Հա

Քաղաքական

08/10/2019 - 13:00

Արդեօք Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում նկատելի են դիրքորոշման մեղմացման միտումներ

Իրանի հանդէպ ԱՄՆ վարչակազմի քաղաքականութեան մէջ վերջին շրջանում որոշակի հետաքրքական միտումներ են նկատւում: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից յետոյ ակտիւ քննարկման թեմա էր դարձել այն, թէ արդեօք ԱՄՆ նախագահը կը փոխի Իրանի նկատմամբ իր քաղաքականութիւնը: Հարցադրումը պատահական չէր, քանի որ հեռանում էր Իրանի հարցում կոշտ քաղաքականութեան կողմնակիցը, ով նախկինում անգամ բարձրաձայնել է Իրանի դէմ պատերազմ սկսելու անհրաժեշտութեան մասին:

ԼԻԱՆԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Իրանի հանդէպ ԱՄՆ վարչակազմի քաղաքականութեան մէջ վերջին շրջանում որոշակի հետաքրքական միտումներ են նկատւում: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից յետոյ ակտիւ քննարկման թեմա էր դարձել այն, թէ արդեօք ԱՄՆ նախագահը կը փոխի Իրանի նկատմամբ իր քաղաքականութիւնը: Հարցադրումը պատահական չէր, քանի որ հեռանում էր Իրանի հարցում կոշտ քաղաքականութեան կողմնակիցը, ով նախկինում անգամ բարձրաձայնել է Իրանի դէմ պատերազմ սկսելու անհրաժեշտութեան մասին: Forbes-ի համաձայն՝ ԱՄՆ նախագահը Ջոն Բոլթոնին յաճախ ծաղրում էր պատերազմ սկսելու իր ցանկութեան համար:

Ստորեւ փորձենք վերլուծել վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի առաջնորդների կողմից հնչող յայտարարութիւնները՝ հասկանալու, թէ արդեօք կան երկկողմ հռետորաբանութեան մեղմացման որոշակի միտումներ:

Ջոն Բոլթոնի հրաժարականի յաջորդ օրը պատասխանելով լրագրողի հարցին, թէ ԱՄՆ պատրաստւում է մեղմել Իրանի դէմ պատժամիջոցները՝ ԱՄՆ նախագահը չի բացառել նման հաւանականութիւնը՝ նշելով. «Տեսնենք ինչ կը լինի… Մենք յուսով ենք, որ կը կարողանանք հասնել պայմանագրի կնքման…»: Մի քանի օր անց ԱՄՆ նախագահը յայտարարեց, որ ինքը հակւած չէ Իրանի դէմ պատերազմելու՝ նշելով, որ իր ուժը ոչ թէ պատերազմելու, այլ պատերազմ չսկսելու մէջ է. «Պատերազմ սկսելն ամենահեշտ գործ է, որ ես կարող եմ այս փուլում անել»:

Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա նրանք եւս չեն բացառել բանակցութիւնների հաւանականութիւնը: Օրինակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն դեռեւս ունի հնարաւորութիւն վերադառնալու «5+1» ձեւաչափի բանակցութիւններին՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների վերացման պարագայում:  Չբացառելով բանակցութիւնների հաւանականութիւնը՝ միեւնոյն ժամանակ ՄԱԿ Գլխաւոր ասամբլեայի իր ելոյթում Իրանի նախագահը փաստեց, որ իրենք հրաժարւում են ճնշման տակ բանակցել: «Եթէ դուք ցանկանում էք աւելին, եթէ Ձեզ անհրաժեշտ է աւելին, դուք պէտք է տաք, վճարէք աւելին»:

Դատելով ամերիկեան կողմի վերջին յայտարարութիւններում տեղ գտած հիմնական շեշտադրումների վերլուծութիւնից, կարող էք փաստել, որ ամերիկեան կողմի հռետորաբանութեան մէջ նկատելի են մեղմացման որոշակի միտումներ: Նման միտումները նախեւառաջ պայմանաւորւած են ԱՄՆ-ում յաջորդ տարի սպասւող նախագահական ընտրութիւններով, որոնց ընդառաջ ԱՄՆ նախագահի թիմը ցանկանում է որոշակի դիւիդենտներ քաղել՝ իր կողմ գրաւելով նոր ընտրազանգւած: Այս համատեքստում, իհարկէ, պատահական չէր Ջան Բոլթոնի հրաժարականը։ Վերջինս, լինելով «բազէների թեւի ներկայացուցիչ», Թրամփի համար դարձաւ «քաւութեան նոխազ»՝ ընտրողներին ցոյց տալու, որ ԱՄՆ նախագահը շարունակում է հաւատարիմ մնալ իր նախընտրական խոստումին, այն է՝ զերծ մնալ այլ երկրների հետ ուղղակի ռազմական առճակատումից: Այս առումով պատահական չէր նաեւ այն, որ Ջոն Բոլթոնին փոխարինեց  Ռոբերտ Օ՛Բրայանը՝ պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով վարչութեան ղեկավարի յատուկ դեսպանը, ով յայտնի լինելով բանակցելու իր կարողութիւններով, միեւնոյն ժամանակ քննադատել է Իրանի հետ Միջուկային գործարքը՝ Իրանին անւանելով ահաբեկչութեանն աջակցող ամենամեծ պետութիւնն աշխարհում:

Ամերիկեան կողմի նման դիրքորոշման ֆոնին տրամաբանական է նաեւ իրանական կողմի արձագանքը. հասկանալով ամերիկեան կողմի «կառուցողական» դիրքորոշման դրդապատճառները՝ Իրանը ցանկանում է քաղել առաւելագոյն դիւիդենտները՝ ամերիկեան կողմին խաղի իր կանոնները թելադրելով:

Հաշւի առնելով կողմերի առ այսօր արտայայտած անզիջում դիրքորոշումները՝ քիչ հաւանական է, որ ԱՄՆ-ում յաջորդ տարի սպասւող ընտրութիւններին ընդառաջ ականատես կը լինենք ԱՄՆ-Իրան յարաբերութիւններում լուրջ դրական շրջադարձերի։ Սա, նախեւառաջ, պայմանաւորւած է ԱՄՆ վարչակազմի արտայայտւած ցանկութեամբ՝ հաւատարիմ մնալ Իրանի հարցում որդեգրած «առաւելագոյն ճնշման» քաղաքականութեանը՝ չդրսեւորելու «թուլութիւն» իրեն աջակցող ընտրազանգւածի առջեւ։

 

 «Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։