Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 08:10

Լարիջանին ու Կարապետեանը բարձր են գնահատել հայ-իրանական յարաբերութիւնները

Իրան կատարած պաշտօնական այցի շրջանակում երէկ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ:

«alikonline.ir» - Իրան կատարած պաշտօնական այցի շրջանակում երէկ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկւել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցութեանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին, դոկտ. Լարիջանին նշել է, որ դրանք գտնւում են գոհացուցիչ մակարդակի վրայ եւ պաշտօնական Թեհրանը ողջունում է երկու երկրների միջեւ խորհրդարանական, տնտեսական եւ քաղաքական յարաբերութիւնների ընդլայնումը:

Նա ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցութեան հարցում որեւէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյութիւն չունի, եւ Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրւած յարաբերութիւններն առաւել ընդլայնելու հարցում:

Դոկտ. Լարիջանին շեշտել է, որ երկկողմ տնտեսական օրակարգը շատ յագեցած է, եւ առկայ են փոխգործակցութիւնը զարգացնելու մեծ հնարաւորութիւններ՝ ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափերում:

Վարչապետ Կարէն Կարապետեանն էլ իր հերթին նշել է, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարեկամական բարձր մակարդակի վրայ:

Նա ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրւած իրականացնելու ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, մասնաւորապէս՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կը հաղորդի երկկողմ յարաբերութիւններին:

ՀՀ վարչապետը ներկայացրել է Սիւնիքում ազատ տնտեսական գօտու գործարկման ծրագիրը՝ կարեւորելով դրանում իրանական ընկերութիւնների ակտիւ մասնակցութիւնը: «Համոզւած եմ, որ շատ մեծ հնարաւորութիւններ ունենք կրկնապատկելու եւ անգամ եռապատկելու մեր յարաբերութիւնները տնտեսական ոլորտում»,- ասել է Կարէն Կարապետեանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրին: Նրանք համակարծիք են եղել, որ այն պէտք է լուծւի բացառապէս խաղաղ բանակցութիւնների շրջանակում. «Մենք համոզւած ենք, որ բացառապէս խաղաղ բանակցութիւնների միջոցով է հնարաւոր կարագաւորել տարածաշրջանային հիմնահարցերը»,- այս կապակցութեամբ նշել է դոկտ. Լարիջանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։