Հա

Քաղաքական

04/12/2016 - 11:40

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Արմէն Մազլումեան.- «Եգիպտոսն առաջին իսլամական պետութիւնն է, որ բարձրացրեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը»

Եգիպտոսի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արմէն Մազլումեանը «tert.am»-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամաւորները Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պէտք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի:

Եգիպտոսի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արմէն Մազլումեանը «tert.am»-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամաւորները Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պէտք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի:
«Եգիպտոսն առաջին իսլամական պետութիւնն է, որ բարձրացրեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը: Խնդիրը շատ նուրբ է, հնարաւոր է, որ խոչընդոտների հանդիպի, այն քաղաքական շահերի հետ է կապւած, այդ ամբողջ տարածաշրջանի քաղաքականութեան հետ է կապւած»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պէտք չէ մտածել, որ բանաձեւի ընդունումը յաջողութեամբ չի պսակւի:
Յիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանի պատգամաւոր Մուստաֆա Բաքրին հանդէս է եկել օրէնսդրական նախաձեռնութեամբ, որով երկրի խորհրդարանին ու կառավարութեանը կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:
Մուստաֆա Բաքրին յայտարարել է, որ պատմական փաստաթղթերը վկայում են, որ 1915-1922 թւականներին թուրք-օսմանցիները 1.5 միլիոն հայ են ոչնչացրել: Այդ փաստերը քննարկելու համար նա կոչ է արել խորհրդարանի յատուկ նիստ հրաւիրել: Բաքրիի ներկայացրած նախագծի տակ ստորագրել է 337 պատգամաւոր:
Արմէն Մազլումեանը յիշեցրեց, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրէին իրենք Եգիպտոսում մեծ աղմուկ էին բարձրացրել եւ մարդկանց ուշադրութիւնը հրաւիրել Հայոց Ցեղասպանութեան փաստի վրայ: «Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեկատւութիւն տարածւեց Եգիպտոսի հեռուստաընկերութիւններով, գրքերով, համալսարաններում շատ աշխատանք տարւեց: Դրանից յետոյ խնդրի նկատմամբ եգիպտացիների մօտ թեմայի շուրջ հետաքրքրութիւնը բարձրացաւ: Եւ երբ Թուրքիայի հետ Եգիպտոսի յարաբերութիւնները վատացան, եւ Թուրքիան սկսեց միջամտել այդ երկրի ներքին քաղաքականութեանը, Եգիպտոսը որոշեց ինչ-որ դիրք բռնել՝ հակազդելու Թուրքիայի քաղաքականութեանը»,- ասաց նա:
Միաժամանակ Արմէն Մազլումեանն ընդգծեց, որ չնայած քաղաքական հանգամանքները՝ Թուրքիային «պատժելու» կամ «վախեցնելու» Եգիպտոսի ցանկութեանը, դատապարտող բանաձեւը նախաձեռնող պատգամաւորներն իրենց խօսքում անընդհատ նշում են, որ հարցը քաղաքական չէ, այլ մարդասիրական է. «Ասում են՝ իրաւազուրկ եղած հայերը պէտք է իրենց իրաւունքի տէրը լինեն: Ասում են, որ իրենք միշտ էլ իրաւազրկւած երկրների կողքին են կանգնել»:
Անդրադառնալով նրան, թէ ինչ կը տայ Եգիպտոսի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան հարցը բարձրացնելը ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման գործընթացում, Եգիպտոսի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահը շեշտադրեց. «Յատկանշական է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին խօսում է իսլամիստական պետութիւնը: Կարծիք կայ, որ Հայոց Ցեղասպանութիւնը կրօնի պատճառով չի եղել, այլ պանթուրքիզմի ծրագիրն իրագործելու համար է արւած եղել այն: Դա մեծ պատճառ կը լինի, որ իսլամական պետութիւնն ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը: Յետոյ՝ Եգիպտոսի ճանաչումից յետոյ միջազգային հանրութեան կողմից Թուրքիայի վրայ ճնշումները կը շատանան»:
Արմէն Մազլումեանը դիտել տւեց, որ նման գործընթացները, որ աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում, կը ստիպեն Թուրքիային, որ ընդունի իր պարտութիւնը եւ հայ ժողովրդին հատուցում տայ:
Եգիպտոսի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան դատապարտման գործընթացի շարունակականութիւնը պահելու եւ վերջնական արդիւնքին՝ դատապարտմանն ու բանաձեւը ընդունելուն հասնելու համար, Արմէն Մազլումեանի ասութեամբ՝ պէտք է շարունակեն սերտ կապեր պահել եգիպտացի խորհրդարանականների հետ:
«Պէտք է ճիշտ ներկայացւեն հարցերը, չպէտք է նաեւ արտաքին միջամտութիւններ լինեն. սա Եգիպտոսի ներքին հարցն է, իրենք են որոշել եւ իրենք պէտք է այդ որոշումն ընդունեն: Պէտք է նաեւ Հայաստանն իր յարաբերութիւնները սերտացնի ընդհանրապէս Արաբական աշխարհի եւ մասնաւորապէս Եգիպտոսի հետ: Միշտ պէտք է Եգիպտոսի կողքին մնանք»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։