Հա

Քաղաքական

16/08/2018

Ռոհանին եւ Զարիֆը պաշտպանել են Կասպեան կոնւենցիան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պաշտպանել են Ակտաուի գագաթաժողովում, Մերձկասպեան տարածաշրջանի 5 երկրների միջեւ ստորագրւած Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պաշտպանել են Ակտաուի գագաթաժողովում, Մերձկասպեան տարածաշրջանի 5 երկրների միջեւ ստորագրւած Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան:

Կառավարութեան օգոստոսի 15-ի նիստի ժամանակ, անդրադառնալով Կասպեան կոնւենցիային, նախագահ Ռոհանին նշել է, որ այն խափանել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաւադրութիւնները, որոնք ցանկանում էին ռազմական ներկայաութիւն ապահովել կասպից ծովում:

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաւադրութիւնը միտւած էր այն բանին, որ Կասպից ծովի ափին յայտնւեն իրենց զինւորները, այստեղ գան ամերիկեան նաւերը, ուղղաթիռներն ու ռազմաբազաները: Սակայն կոնւենցիան արգելեց ռազմաբազաների ստեղծումը եւ օտարերկրեայ նաւերի ներկայութիւնը Կասպից ծովում: Պայմանաւորւածութիւնների համաձայն՝ կասպից ծովի տարածքում գտնւող իւրաքանչիւր նաւ պէտք է լինի Մերձկասպեան հինգ պետութիւններից մէկի դրօշի ներքոյ»,- ասել է նախագահը:

Յիշեցնենլով, որ Մերձկասպեան տարածաշրանի 5 երկրներն աւելի քան 20 տարի է, ինչ բանակցութիւններ են վարում, դոկտ. Ռոհանին նշել է, որ Ակտաուի գագաթաժողովում ընդունւած կոնւենցիայի շնորհիւ յաջողւել է լուծել մի շարք հարցեր, սակայն, դեռեւս կան որոշակի խնդիրներ, որոնց մասին անհրաժեշտ է բանակցել:

«Մենք որոշ հարցեր լուծեցինք, սակայն շատերը դեռ պէտք է լուծւեն: Որոշ հարցերում ծովի հիւսիսային հատւածի երկրները կարող են համաձայնութեան գալ: Ինչ վերաբերում է ծովի հարաւային հատւածին, այստեղ դեռեւս խնդիրներ կան Իրանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանի հետ մասնակիօրէն համաձայնութիւններ են ձեռք բերւել, սակայն մի շարք հարցեր դեռեւս չեն լուծւել»,- ասել է նա:

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն էլ «Ալէֆ» կայքի հետ զրոյցում, փորձել է պատասխանել է ծովի յատակից եւ ընդերքից Իրանի բաժնի մասին արծարծւող հարցերին եւ մտահոգութիւններին:

Պատասխանելով այն հարցին, թէ ճի՞շտ են արդեօք շրջանառւող լուրերն այն մասին, որ Իրանի բաժինը 50%-ից իջել է 11%-ի, դոկտ. զարիֆն ասել է. «Ո՛չ, նման բան չկայ: Իրանի բաժինը երբեւ 50% չի եղել, ոչ էլ հիմա արծարծւող 11%-ն է կամ մէկ այլ թիւ: Ռուսաստանից եւ Ղազախստանից բացի, որեւէ այլ երկրի բաժինը դեռեւս չի յստակեցւել»:

Նա հերքել է Կասպից ծովում Իրանի իրաւունքները զիջելու մասին շրջանառաւող բոլոր լուրերը՝ դրանք համարելով անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող:

«Նման բան չկայ: Իրանը ոչինչ չի զիջել»,- ասել է ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ ընդունւած կոնւենցիայում նկատի են առնւել բոլոր երկրների շահերը. «Այն Իրանի արատքին յարաբերութիւնների պատմութեան մէջ կարեւոր եւ արժէքաւոր փաստաթուղթ է»,- ընդգծել է դոկտ. Զարիֆը՝ նշելով, որ կոնւենցիան համապարփակ փաստաթուղթ է, որը յստակեցնում է Մերձկասպեան բոլոր երկրների իրաւունքներն ու պարտաւորութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։