Հա

Քաղաքական

26/08/2019 - 14:50

Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

Զարիֆի այցը Բիարից, անշուշտ վկայում էր այն մասին, որ նախորդ 24 ժամւայ ընթացքում լուրջ քննարկումներ եւ իրադարձութիւններ էին տեղի ունեցել G7-ի գագաթնաժողովում, որոնց արդիւնքում էլ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը որոշել էր փոխել դէպի Արեւելեան Ասիա իր ուղեւորութեան ծրագիրն ու շտապել Ֆրանսիա, մանաւանդ, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ նա ընդամենը մէկ օր առաջ էր եղել Փարիզում եւ լուրջ բանակցութիւններ էր անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանի հետ:

Վերոնշեալ բանակցութիւններն, ի դէպ, ի յայտ բերեցին Իրանի վերաբերեալ Արեւմտեան ճամբարում առկայ լուրջ հակասութիւններն ու դիրքորոշումների տարբերութիւնները: Սկզբում Ելիսէյեան պալատի աղբիւրը Reuters-ին տեղեկացրեց, որ Իրանի վերաբերեալ G7-ի առաջնահերթութիւնները մնում են անփոփոխ. Իրանը չպէտք է ստանայ միջուկային զէնք եւ պէտք է թուլացնի լարւածութիւնը Պարսից ծոցում: Ըստ աղբիւրի՝ նախգահ Մակրոնը մանդատ էր ստացել G7-ի անունից բանակցել եւ ուղերձներ յղել Թեհրանին, տեղի ունեցած քննարկումների հիման վրայ:

Այս տեղեկատւութեանը, սակայն, յաջորդեց նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնն այն մասին, որ ԱՄՆ-ը սկզբունքօրէն դէմ չէ Իրանի հետ լարւածութիւնը թուալցնելուն ուղղւած Մակրոնի նախաձեռնութեանը, սակայն Վաշինգտոնն Իրանի հարցով այլ ուղութեամբ է շարժւելու: Թրամփի այս յայտարարութիւնից յետոյ, Մակրոնը պարզաբանեց, որ G7-ի առաջնորդներն իրեն պաշտօնական մանդատ չեն տւել Իրանին ուղերձներ յղելու համար, յստակեցնելով, սակայն, որ կան նախաձեռնութիւններ, որոնք, այնուամենայնիւ, կը շարունակեն ձեռնարկւել Իրանի վերաբերեալ G7-ի առաջնահերթութիւններն իրականացնելու համար:

Մակրոնի ակնարկը վերաբերում է հէնց իր նախաձեռնութեանը, որն առաջին փուլով ենթադրում է իրանեան նաւթի վաճառքի նկատմամբ սահմանւած պատժամիջոցների որոշակի հատւածի սառեցման դիմաց, Իրանի կողմից Միջուկային գործարքով սահմանւած ուրանի հարստացման մակարդակը գերազանցելու որոշման սառեցումը:

Իսկ ինչ վերաբերում է  Զարիֆի՝ բիարիցեան բանակցութիւններին, ապա տեղեկատւական արտահոսքը վկայում է այն մասին, որ Իրանը մերժել է Մակրոնի առաջարկած նախագծի շրջանակում իր հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանային ազդեցութեան մասին բանակցութիւնները, միաժամանակ պահանջելով օրական առնւազն 700 հազար բարել նաւթի վաճառքի երաշխաւորւած հնարաւորութիւն, եւ, բնականաբար, դրանից գոյացած գումարների անխոչընդոտ իւրացում:

Իրանի նման կարծր դիրքորշումը տրամաբանական է: Պարզամտութիւն կը լինի կարծել, թէ Իրանը կարող է հրաժարւել ապագայ բանակցութիւններում իր գլխաւոր յաղթաթղթից եւ վստահելի յենման կէտից: Պատճառը պարզ է. տարածաշրջանային իրադարձութիւնների ընթացքն ու զարգացման տրամաբանութիւնը վկայում է այն մասին, որ գոնէ տեսանելի ապագայում Իրանն ունենալու է որոշակի առաւելութիւն, եւ մանեւրի առաւել մեծ հնարաւորութիւն, որն էլ պայմանաւորւած է Մերձաւոր Արեւելքում, Արեւմտեան կողմի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների թոյլ դիրքերով:

Այդուհանդերձ, Զարիֆի Բիարից կատարած ուղեւորութիւնը վկայում է այն մասին, որ թէ՛ Իրանը, թէ՛ Արեւմտեան տէրութիւնները (բացառութեամբ ԱՄՆ-ի) փորձում են օգտագործել դիւանագիտութեան ողջ ներուժն ու վերջին հնարաւորութիւնները՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը փրկելու եւ առկայ լարւածութիւնը թօթափելու համար:

Առաջադրանք, որը թւում է չափազանց բարդ: Դիւանագիտութեանը կը յաջողւի՞ արդեօք լուծել գորդեան հանգոյցի վերածւած այս թնջուկը, թէ՞ ոչ. ցոյց կը տայ ժամանակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։