Հա

Քաղաքական

07/07/2019 - 13:40

Իրանն այսօրւանից անցնելու է ուրանի հարստացման համար սահմանւած 3.67%-ի սահմանը

Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրականացման նպատակով, եւրոպական երկրների համար սահմանւած 60-օրեայ ժամկէտի աւարտին, Իրանը պաշտօնապէս յայտարարել է Միջուկային համապարփակ համաձայանգրով իր ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման երկրորդ փուլի մասին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրականացման նպատակով, եւրոպական երկրների համար սահմանւած 60-օրեայ ժամկէտի աւարտին, Իրանը պաշտօնապէս յայտարարել է Միջուկային համապարփակ համաձայանգրով իր ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման երկրորդ փուլի մասին: Այս մասին այսօր՝ յուլիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարել են կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդին:

«Այսօր պաշտօնապէս անցնելու ենք ուրանի հարստացման համար սահմանւած 3.67%-ի սահմանը եւ ուրանը հարստացնելու ենք ըստ մեր պահանջների»,- յայտարարել է Ալի Ռաբիին՝ յաւելելով, որ Իրանը չի պատրաստւում ցանկացած գնով մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրում:

«Մենք չենք պատրաստւում ցանկացած գնով մնալ Միջուկային համապարփակ համաձայանգրում: Ուրանի հարստացման տոկոսի բարձրացումը կոչւած է հէնց գործարքի պահպանմանը, դա կառավարութեան յստակ կարիծքն է»,- ասել է նա՝ յաւելելով, որ վստահ է, որ Իրանին կը յաջողւի յաղթահարել այս ուղին, եւ կառավարութիւնն Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքներով, ամէն ինչ կանի ժողովրդի շահերն ապահովելու համար:

Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին էլ իր հերթին յայտարարել է, որ Իրանի քայլը կոչւած է պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«Մեր կարծիքով, Միջուկային համապարփակ համաձայնագիրը հեղինակաւոր եւ կարեւոր մի փաստաթուղթ է, եւ մենք ցանկանում ենք պահպանել այն: Բայց փաստաթղթի հետ կապւած մեր պահանջները եւս պէտք է իրականացւեն: Քանի որ դա տեղի չի ունեցել, մենք վերանայում ենք մեր ստանձնած պարտաւորութիւնները»,- ասել է Արաղչին՝ յաւելելով, որ եթէ առաջիկայ 60 օրերի ընթացքում եւրոպական կողմի քայլերը չարդիւնաւորւեն, ապա Իրանը կը յայտարարի համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման երրորդ փուլի մասին:

Բեհրուզ Քամալւանդին էլ յայտնել է, որ Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեանը տեղեկացրել է իր գործողութիւնների նոր փուլի մասին, եւ առաջիկայ ժամերի ընթացքում կանցնի ուրանի հարստացման համար սահմանւած 3.67%-ի սահմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։