Հա

Քաղաքական

14/11/2018 - 10:50

Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը չափազանց անորոշ է

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարւել միջուկային զէնք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կը փոխւի հայ-իրանական յարաբերութիւններում: 

«alikonline.ir» - Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարւել միջուկային զէնք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կը փոխւի հայ-իրանական յարաբերութիւններում: Վերջապէս, ի՞նչ քաղաքականութիւն է վարում ներկայումս Հայաստանը Իրանի հետ, հաշւի առնելով, որ չնայած բազում յայտարարութիւնների, վարչապետ Փաշինեանն այդպէս էլ դեռ Իրան չի այցելել` երկու անգամ հրաւէր ստանալուց յետոյ: Այս իրավիճակի վերաբերեալ «Իրաւունք»-ը զրուցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի հետ, որն անդրադառնալով ներկայ հայ-իրանական յարաբերութիւններին եւ Բոլթոնի յայտարարութիւններին փաստեց.

«Որոշակի անհանգստութիւն իրանական կողմն ունի»

- Հայ-իրանական յարաբերութիւններում, յամենայնդէպս, ներկայ պահին, խիստ վտանգաւոր իրավիճակ չկայ, բայց անորոշութիւններ կան: Այդ անորոշութիւններն էլ իրանական կողմը դեռեւս փորձում է կապել ՀՀ-ում ներկայ ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հետ: Ընտրութիւններից յետոյ, ուզում ենք հաւատալ, որ ներկայ անորոշութիւնները իսպառ կը վերանան: Որովհետեւ, այսօր Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը չափազանց անորոշ է, եւ տպաւորութիւն կայ, որ արտաքին քաղաքականութիւնը ենթակայ է ներքին քաղաքական կեանքին: Յուսանք, որ ընտրութիւններից յետոյ այդ անորոշութիւնը կը վերանայ, եւ ներկայիս իշխանութիւնները կը շարունակեն նախորդների վարած քաղաքականութիւնը Իրանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Բոլթոնի արած Իրանի մասով, այսպէս ասած, հեղհեղուկ յայտարարութիւններին, ապա այստեղ որոշակի անհանգստութիւն իրանական կողմը ունի: Թէպէտ կրկին կարծում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտօնակատարի խօսքը, որ իւրաքանչիւր մարդ իր կարծիքն ունի, իրապէս այդպէս է: Ինչը հաւատ է ներշնչում, որ ներկայ անհանգստութիւնները, անորոշութիւնները կը վերանան ընտրութիւններից յետոյ:

 

- Պարոն Խանլարեան, խօսակցութիւններ կան, որ վերջին ժամանակներս իրանական բեռնատարներն ինչ-ինչ խնդիրների են բախւում հայկական մաքսակէտում:

- Այո, հնարաւոր է, բայց չեմ կարծում, որ դա կապ ունի Հայաստանի` Իրանի նկատմամբ ինչ-որ քաղաքականութեան փոփոխութեան հետ: Իրանն այսօր մաքսանենգութեան երեւոյթի դէմ լուրջ միջոցառումներ է ձեռնարկում, որպէսզի մաքսանենգութեան հետ կապւած խնդիրները առհասարակ վերանան Իրան-Հայաստան սահմանագծի վրայ: Այդ իմաստով չեմ կարծում, որ դա որեւէ կապ ունի Հայաստանի հետ:

 

«ԱՄՆ պատժամիջոցները կարող են տարածաշրջանում շատ լուրջ վտանգներ բերել»

- ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները արդէն իսկ զգացնել տալիս են Իրանում: Առհասարակ, ի՞նչ վտանգներով է յղի այս իրավիճակը տարածաշրջանի համար:

- Պատժամիջոցները, իրապէս, իրենց բացասական հետքերը թողել են Իրանում: Դոլարի կուրսը եռապատիկ է դարձել, ինչն արագօրէն ազդում է տնտեսութեան բոլոր ոլորտների վրայ: Շատ դժւար է այսօր ինչ-որ կերպ շրջանցել, դիմագրաւել այդ պատժամիջոցներին: Իհարկէ, իշխանութիւնները կարողանում են դեռեւս դիմագրաւել նաւթային սանկցիաներին, որովհետեւ ունեն այդ կամքը: Միաժամանակ, Իրանի համար նաւթային սանկցիաներին դիմագրաւելը այդքան էլ բարդ չէ, քանի որ ունի այդ հնարքների գործիքները: Այսինքն, թէ՛ իշխանութիւնները, թէ՛ գործադիր եւ դատական մարմինները ունեն կամք եւ կարողանում են դիմագրաւել Դոնալդ Թրամփի քաղաքական քմահաճոյքներին: Կարծում եմ` գերտէրութիւնները շատ լաւ հասկանում ու գիտակցում են, որ եթէ Իրանին փորձեն մեկուսացնել նաւթային իմաստով, շատ դժւար իրավիճակ կը ստեղծւի: Որովհետեւ, նաւթային ռեսուրսները` նկատի ունեմ Սաուդական Արաբիայի, Իրաքի, շատ արագ կը սպառւի: Արդիւնքում, աշխարհը կը կանգնի էներգետիկայի մի նոր խնդրի առաջ: Այնպէս որ, ԱՄՆ-ն վաղ թէ ուշ պարտաւոր է լինելու վերանայել Իրանի նկատմամբ իրականացւող սանկցիաների քաղաքականութիւնը: Իհարկէ, ԱՄՆ ունի այն հաւակնութիւնները, որ կարող է ինքը հանդէս գալ, որպէս նաւթի գլխաւոր մատակարար, բայց ես չեմ կարծում, որ դա այդքան հեշտ բան է: Եւ վաղ թէ ուշ Եւրոպան եւ առհասարակ՝ աշխարհը էներգետիկայի խնդիրների դէմ հանդիման կը կանգնեն, եւ հէնց այդ ժամանակ արդէն անհրաժեշտութիւն կը լինի վերանայելու ԱՄՆ-ի սխալ քաղաքականութիւնը: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա իսկապէս ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են շատ լուրջ վտանգներ բերել: Կարծում ենք, որ այս առիթով Հայաստանը, որպէս Իրանի բարեկամ երկիր, առիթը չպէտք է բաց թողնի իր, այսպէս ասած, խօսքը հասցնելու ԱՄՆ-ին: Հայ-իրանական յարաբերութիւններում երկուստեք համագործակցութիւնը շարունակելու տրամադրութիւն, ամէն դէպքում, նկատւում է: Տեսնենք:

Զրոյցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆԻ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։