Հա

Քաղաքական

06/08/2019 - 12:40

«ԱԳ նախարարն Իրանի ժողովրդի ներկայացուցիչն է». Նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան այցելել է ԱԳ նախարարութիւն, ուր հանդիպել է նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Իր ելոյթում նախագահն անդրադառնալով արտաքին քաղաքականութեան իմաստին, նշել է, որ դա նշանակում է, թէ ինչպէս է որեւէ երկիր եւ ժողովուրդ գործակցում արտաքին աշխարհի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան այցելել է ԱԳ նախարարութիւն, ուր հանդիպել է նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում նախագահն անդրադառնալով արտաքին քաղաքականութեան իմաստին, նշել է, որ դա նշանակում է, թէ ինչպէս է որեւէ երկիր եւ ժողովուրդ գործակցում արտաքին աշխարհի հետ:

«Առ այդ, արտաքին քաղաքականութիւնը չի կարող որեւէ քաղաքական կուսակցութեանը կամ խմբաւորմանը լինել: Արտաքին քաղաքականութիւնը ողջ իրանական ազգին է վերաբերում, եւ, բնականաբար, արտաքին գործերի նախարարութիւնն ու արտաքին գործերի նախարարը ողջ իրանական ժողովրդի ներկայացուցիչն են, այլ, ոչ թէ որեւէ քաղաքական կուսակցութեան կամ խմբաւորման ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով էլ մեր արտաքին քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը պէտք է միաձոյլ լինեն»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ ԱԳ նախարարի խօսքերը, յայտարարութիւններն ու ելոյթները ողջ ժողովրդի կարծիքն է, փոխարէնը՝ կան երկրներ, որոնց ներկայացուցիչները ներկայացնում են ոչ թէ սեփական ժողովրդին, այլ, որեւէ գերտէրութեանը՝ կրկնելով նրանց խօսքերը:

Յիշեցնելով, որ Իրանն աշխարհի եզակի անկախ երկրներից է, դոկտ. Ռոհանին ասել է. «Սա մեծ պատիւ է, որին քչերն են արժանացել»:

Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականութեանը, Հանրապետութեան նախագահը նշել է, որ արտաքին քաղաքականութեան եւ յարաբերութիւնների վերաբերեալ կարեւոր որոշումները կայացւում է համակարգի ամենաբարձր մակարդակով, որն էլ գործադիրը եւ նրա համապատասխան գերատեսչութիւնը՝ ԱԳ նախարարութիւնը ստիպւած են իրագործել:

Դոկտ. Ռոհանին նշելով, որ պաշտօնավարութեան ողջ ընթացքում, արտաքին քաղաքականութեան վերաբերեալ իր կարծիքները մշտապէս կիսել է ժողովրդի հետ, յիշեցրել է, որ իր նախընտրական ծրագրի առանցքային կէտերից մէկը եղել է արտաքին աշխարհի հետ կառուցողական գործակցութիւնը. «Երեւի թէ դա ինձ տրւած ժողովրդի վստահութեան քւէի հիմնական պատճառներից մէկն էր»:

«Աշխարհին ընդդիմանալն ամենահեշտ գործերից է, որը որեւէ յատուկ կարողութիւն չի պահանջում: Միգուցէ ինչ-որ ժամանակաշրջանում, որեւէ երկիր ընտրի բոլորին կամ որոշակի երկրին ընդդիմանալու մարտավարութիւնը, բայց արտաքին յարաբերութիւնների եւ արտաքին քաղաքականութեան հիմքը կառուցողական գործակցութիւնն է: Կառավարութեան գործունէութեան երկրորդ շրջանում էլ յեղափոխութեան առաջնորդը մեկնաբանեց աշխարհի հետ լայն գործակցութիւնը: Դա ժողովրդի պահանջն ու համակարգի քաղաքականութիւնն է»,- ասել է նախագահը: Դոկտ. Ռոհանին անդրադառնալով ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի մասնագիտական կարողութեանը, նշել է, որ նա միջազգային մակարդակի, ճանաչւած դիւանագէտ է, որն իր տեղակալների հետ ամենաառանցքային դերակատարութիւնն է ունեցել Միջուկային գործարքի կայացման գործում: Ըստ նախագահի՝ Միջուկային համաձայնագիրն այնպիսին էր, որ աշխարհում ոչ ոք չէր կարող պնդել, թէ դա Իրանի վնասին էր: «Միայն մեր թշնամիներն էին պնդում, որ դա չափազանց վատ համաձայնագիր է, քանի որ Իրանի օգտին է: Թրամփն էլ էր դա ասում: Մենք չպարտւեցինք, բոլորն են խոստովանում, որ մենք յաղթել ենք»,- ասել է նա: Խօսելով տարածաշրջանային իրավիճակի մասին, նախագահը յիշեցրել է դեռեւս անցեալ տարի նոյն այս ձեւաչափով հանդիպման ժամանակ իր արտայայտած միտքը. «Իրանի հետ խաղաղութիւնը բոլոր խաղաղութիւնների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»: «Անվտանգութիւնը կը լինի անվտանգութեան դիմաց: Դուք չէք կարող հարւածել մեր անվտանգութեանը, եւ, փոխարէնը, անվտանգութեան ակնկալիք ունենալ»,- շեշտել է նա: Աւարտելով իր ելոյթը, դոկտ. Ռոհանին նշել է, որ մի խումբ պատերազմատենչ ծայրայեղականներից բացի, ԱԳ նախարարն առաւել քան երբեւէ սիրւած է երկրում, տարածաշրջանում եւ աշխարհում, եւ եթէ նրա դէմ պատժամիջոցներ սահմանելու թաքուն նպատակը երկրում պառակտում առաջացնելն էր, ապա դա բացառւած է, քանի որ իրանական ժողովուրդը միասնկան եւ միակամ է: «Մենք այս ճնշումները կը յաղթահարենք: Չկասկածէ՛ք. ուշ թէ շուտ յաղթելու ենք այս պատերազում, եւ մեր ընտրած ուղում Աստւածը մշտապէս լինելու է մեր հովանաւորը»,- եզրափակել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։