Հա

Քաղաքական

07/10/2019 - 14:20

Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. թուրքացումը սարերի յետեւում չէ

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձէն, որը հրաժարական տւեց սեպտեմբերի 2-ին, աւելի վաղ՝ օգոստոսի 12-ին, վրացական ազգային տօնի՝ Դիդգորոբայի տօնակատարութեան ժամանակ բարձրաձայն տեղեկացրեց բոլոր ներկաներին, որ «Դիդգորիի մարտը շարունակւում է վրացիներից իւրաքանչիւրի համար»: 1121 թ.-ին վրաց թագաւոր Դաւիթ Աղմաշենեբելին Դիդգորում ջախջախեց սելջուկեան թուրքերի բանակին, ինչը յանգեցրեց ապագայ մայրաքաղաքի` Թբիլիսիի յետագայ ազատագրմանը, ինչպէս նաեւ Վրաստանի ընդհանուր միաւորմանը:

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձէն, որը հրաժարական տւեց սեպտեմբերի 2-ին, աւելի վաղ՝ օգոստոսի 12-ին, վրացական ազգային տօնի՝ Դիդգորոբայի տօնակատարութեան ժամանակ բարձրաձայն տեղեկացրեց բոլոր ներկաներին, որ «Դիդգորիի մարտը շարունակւում է վրացիներից իւրաքանչիւրի համար»: 1121 թ.-ին վրաց թագաւոր Դաւիթ Աղմաշենեբելին Դիդգորում ջախջախեց սելջուկեան թուրքերի բանակին, ինչը յանգեցրեց ապագայ մայրաքաղաքի` Թբիլիսիի յետագայ ազատագրմանը, ինչպէս նաեւ Վրաստանի ընդհանուր միաւորմանը. գրում է Infoteka24-ը։ 

Բախտաձէն բարձրաձայնեց ներկայիս հրատապ խնդիրը՝ Թուրքիայի դանդաղ ընդլայնումն ամբողջ Հարաւային Կովկասում: Կասկած չկայ, որ վրացական հողերը գտնւում են Թուրքիայի յատուկ հետաքրքրութիւնների շրջանակներում: Բաւական է մէջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն արտայայտութիւնը, որ նա արել է 2016 թւականի հոկտեմբերի 15-ին՝ ելոյթ ունենալով Թուրքիայի Ռիզէ քաղաքի համալսարանում: Ըստ նրա՝ թուրքական պետութիւնն իրենն է Թուրքիայի այսօրւայ «ոչ լեգիտիմ» սահմաններին հարող տարածքները:

«Մեր հետաքրքրութիւնների շրջանակում են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան եւ եղբայրական այլ շրջաններ: Շատ պատմաբաններ կարծում են, որ Կիպրոսը, Հալէպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արեւմտեան Թրակիան եւ Էգէեան ծովի կղզիները պէտք է լինեն Թուրքիայի սահմաններ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

Աջարիա, Սամցխէ-Ջաւախք, Քւեմօ-Քարթլի եւ Կախեթի վրացական շրջաններն աւելի յաճախակի են բախւում Թուրքիայի ընդլայնմանը, քան միւսները: Յատկանշական է, որ Անկարան օգտագործում է «փափուկ ուժ», փորձում է անտեսանելի լինել եւ չի վստահում ներդրւած միջոցների ակնթարթային վերադարձին: Թուրքիան հիմնական շեշտը դնում է կրօնական, տնտեսական եւ կրթական բաղադրիչների վրայ:

Բացի այդ՝ Քւեմօ-Քարթլիի եւ Կախեթիի շրջաններում, որտեղ կոմպակտ բնակւում է ադրբեջանական համայնքը, Թուրքիան ակտիւօրէն օգտագործում է եղբայրական Ադրբեջանի աջակցութիւնը: Հարկ է նշել, որ ներկայումս թուրքամէտ հասարակական կազմակերպութիւնների եւ հումանիտար նախագծերի ամբողջ ցանցը գործում է Թուրքիայի միջազգային համագործակցութեան եւ զարգացման գործակալութեան՝ TIKA-ի հովանու ներքոյ: Այս կառոյցը յաճախ MIT-ի՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպութեան համար է աշխատում:

 

Մշակութային եւ հումանիտար ոլորտները

Վրաստանի մուսուլման բնակչութիւնը կազմում է երկրի ընդհանուր բնակչութեան աւելի քան 10% -ը, եւ այդ ցուցանիշն անընդհատ աճում է: Ակտիւ իսլամացումը թուրք միսիոներներն իրականացրել են 2000-ականների սկզբից:

Այսպէս՝ 2002-ին Քւեմօ-Քարթլիում, Մառնեուլի շրջանի Մէորէ-Կեսալօ գիւղում, Ադրբեջանի հետ սահմանին, Թուրքիայի ֆինանսական աջակցութեամբ, բացւեց իսլամական մեդրեսէ, որը հաւաքեց մեծ թւով տեղական երիտասարդութեան: Շուտով ուսանողները սկսեցին թուրքամէտ քարոզչութիւնը դպրոցի պատերից դուրս: Թուրքական կողմը հիւրընկալեց լաւագոյն ուսանողներին՝ հետագայ ուսումնառութեան համար:

2006-2008 թւականներին, կրթութիւն ստանալով Թուրքիայում, նախկին ուսանողները Վրաստանում հիմնել են մի շարք թուրքամէտ երիտասարդական կազմակերպութիւններ, ինչպիսիք են «Խուզուր»-ը, Վրաստանի մուսուլմանների ընկերակցութիւնը եւ Վրաստանի երիտասարդութեան կրթութեան եւ աջակցութեան ընկերակցութիւնը: Այս կազմակերպութիւնների գործունէութիւնը վերահսկում էր վրաց-թուրքական բարեկամութեան ասոցիացիայի ղեկավար Էմին Շեքերջին: Երկար ժամանակ նա ղեկավարում էր Մէորէ-Կեսալոյի մեդրեսէն եւ այդ ժամանակ արդէն թուրքական յատուկ ծառայութիւնների «ազդեցութեան գործակալ» էր: Թուրքիայի շահերից բխող ջանքերի ընդհանուր համակարգումն իրականացւել է Թուրքիայի դեսպանութեան կրօնական հարցերով նախկին կցորդ Ահմեդ Էրդեմի կողմից:

Անցած տարիների ընթացքում այդ կազմակերպութիւնները զգալիօրէն աւելացրել են իրենց անդամների թիւը եւ տեղական իշխանութիւնների շրջանում հեղինակութիւն ու համակրանք ձեռք բերել: Դրանում մեծ դեր խաղաց կրօնական տօների ընթացքում անապահով ընտանիքներին տրւող անհատոյց օգնութիւնը: Նման բարեգործութեան համար միջոցներ են յատկացւել արդէն նշւած TIKA գործակալութեան միջոցով: 

Հիմնադրման պահից ի վեր «Խուզուր»-ը եւ Վրաստանի մուսուլմանների ընկերակցութիւնն ակտիւօրէն ներգրաււած են եղել Վրաստանում թուրք միսիոներների կողմից իրականացւող սոցիալական, կրօնական եւ մարդասիրական գործընթացներում: Թուրքերէնը, վրացերէնը եւ անգլերէնը, ինչպէս նաեւ համակարգչային գրագիտութիւնը դասաւանդւում էին մուսուլմանական համայնքներում կրթական դասընթացներով՝ կրօնի հետ միասին:

Վերջին տարիներին Վրաստանի երիտասարդութեան կրթութեան եւ աջակցութեան ընկերակցութիւնն անցկացրել է նախապատրաստական դասընթացներ այն դիմորդների համար, որոնք ցանկանում են ուսումը շարունակել թուրքական բուհերում: Ծրագիրն իրականացւել է նաեւ Թուրքիայի դեսպանատան ակտիւ աջակցութեամբ: Կազմակերպութիւնը թողարկել է նաեւ «Ուգուր» հումանիտար ամսագիրը՝ նւիրւած կրօնական քարոզչութեանը, եւ երիտասարդութեանը ներգրաւել թուրքամէտ կազմակերպութիւններում: Վերջին տարիներին Ադրբեջանի երիտասարդական աջակցութեան հիմնադրամը եւ Վրաստանում աշխատող թուրք գործարարները միացել են հասարակական ասոցիացիայի ֆինանսաւորմանը: 

Իսլամի մասսայականացումը Ռուսթաւի քաղաքում թուրքական «Չագլար» ընկերութիւնն է իրականացնում: Դրա հովանու ներքոյ ստեղծւել է վարժարան-դպրոց, որում թուրք ուսուցիչները երեխաներին դասաւանդում են առաջինից մինչեւ վեցերորդ դասարան:

 

Բիզնես հետաքրքրութիւններ

TIKA գործակալութեան միջոցով Վրաստանում իրականացւում են տարբեր տնտեսական նախագծեր: Հիմնականում թուրք «գործարարները» հետաքրքրւած են շինարարութեան, տրանսպորտի եւ բժշկական ոլորտներով: Իրենց գործունէութիւնը ծաւալելու համար միջոցները նրանք առանց խնդիրների գտնում են թուրքական բանկերում՝ վարկերի տեսքով: 

Բացի այդ՝ թուրքերը մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերել ցամաքային ռեսուրսների նկատմամբ եւ ակտիւօրէն գնել գիւղատնտեսական հողեր Վրաստանում: Այնուամենայնիւ, 2018-ի վերջին կառավարութիւնը լսեց բնակչութեան պահանջները եւ արգելք դրեց օտարերկրեայ քաղաքացիների կողմից վրացական հողերի տնօրինման վրայ:

2007 թւականից ի վեր թուրքական TAV Airports Holdings ընկերութիւնը Թբիլիսիում եւ Բաթումում կառուցել եւ վերակառուցել է վրացական երկու օդանաւակայաններ: Ներկայումս այս ընկերութիւնը շարունակում է կառավարել դրանք: Աւելին՝ թուրքական Հոպա քաղաքի՝ Բաթումի օդային նաւահանգստի մօտակայքում գտնւելու պատճառով թուրքերը օդանաւակայանն օգտագործում են որպէս իրենց ներքին եւ նոյնիսկ ունեն լրացուցիչ արտօնութիւններ: Թուրքիայի քաղաքացիներն աւիատոմսեր են գնում դէպի Բաթումի, որտեղ նրանց առանձին աւտոբուսով են դիմաւորում եւ տեղափոխում թուրքական տարածք ՝ շրջանցելով մաքսակէտը:

 

Վրաստանը՝ Թուրքիայի հետաքրքրութեան գօտում

Վրացիների իսլամացման եւ «թուրքացման» միտումները չեն կարող չանհանգստացնել: Վրաստանի ղեկավարութիւնը, կարծես, դրսից է հետեւում այս գործընթացներին: Ես կը ցանկանայի, որ ՆԳՆ-ն եւ Պետական անվտանգութեան ծառայութիւնը ունենան գործողութիւնների պլան, երբ արտասահմանեան պետութիւնները նախաձեռնում են երկրի հարաւային շրջանների աստիճանական իսլամացումը: Առաւել եւս, որ Վրաստանի ապագայ կառավարութիւնը կը ձեւաւորւի անվտանգութեան ուժերի կողմից։ 

Ներկայումս վարչապետի պաշտօնի գլխաւոր թեկնածուն ներքին գործերի նախարար Գէորգի Գախարիան է, որն արդէն փոփոխութիւններ է մտցրել կառավարութիւնում: Այսպէս՝ Գախարիան Պետական անվտանգութեան ծառայութեան ղեկավար Վախթանգ Գոմելաուրին առաջարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թափուր պաշտօնը: 

Այնուամենայնիւ, երկրի զարգացման վեկտորի արմատական փոփոխութիւն չի սպասւում: Մինչդեռ՝ իրաւապահ մարմինների եւ նրանց ղեկավարութեան գործունէութիւնն աւելի ու աւելի է քննադատւում: Ըստ վրաց բնակչութեան հարցման՝ տնտեսական անվտանգութեան անկման եւ գործազրկութեան խնդիրներից յետոյ երկրորդ տեղում է անվտանգութեան ուժերի աշխատանքից դժգոհութիւնը: Աւելին՝ հնարաւոր է ներքին ճգնաժամի սրացում, ինչը բացատրւում է Թբիլիսիում ընդդիմութեան ցոյցերով, որոնց հիմնական պահանջը պարզապէս Գախարիայի հրաժարականն է յունիսի 20-ի բողոքի ապօրինի ծանր գործողութիւնների պատճառով:

Նման իրադարձութիւնները եւս մէկ անգամ շեղում են ուշադրութիւնը Վրաստանում Թուրքիայի էքսպանսիայի խնդրից, ինչն աւելի շատ տեղ է տալիս նրա գործունէութեան համար։

 

ԴԱՒԻԹ ՏԱԲԱՏԱՁԷ 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։