Հա

Քաղաքական

22/08/2019 - 13:00

«Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալը նշանակում է խախտել միջազգային օրէնքներն ու նորմերը». Հանրապետութեան նախագահ

Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալը նշանակում է խախտել միջազգային օրէնքներն ու նորմերը: Այս մասին, «Բաւար 373» հակաօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգի շահագործման յանձնման միջոցառման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալը նշանակում է խախտել միջազգային օրէնքներն ու նորմերը: Այս մասին, «Բաւար 373» հակաօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգի շահագործման յանձնման միջոցառման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում, նախագահն անդրադառնալով «Բաւար 373» հակաօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգին ասել է. «Եթէ նոր ՀՕՊ համակարգը համեմատելու լինենք S-300 կամ S-400 ՀՕՊ համակարգերի հետ, ապա պէտք է նշենք, որ այն աւելի հզօր է քան S-300-ը, եւ շատ մօտ է S-400-ին: Սա շատ արժէքաւոր աշխատանք է, եւ հիանալի նւէր՝ Զինւած ուժերի եւ պաշտպանութեան նախարարութեան կողմից՝ մեր ժողովրդին»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի թշնամական քայլերին, դոկտ. Ռոհանին նշել է, որ արդէն երկու տարի է ինչ, ԱՄՆ իշխանութիւնները հակաիրանական նոր դաւադրութիւն են նախաձեռնել. «Սկզբում նրանք ծրագրաւորել էին հոգեբանական եւ քաղաքական պայքար, ապա տնտեսական պատերազմ: 96 եւ 97 թւականներին նրանք որոշակի ազդանշաններ ստացան, որոնք միգուցէ խրախուսեցին նրանց այս դաւադրութեան մէջ:

1396 թւականին, իրենց գործակալների միջոցով, նրանց յաջողւեց խռովութիւններ հրահրել Թեհրանում եւ մի քանի այլ քաղաքներում: Նրանց թւում էր, թէ մի քանի ամիս տեւող անկարգութիւններ են հրահրել Իրանում, սակայն երկրի պատասխանատուների, անվտանգութեան եւ իրաւապահ ուժերի նախաձեռնած քայլերի շնորհիւ, ընդամենը 5 օրւայ ընթացքում հնարաւոր եղաւ կարգաւորել իրավիճակը, որը մեծ յաջողութիւն էր Իրանի Իսլամական Հանրապետութեան համար»,- ասել է նա:

Նախագահը նշելով, որ 1397 թւականին ԱՄՆ միակողմանիօրէն դուրս գալով Միջուկային համապարփակ համաձայնագրից նախաձեռնեց Իրանի դէմ տնտեսական ճնշումներ գործադրելու քաղաքականութիւնը, ասել է, որ Միջուկային գործարքից դուրս գալը նշանակում է խախտել միջազգային օրէնքներն ու նորմերը:

Ըստ նրա՝ արդէն մէկ տարի է անցել Իրանի դէմ գործադրւող գլոբալ տնտեսական ճնշումներից, սակայն ոչ միայն իրանական ժողովուրդը չի ընկրկել ճնշումների դէմ, այլ, ընդհակառակը, ԱՄՆ-ն առաւել քան երբեւէ մեկուսացած է միջազգային ասպարէզում:

«Պարզ դարձաւ, որ ԱՄՆ-ը ​​մեր տարածաշրջանում ոչ մի ծրագիր չի յաջողեցրել, եւ ոչ ոք չի կասկածում դրանում: Նոյնիսկ մեր հարաւային հարեւանները, որոնք մեծ յոյսեր էին կապում ԱՄՆ-ի հետ, այժմ խոստովանում են դա: Քանի որ նրանք ասում են, որ մենք հասկացանք, որ վտանգի պահին, մեզ պաշտպանելու փոխարէն, առաջինն են փախչելու»,- ասել է նախագահը՝ հռետորական հարց ուղղելով ամերիկացիներին. «Յաջողւե՞ց արդեօք ամրապնդել սեփական դիրքերը տարածաշրջանում: Ստացւե՞ց արդեօք Իսրայէլի համար տարածաշրջանում նոր պայմաններ ստեղծելու ձեր նախաձեռնութիւնը: Ցանկանում էիք ահաբեկիչներին որպէս գործիք պահպանել տարածաշրջանում, յաջողւե՞ց: Ձեր ո՞ր նախաձեռնութիւնն է ընդհանրապէս յաջողւել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։