Հա

Քաղաքական

14/05/2014 - 11:00

ԱԿՆԱՐԿ - Կենցաղային իրավիճակը՝ Հալէպում

Տնտեսագիտական տւեալներն ու մանաւանդ մեր ապրած ամենօրեայ կեանքը ցոյց են տալիս, որ Հալէպը մեծ դժւարութեան դիմաց է գտնւում՝ նկատի ունենալով քաղաքի մուտքերի փակման իրավիճակը, ինչպէս նաեւ՝ տնտեսական տարբեր ոլորտների թուլացումը: Ճամբաների փակումը միշտ չէ, որ տեղի է ունենում, ինչպէս նոյնն է նաեւ հակառակը:

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ


Սիրիայի պատերազմը չորրորդ տարին թեւակոխած լինելով, ցայտուն կերպով ակնյայտ է դառնում, որ տիրող իրավիճակի պատճառով ընդհանրապէս Սիրիան, իսկ Հալէպը մասնաւորապէս տառապում են տնտեսական տագնապից:
Տնտեսագիտական տւեալներն ու մանաւանդ մեր ապրած ամենօրեայ կեանքը ցոյց են տալիս, որ Հալէպը մեծ դժւարութեան դիմաց է գտնւում՝ նկատի ունենալով քաղաքի մուտքերի փակման իրավիճակը, ինչպէս նաեւ՝ տնտեսական տարբեր ոլորտների թուլացումը: Ճամբաների փակումը միշտ չէ, որ տեղի է ունենում, ինչպէս նոյնն է նաեւ հակառակը:
Դէպի Հալէպ մուտքի ուղին, որ օգտագործւում է բնակչութեան սնունդ եւ վառելանիւթ մատակարարելու համար, տեւական բախումների կիզակէտում լինելով՝ քաղաքին սննդամթերքով ապահովման դժւարութիւններ է առաջացնում:
Հալէպի բնակիչների համար կենցաղային կեանքը վատ ընթացքի մէջ է՝ հիմնական պաշարի գնի բարձրացման եւ երբեմն հիմնական ապրանքատեսակների պակասի պատճառով, ինչպէս՝ վառելանիւթը: Սա յատկապէս սկսել է նկատելի դառնալ սուր բախումների եւ բուռն կռիւների շրջաններում:
Այս առումով կառավարութիւնը յայտարարում է, որ ջանք է գործադրում հալէպցու պահանջները հոգալու, սակայն Հալէպի եւ այլ քաղաքների միջեւ ճամբաների անանցանելի լինելու երեւոյթը յաճախ պատճառ է դառնում, որ ապրանքները հասցէագրւած վայրը չհասնեն:
Վառելանիւթի սիրիական ընկերութեան առաջնահերթութիւնը նախեւառաջ դառնում է մատակարարել փուռերն ու հիւանդանոցները:
Զանազան տագնապների կողքին՝ աւելանում է նաեւ դեղորայքի պակասի երեւոյթը:
Կենցաղային եւ սննդամթերքի ճգնաժամի նախանշանները Հալէպում ակնյայտ են: Սակայն փուռերը դեռեւս գործում են եւ մէկ կիլօ հացի գինը (պետականը) դեռեւս մնում է 15 ս. ո. (նախապէս հասել էր 300 ս. ո.):
Ուստի՝ Հալէպում ամենահրատապ տագնապը էլեկտրականութեան տագնապն է: Նկատի առնելով, որ հարցը բարդանում է, երբ 8-10 ժամ հոսանքը անջատւում է բազմաթիւ թաղամասերից, իսկ արւարձաններն ու մի շարք շրջաններում անջատումը գերազանցում է 15-20 ժամը. դեռեւս կայ աւելի՛ն, Հալէպի որոշ շրջաններում ընդհանրապէս էլեկտրականութիւնը ամբողջովին անջատւած է մնում: Էլեկտրականութեան հոսանքը եթէ միանայ, գէթ քանի ժամւայ համար, հալէպցիների նոյնիսկ տրամադրութիւնը կը բարձրանայ:
Բովանդակ Հալէպը, էլեկտրականութեան տագնապի կողքին, ոչ-հերթական կերպով դիմագրաւում էր նաեւ ջրի լուրջ տագնապը եւս: Ուստի՝ այդ պատճառով՝ անմիջապէս վաճառատները յարմար առիթ համարելով՝ բարձրացնում են հանքային ջրերի գները: Թէեւ զանազան կենտրոններից ջրամատակարարում է տեղի ունենում:

140514c02a

Տագնապների թւարկումը շարունակելով՝ կարելի է նշել, որ վառելանիւթի (մազութ, բենզին եւ գազ) գները արդէն բարձրացել են: Իսկ գազի շիշերը (գազը միայն) արդէն հասել են 2500-3000 ս. ո.-ի եւ աւելի, եղել են օրեր, երբ հասել է մինչեւ 13.500 ս. ո.-ի (պետական գինը՝ 1350 ս. ո.):
Շարունակւում է նաեւ հեռահաղորդակցութեան տագնապը, համացանցն ու հեռախօսային կապերը, յատկապէս բջջային կապերը տկար են գործում եւ տեղական գծերի շրջանակներում միայն:
Պէտք է ընդգծել, որ Հալէպի բնակիչները, առանց բացառութեան, բոլորն էլ ազդւել են կենցաղային ճգնաժամից: Քաղաքի զանազան շրջանները տանող ճանապարհները փակւած են մնում եւ ապահովական խիստ հսկողութեան են ենթարկւում: Իսկ գիշերային կեանքը անգոյ է, փողոցները՝ խաւար ու դատարկ, իսկ մի շարք արւարձաններ դարձել են անապահով եւ բնակիչներից դատարկւած շրջաններ:
Կարելի է նշել, որ պետական մակարդակում զանազան բարձրաստիճան անձնաւորութիւններ տնտեսութեան մայրաքաղաք Հալէպի մասին յայտնում են, որ վերջին օրերում Հալէպն ապրում է ծանր կենցաղային պայմաններ, եւ որ՝ կառավարութիւնը ամէն ջանք ի գործ կը դնի հիմնական նիւթերը Հալէպ հասցնելու եւ խնդիրները լուծելու նպատակով:
Միւս կողմից՝ վերոնշեալ կենցաղային դժւարութիւնները, բնականաբար, մեծապէս ցնցել են նաեւ Հալէպի հայութեան տնտեսական վիճակը՝ հալէպցուն դնելով աննախանձելի տնտեսական կացութեան մէջ:
Վերջապէս, Հալէպ քաղաքը անցնում է աննկարագրելի, անտանելի կենցաղային վիճակներից, բառի բուն իմաստով՝ մի մղձաւանջ: Տնտեսական ծանր տագնապում, համատարած անգործութեան, քանդւած, կողոպտւած կամ առճակատման շրջաններում գտնւող արհեստանոցների, վաճառատների կամ գործարանների պատճառով՝ մեծաթիւ հայ ընտանիքներ իրենց կենսապահիկից զրկւել են:
Արդարեւ, Հալէպում ապահովական տեսանկիւնից վտանգւած կեանքի կողքին, գերակշռողը մնում է տեւական կենցաղային ճգնաժամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։