարգաւորման մէջ մեծ ներդրում ունեցած քրդական՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը պէտք է մասնակցութիւն ունենան կատարւող գործընթացներին, մինչդեռ Թուրքիան Սիրիայի քրդերին ահաբեկիչ է համարում, նաեւ զգուշանում, որ, եթէ կիսաանկախ վիճակում գտնւող քրդերը Սիրիայում ձեռք բերեն ինքնավարութիւն, ապա դա գուցէ ազդանշան լինի Թուրքիայում բնակւող քրդերի համար, որոնք բազմիցս են անջատողական նկրտումներ ունեցել, եւ Սիրիայի, Իրաքի ու Թուրքիայի քրդական ինքնավարութիւնների անկախացումով եւ միաւորումով կիրականանայ Մեծ Քուրդիստանի երազանքը:

Թուրքիան ու ԱՄՆ-ը վերջին երկու ամիսներին բազմիցս են քննարկել Սիրիայի հիւսիսում անվտանգութեան գօտի ստեղծելու հարցը: Երկու երկրները վերջերս յայտարարել էին, որ համաձայնութեան են եկել գօտու ստեղծման շուրջ, ինչն այնքան էլ արժանահաւատ չէ: Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ եթէ ԱՄՆ-ը շարունակի ձգձգման քաղաքականութիւնը, ապա Թուրքիան ստիպւած կը լինի միայնակ ձեւաւորել անվտանգութեան գօտին: Երկու երկրների միջեւ առկայ անհամաձայնութիւնը կապւած է հիմնականում երկու իրողութեան հետ. նախ Թուրքիան բազմիցս է իր անհանգստութիւնը յայտնել, որ ԱՄՆ-ն ամէն տեսակ օժանդակութիւն է ցոյց տալիս Սիրիայի քրդերին: Եւ երկրորդ՝ թուրքերի ախորժակի հետ. Թուրքիան պահանջում է, որ անվտանգութեան գօտին ընդգրկի թուրքական սահմանից դէպի Սիրիա 30-40 կմ. տարածք՝ գրեթէ ամբողջ երկայնքով, մինչդեռ ԱՄՆ-ն առաջարկում է մինչեւ 10 կմ. խորութիւն: Թուրքիան Սիրիայի հիւսիսային Ազեզ, Էլ Բաբ, Աֆրին եւ Ջերաբլուս բնակավայրերում իրականացնում է թուրքացման քաղաքականութիւն, իսկ դեռեւս ապրիլ ամսին տեղեկութիւններ էին տարածւել, որ Թուրքիան պատ է կառուցում Աֆրինի շրջակայքում: Թէ ինչի՞ն է ուղղւած այս ամէնը, կարծում ենք՝ մեկնաբանութեան կարիք չկայ, սակայն մի երկրում, որտեղ իրենց հետաքրքրութիւններն ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը, Թուրքիայի համար դժւար կը լինի իրագործել հերթական ծաւալապաշտական նկրտումները:

 

Yerkir.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։