Հա

Քաղաքական

29/08/2019 - 13:10

Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

Հասան Ռոհանին Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր տեղաշարժը պայմանաւորեց Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցների չեղարկմամբ, իսկ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն էլ յայտարարեց, որ ներկայ պայմաններում Ռոհանի-Թրամփ հանդիպումն այսպէս կոչւած  «ֆանտաստիկայի» ժանրից է, որը պատկերացնել անգամ անհնար է:

Սա այն դէպքում, երբ ընդամենը մէկ օր առաջ նախագահ Ռոհանիի՝ «ազգային շահերից ելնելով, ցանկացած մարդու հետ հանդիպելու» մասին յայտարարութիւնը յաւելեալ լաւատեսութեան առիթ էր ստեղծել:

Լաւատեսութիւն, որը պայմանաւորւած էր նաեւ ոչ հեռու անցեալում, աւելի որոշակի՝ 2015 թւականին շւէյցարական Ժնեւում Իրան-«5+1» ձեւաչափով, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ստացւած բանակցութիւններով, որի արգասիքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրն էր:

Լաւատեսները, սակայն, մտաթող էին արել այն օրերի եւ այսօրւայ օբիեկտիւ պայմանների միջեւ առկայ հսկայ տարբերութիւնը:

Ա. 2015 թւականի ժնեւեան բանակցութիւնները մէկ տասնամեակ տեւած չափազանց բարդ ու դժւարին բանակցային գործընթացի մագընթացային կիզակէտն էին:

Մինչդեռ այսօր կողմերի միջեւ նմանատիպ բանակցային գործընթաց սկսելու համար բացակայում է անգամ համաձայնեցւած օրակարգը:

Բ. 2015 թւականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կար միջազգային որոշակի կոնսենսուս, իսկ Արեւմտեան տէրութիւններն էլ հանդէս էին գալիս որպէս մոնոլիտ միաւորում, ինչն էլ խիստ բարդացրել էր պայմաններն Իրանի համար՝ նւազագոյնի հասցնելով Թեհրանի մանեւրի հնարաւորութիւնը:

Այսօր, սակայն, պատկերը տրամագծօրէն այլ է: Միջազգային հանրութիւնը հանդէս է գալիս Իրանի հետ Միջուկային գործարքի պահպանման օգտին, իսկ Եւրոպական տէրութիւններն էլ չեն կիսում Իրանի վերաբերեալ ԱՄՆ-ի՝ առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնը, ինչն էլ Իրանին դիւանագիտական նախաձեռնողականութիւն ցուցաբերելու եւ մանեւրի մեծ հնարաւորութիւն է տալիս:

Գ. 2015 թւականին Օբամայի վարչակազմն ընտրել էր կէտային՝ թեմատիկ բանակցութիւնների մարտավարութիւնը, ինչն ամբողջովին ընկալելի եւ ընդունելի էր Իրանի համար: Յիշեցնենք, որ իր գոյութեան 4 տասնամեակի ընթացքում, արտաքին քաղաքականութեան ոլորտի հիմնահարցերի կարգաւորման համար, Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս առաջնորդւել է կէտային՝ թեմատիկ բանակցութիւնների մարտավարութեամբ:

Այսօր, սկայան, Թրամփի վարչակազմն առաջ է քաշել փաթեթային՝ համապարփակ բանակցութիւնների մարտավարութիւնը, որը միանշանակօրէն անընդունելի է Իրանի համար:

Դ. 2015 թւականի կէտային բանակցութիւնների թեման Իրանի միջուկային ծրագիրն էր, որը թէեւ ռազմավարական նշանակութիւն ունէր Իրանի համար, այդուհանդերձ, Իրանի պաշտպանական դոկտրինայի բաղադրիչ մասը չէր կազմում, ինչն էլ որոշակի փոխզիջումների հնարաւորութիւն էր ընձեռում Թեհրանին:

Թրամփի վարչակազմի առաջ քաշած փաթեթային բանակցութիւնների տարբերակը, սակայն, ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Իրանի հրթիռային ծարագիրն ու տարածաշրջանային ազդեցութիւնը, որոնք երկրի պաշտպանական դոկտրինայի առանցքային բաղադրիչներից են, եւ բնականաբար, բանակցութեան նիւթ չեն կարող դառնալ:

Ե. Դոնալդ Թրամփի բանակցային մարտավարութիւնը կառուցւած է միւս կողմի առաջին դէմքի հետ դէմ առ դէմ հանդիպման տրամաբանութեան հիման վրայ, որի քարոզչական բաղադրիչը (հիմնականում՝ համատեղ լուսանկարի տեսքով) գերազնացում է բովանդակային բաղադրութեանը (Հիւսիսային Կորէայի օրինակը), որն ինչպէս փաթեթային բանակցութիւնների տարբերակը, միանշանակօրէն անընդունելի է Իրանի համար:

Բացի այդ, յետյեղափոխութեան 40 տարիների ընթացքում Իրանը մշտապէս խուսափել է առաջին դէմքերի մակարդակով ԱՄՆ-ի հետ բանակցութիւններից: Չմոռանանք, որ 2015 թւականի ժնեւեան բանակցութիւններն ընթանում էին «5+1» ձեւաչափով՝ ԱԳ նախարարների մակարդակով, իսկ այս բոլոր տարիների ընթացքում երկու երկրների առաջին դէմքերի միջեւ միակ շփումը եղել է 2013 թւականին կայացած Ռոհնաի-Օբամա կարճ հեռախօսազրոյցը:

Զ. Եւ վերջապէս, չպէտք է աչքաթող անենք նաեւ գործընթացի վրայ կողմնակի գործօնների ազդեցութիւնը: Նշենք ընդամենը մէկ օրինակ. 2015 թւականին Իսրայէլի վարչակազմի եւ անձամբ վարչապետ Բենիամին Նեթանեահուի ազդեցութիւնը Սպիտակ տան վրայ նւազագոյնի էր իջեցւած: Մինչդեռ այսօր, առնւազն Իրանի թեմայով, Իսրայէլի վարչակազմը որոշիչ դերակատարութիւն ունի Վաշինգտոնի մօտեցումների ձեւաւորման վրայ, իսկ թէ ինչպիսն են դրանք, պարզ է բոլորին:

Այս խզումն ինչ խօսք որոշակիօրէն իջեցնում է կողմերի մօտ քաղաքականութեան շրջափոխման հնարաւորութիւնն ու նրանց բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ջանքերի արդիւնաւորումը: Այդուհանդերձ, չպէտք է մոռանալ, որ միջազգային յարաբերութիւններում չկայ անփոփոխ քաղաքականութիւն կամ դիրքորոշում, մանաւանդ, եթէ հաշւի ենք առնում մեր օրերի միջազգային եւ տարածաշրջանային յարափոփոխ պայմանները, որոնք ցանկացած հակամարտութեան դէպքում, ուշ թէ շուտ, անխուսափելիօրէն վերածւում են պարտադրող՝ կամք թելադրող որոշիչ գործօնի:

Մեր քննարկւող թեմայի շրջանակում եւս քիչ չեն այն հանգամանքները, որոնք եթէ ոչ կարճաժամկէտում, բայց տեսանելի ապագայում կողմերին կարող են ստիպել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Չմոռանանք, որ 2015 թւականի ստացւած բանակցութիւններն հէնց այդ պարտադրող պայմանների կամքի թելադրանքն էր:

Ինչ խօսք, որ ներկայ դրութեամբ կողմերի միջեւ ցանկացած մակարդակով շփումների վերականգնումն ու հնարաւոր բանակցութիւնների մեկնարկը (իհարկէ հաւասարը հաւասարի եւ միջազգային իրաւունքի եւ ընդունւած նորմերի պայմաններում) բխում է Մերձաւոր Արեւելքի եւ հարեւան տարածաշրջանների՝ ներառեալ Հարաւային Կովկասի անմիջական շահերից:

Ազգային անվտանգութեան շահերի դիտանկիւնից, դա յատկապէս ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Հայաստանի համար:

Գաղտնիք չէ, որ Իրանն առանցքային դերակատարութիւն ունի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ձեւաւորման գործում, եւ Իրանի հետ յարաբերութիւններն յատուկ նշանակութիւն ունեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում:  

Այդ մասին ընդամենը երկու օր առաջ յայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն՝ անդրադառնալով Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի յարաբերութիւնների կարեւորութեանը, եւ այն  առանցքային նշանակութեանը, որ ունեն դրանք տարածաշրջանային անվտանգութեան եւ զարգացման համար:

Դա յատկապէս վերաբերում է Իրանին, որի, որպէս տարածաշրջանային գերտէրութեան, ազդեցութեան շառաւիղը, նշանակութիւնն ու դերակատարութիւնն անհամեմատելի է Վրաստանի հետ:

Այնպէս որ հակամարտութիւններից հեռու, անվտանգ, կայուն եւ բարգաւաճ Իրանը Հայաստանի (եւ ոչ միայն Հայաստանի, այլ, նաեւ ողջ Մերձաւոր Արեւելքի եւ Հարաւային Կովկասի) անվտանգութեան գլխաւոր երաշխիքներից է: Սա այլընտրանք չունեցող ռազմավարական աքսիոմ է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։