Հա

Քաղաքական

12/09/2019 - 11:30

«Միացեալ Նահանգների հակաիրանական քաղաքականութիւնը չի սկսւում եւ աւարտւում Բոլթոնով». Իրանագէտ

Երէկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թւիթերեան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը հրաժարական է տւել։

«alikonline.ir» - Երէկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թւիթերեան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը հրաժարական է տւել։

Թրամփը Բոլթոնի հրաժարականը բացատրել էր նրանով, որ իրեն դուր չեն եկել նրա մի շարք առաջարկներ։

«Ես տեղեկացրեցի երէկ երեկոյան Ջան Բոլթոնին, որ նրա ծառայութեան կարիքը Սպիտակ տանն այլեւս չի զգացւում։ Ես կտրուկ համաձայն չեմ եղել նրա մի շարք առաջարկների հետ, ինչպէս եւ շատերը վարչակազմից։ Այդ պատճառով ես ասացի Ջանին, որ հրաժարական տայ, ինչը որ արեց այսօր առաւօտ»,- գրել էր Թրամփը եւ տեղեկացրել, որ նոր խորհրդականի անունն առաջիկայ շաբաթւայ ընթացքում կասի։

«168.am»-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով հարցին, թէ Բոլթոնի հրաժարականից յետոյ հնարաւո՞ր է՝ Միացեալ Նահանգներն Իրանի հետ գնայ բանակցութիւնների, պատասխանեց, որ իրականում Ջան Բոլթոնի ազդեցութիւնն ամերիկեան, յատկապէս՝ իրանական քաղաքականութեան վրայ, բաւականին մեծ էր։ Եւ այս իմաստով, իրանագէտի կարծիքով՝ Բոլթոնի հեռացումն ինչ-որ առումով դրական ազդակ կարելի է համարել ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների լարումը փոքր-ինչ թուլացնելու համար։

«Բայց սա  ամենեւին էլ միանշանակ չէ, քանի որ Միացեալ Նահանգների հակաիրանական քաղաքականութիւնը չի սկսւում եւ աւարտւում Բոլթոնով։ Այստեղ կայ հիմնական խնդիր. այս յարաբերութիւններում Միացեալ Նահանգները ձգտում է Իրանում ունենալ իրենց համար խամաճիկային վարչակարգ, ինչն անհնարին է կանխատեսելի ապագայում։ Հետեւաբար՝ Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում առկա կնճիռները Բոլթոնի հեռացմամբ չեն վերանայ, դրանց մի խոշոր մասը կրկին կսկսի գործել»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան հնարաւոր բանակցութիւններին, Վ. Ոսկանեանը նշեց, որ իրանական կողմը չափազանց խիստ պայմաններ է առաջ քաշում, որոնք տրամաբանական են։ Այդ պայմաններից ամենակարեւորը պատժամիջոցների վերացումն է Իրանի նկատմամբ, որոնք Միացեալ Նահանգները կիրառում է՝  փորձելով ազդել այդ երկրում նաև ներքաղաքական իրավիճակի վրայ։

«Առայժմ իրանական կողմից շատ մեծ խանդավառութիւն չկայ Բոլթոնի հեռացման կապակցութեամբ, եւ իրանցիներն իրենց յատուկ դիւանագիտական սառնութեամբ, անշտապ գործելաոճով յստակ գնահատական չեն հնչեցնում՝ պնդելով, որ դա Միացեալ Նահանգների ներքին գործն է։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքականութեանը Մերձաւոր Արեւելքում, ապա չեմ կարծում, որ այդ քաղաքականութիւնը զգալի փոփոխութիւններ կը կրի։ Իրանցիները շարունակելու են մեծացնել իրենց ազդեցութիւնն այս տարածաշրջանում՝ սկսած Սիրիայից՝ վերջացրած Աֆղանստանով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։