Հա

Քաղաքական

12/02/2019 - 11:28

Երեւանում նշել են Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը նշւել է Երեւանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան պաշտօնական կայքից:

«alikonline.ir»- Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը նշւել է Երեւանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան պաշտօնական կայքից:

Փետրւարի 11-ին ՀՀ-ում Իրանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած միջոցառմանը ներկայ են եղել ՀՀ կառավարութեան ներկայացուցիչներ, այդ թւում ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը:

Միջոցառման սկզբում ողջոյնի խօսքով հանդէս է եկել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին: Իր խօսքում նա նշել է, որ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, յանգուցեալ Էմամ Խոմէյնիի առաջնորդութեամբ յաղթանակած յեղափոխութիւնը միջազգային համակարգում մեծ փոփոխութիւնների պատճառ է դարձել:

Դեսպանը յիշեցրել է, որ յեղափոխութեան յաղթանակի հէնց սկզբից, ԱՄՆ-ն ամենատարբեր միջոցներով փորձել է ծնգի բերել յեղափոխութեանը, սակայն, նրա ձեռնարկած բոլոր սադրանքներն ապարդիւն են անցել:

Անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականութեանը, դեսպան Սաջջադին նշել է, որ հարեւան երկրների հետ համագործակցութեան ընդլայնումն ու տարածաշրջանում բարի դրացիական յարաբերութիւնների ձեւաւուրումն Իրանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից են:

Հանդիսութեանը ելոյթով հանդէս է եկել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը:

Շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, նախարաը նշել է, որ ՀՀ կառավարութեան անդամներին, խորհրդարանի անդամներին, դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչներին  եւ Իրանով զբաղւող եւ նրանով հետաքրքրւող, երկկողմ յարաբերութիւններում անմիջապէս ներգրաււած անձնաւորութիւնների մասնակցութեամբ բազմամարդ հաւաքն արտայայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի իր հարեւանի եւ մեծ բարեկամի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան հանդէպ:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նախարար Մնացականեանը մասնաւորապէս ասել է. «Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի հնամենի եւ հարուստ քաղաքակրթութիւնների ժառանգներն են, որոնց հազարամեակների հարեւանութիւնը կապել է բազմաթիւ ամուր թելերով: Դա նախ եւ առաջ հարուստ համատեղ պատմութիւնն է, խոր յարգանքը երկու ժողովուրդների միջեւ, հոգածութիւնը միմեանց մշակոյթի նկատմամբ եւ այս կուռ հիմքի վրայ խարսխւած բարիդրացիական փոխգործակցութիւնը: 

Թէեւ նորօրեայ միջպետական կապերն ընդամենը մի ակնթարթ են մեր երկու ժողովուրդների  հինաւուրց փոխյարաբերութիւնների շտեմարանում, սակայն, անկախութիւնը վերստին կերտած Հայաստանի համար դրանք բնորոշում են հաստատման ու կայացման մի կարեւորագոյն փուլ, որտեղ Իրանը հանդիսացել է մեր անփոխարինելի ուղեկիցը:

Մեր երկու ժողովուրդների բարեկամութիւնը, յատկապէս այսօր, կարող է ի ցոյց դրւել, որպէս տարբեր կրօնների ու քաղաքակրթութիւնների միջեւ միջմշակութային երկխօսութեան ու համակեցութեան վառ օրինակ եւ խորհրդանիշ տարբեր տարածաշրջաններում խաղաղութեան ու կայունութեան հաստատման համար»:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յոյս է յայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիւ հայ-իրանական աւանդական ջերմ եւ բարեկամական յարաբերութիւններն այսուհետ եւս կը շարունակեն ամրապնդւել եւ զարգանալ՝ արձանագրելով փոխշահաւէտ համագործակցութեան նոր ձեռքբերումներ:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։