Հա

Քաղաքական

12/12/2017

ՀՀ ԱԺ պատւիրակութեան հանդիպումները՝ Թեհրանում

Դեկտեմբերի 11-ին Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին ընդունել է աշխատանքային այցով Թեհրանում գտնւող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեանը՝ Վահրամ Բաղդասարեանի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ՝ դեկտեմբերի 11-ին Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին ընդունել է աշխատանքային այցով Թեհրանում գտնւող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեանը՝ Վահրամ Բաղդասարեանի գլխաւորութեամբ:

Ողջունելով հայկական պատւիրակութեանը, դոկտ. Լարիջանին նշել է, որ Հայաստանն Իրանի բարեկամ երկիրն է, եւ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ պաշտօնական Թեհրանը մշտապէս պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թէ՛ խորհրդարանական եւ թէ՛ կառավարութիւնների մակարդակում:

Դոկտ. Լարիջանին երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերին յորդորել է առաւել ակտիւացնել համագործակցութիւնն ու աշխատել տնտեսական կապերն առաւել զարգացնելու ուղղութեամբ:

Մասնաւորապէս խօսելով Մեղրիում նախատեսւող ազատ տնտեսական գօտու ստեղծման մասին, նա կարեւորել է երկու երկրների առեւտրա-արդիւնաբերական պալատների միջեւ փոխգործակցութեան ակտիւացումը, որը կը նպաստի իրանական կապիտալի ներգրաւումն այդ գործընթացում:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ դոկտ. Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտութիւնների սրումը որեւէ մէկին օգուտ չի կարող տալ. դրանք պէտք է լուծւեն բանակցութիւններով:

Վահրամ Բաղդասարեանն էլ իր երթին շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար եւ վերահաստատել իրանական կողմի հետ յարաբերութիւնները զարգացնելու հայկական կողմի պատրաստակամութիւնը՝ նշելով, որ դեռ անելիքներ կան յատկապէս առեւտրատնտեսական, էներգետիկ եւ զբօսաշրջութեան ոլորտներում:

«Մենք բարձր ենք գնահատում Իրանի Իսլամական Հանրապետութեան հաւասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ վերահաստատում ենք, որ մեզ համար հիմնախնդրի կարգաւորման միակ ճանապարհը բանակցային լուծումն է՝ ի տարբերութիւն ադրբեջանական կողմի: Թէեւ նախորդ տարիների համեմատ նւազել է երկկողմ առեւտրա-շրջանառութեան մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղութեամբ»: Վահրամ Բաղդասարեանը յաւելել է նաեւ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամները ներկայացրել են իրենց տեսակէտներն Իրանի եւ Հայաստանի բարեկամութեան ու քաղաքական եւ տնտեսական համագործակցութեան զարգացման մասին: Նրանց գնահատմամբ՝ հայ-իրանական յարաբերութիւնները եղել եւ շարունակում են մնալ եղբայրական:

Դոկտ. Ալի Լարիջանիից բացի ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամութեան խմբի պատւիրակութիւնը հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանի տնտեսական եւ էներգետիկ յանձնաժողովների նախագահներ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիի եւ Ֆերէյդուն Հասանւանդիի հետ:

Կայացած հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ակտիւացումը, յատկապէս՝ էներգետիկ ոլորտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։