Հա

Հասարակական

26/09/2013 - 11:30

Ներբող խնդութիւն (Պաբլօ Ներուդայի մահւան 40-ամեակի առիթով)

Սեպտեմբերի 23-ին լրացաւ Պաբլօ Ներուդայի առեղծւածային մահւան 40-ամեակը: Պաբլօ Ներուդա մարդուն եւ բանաստեղծին ինձ օգնեց բացայայտել լաւագոյն ընկերներիցս մէկը՝ Արաշը, երբ դեռեւս 90-ական թւականների կէսերին, զինւորական ծառայութեան ժամանակ, ինձ նւիրեց նրա ստեղծագործութիւնների պարսկերէն թարգմանութիւններից մէկը: Խոստովանեմ, որ առաջին ընթերցումից յետոյ՝ ես դարձայ Ներուդայի մոլի երկրպագուներից մէկը, իսկ նա իմ մշտական ուղեկիցը՝ գրականութեան աշխարհում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Սեպտեմբերի 23-ին լրացաւ Պաբլօ Ներուդայի առեղծւածային մահւան 40-ամեակը: Պաբլօ Ներուդա մարդուն եւ բանաստեղծին ինձ օգնեց բացայայտել լաւագոյն ընկերներիցս մէկը՝ Արաշը, երբ դեռեւս 90-ական թւականների կէսերին, զինւորական ծառայութեան ժամանակ, ինձ նւիրեց նրա ստեղծագործութիւնների պարսկերէն թարգմանութիւններից մէկը: Խոստովանեմ, որ առաջին ընթերցումից յետոյ՝ ես դարձայ Ներուդայի մոլի երկրպագուներից մէկը, իսկ նա իմ մշտական ուղեկիցը՝ գրականութեան աշխարհում:

 

Առաջին. Տարօրինակ անունով մարդը (Կենսագրական գծեր)

Neftali Ricardo Reyes Basoalto. սա է Պաբլօ Ներուդայի իրական անունը: Չափազանց երկար՝ մի մարդու համար, ինչ որ տեղ նաեւ՝ անճոռնի: Գրել սկսել է պատանեկութեան շրջանից: Տարեկից ընկերները նրան անւանել են Պաբլօ, իսկ Ներուդա ազգանունը նա փոխառել է իր գրական կուռքից՝ չեխ բանաստեղծ Եան Ներուդայից: Առաջին անգամ տպագրւել է 20 տարեկանում եւ հէնց այդ օրերից էլ երիտասարդ պոէտի փառքն ու համբաւը կտրել անցել են Չիլիի եւ Լատինական Ամերիկայի սահմանները՝ նրան պարգեւելով 1971 թւականի գրականութեան Նոբէլեան մրցանակը:
Գրականութիւնը Ներուդայի միակ կիրքը չէր: Ամբողջ կեանքում նա զբաղւում էր նաեւ ակտիւ քաղաքականութեամբ: Չիլիի Կոմունիստական կուսակցութեան ցուցակով դարձաւ երկրի սենատի անդամ: Ընտրւելուց ընդամէնը մէկ ամիս անց՝ 1948 թւականի փետրւարին սենատում ունեցած ելոյթի պատճառով՝ զրկւեց անձեռնմխելիութիւնից եւ ստիպւած եղաւ գաղտնի լքել երկիրը: Մինչ վերադարձը՝ 1952 թւականը, Ներուդան արտասահմանում հանդէս էր գալիս որպէս խաղաղութեան ակտիւիստ: 1969 թւականին նա իր թեկնածութիւնն առաջադրեց Չիլիի նախագահական ընտրութիւններում: Սակայն, քիչ անց հանեց իր թեկնածութիւնը՝ պաշտպանելով Սալւադոր Ալիենդէին:
Ալիենդէի նախագահ ընտրւելուց յետոյ՝ Ներուդան, որ համարւում էր նրա մերձաւորագոյն թիմակիցներից մէկը, նշանակւեց որպէս Չիլիի դեսպանը՝ Ֆրանսիայում: Նա հայրենիք վերադարձաւ 1973 թւականին, զինւորական յեղաշրջման նախօրէին: Սեպտեմբերի 11-ին՝ յեղաշրջման օրը նա գտնւում էր նախագահական պալատից ոչ հեռու գտնւող մի հիւանդանոցում, ուր տեղափոխւել էր իր առողջական աննպաստ վիճակի պատճառով: Ներուդային «բախտ» չվիճակւեց «վայելել» Պինոչետի գլխաւորած խունտայի դիկտատուրան: Նա մահացաւ հիւանդանոցում, զինւորական յեղաշրջումից օրեր անց՝ սեպտեմբերի 23-ին: Նրա մահը դեռեւս համարւում է պինոչետեան շրջանի գլխաւոր առեղծւածներից մէկը:
Պինոչետի բռնապետութեան օրօք Ներուդայի գրականութիւնը ստիպւած՝ ընդյատակ անցաւ: Նրա գրքերը կրկին անգամ գրախանութների ցուցափեղկում յայտնւեցին միայն 1989 թւականից յետոյ, երբ կործանւեց Պինոչետի բռնապետութիւնը:

Երկրորդ. Ներբող խնդութիւն

Պերուացի աշխարհահռչակ գրող Մարիօ Վարգաս Լիոսան, 2010 թւականին իր նոբէլեան բանախօսութեան ընթացքում ասել է. «Լաւ գրականութիւնը կամուրջներ է գցում տարբեր մարդկանց միջեւ եւ վայելք, տառապանք կամ զարմանք պատճառելով՝ մեզ միաւորում մէկս միւսից բաժանող լեզուների, հաւատի, սովորոյթների, աւանդոյթների եւ համոզմունքների ներքոյ»:
Մեզ թողած Պաբլօ Ներուդայի գրական ժառանգութիւնը հէնց այդ տեսակից է: Ես հաւատացած եմ կարդալ Ներուդա, նշանակում է ապրել, վայելել ճշմարիտ բանաստեղծութեան անսահմանութեան բերկրանքը: Պաբլօն, ինչպէս ասում են, քեզ ստիպում է ոտքով եւ գլխով կորել այդ անսահմանութեան մէջ, տարւել, յափշտակւել այդ բերկրանքով եւ վերագտնել ինքդ քեզ՝ որպէս գեղեցիկի արարման ունկնդիր:
Պէտք է խոստովանեմ, որ Պաբլօ Ներուդայի ստեղծագործութիւնները միանգամից փոխեցին իմ գրական ընկալումներն ու մօտեցումները: Գեղագիտական ըմբռնումներս հասունացան, աւելի յստակւեցին, իսկ ամենակարեւորը՝ ես բացայայտեցի Անդերի աշխարհի գրականութեան ողջ հմայքը:
Ես զգացի, որ Ներուդան ձեռքը դրել ուսիս եւ մեծի իրաւունքով ինձ ուղեկցում է դէպի Անդերի լանջեր, եւ ես մանկական հրճւանքով ինձ համար բացայայտեցի՝ Բորխէսին, Օկտաւիօ Պասին, Մարկէսին, Դոնոսոյին ...

Երրորդ. Ա՜խ այդ քաղաքականութիւնը

Համոզւած եմ, որ իւրաքանչիւր մարդու, այդ թւում նաեւ արւեստագէտի բացարձակ իրաւունքն է հաւատալ որեւէ գաղափարախօսութեան եւ ունենալ որոշակի քաղաքական հայեացքներ: Աւելին՝ երբեք չեմ հաւատացել «արւեստն արւեստի համար» բանաձեւին, բայց միշտ համոզւած եմ եղել, որ արւեստագէտը պէտք է հեռու մնայ ակտիւ քաղաքականութիւն կոչւող երեւոյթից:
Հէնց այս պատճառով էլ՝ մտովի միշտ կռիւ եմ տւել Ներուդայի հետ: Պատկերացրէք, ինչ կը լինէր նրա ճակատագիրը, ինչքան աւելի բեղմնաւոր կը լինէր նրա գրիչը եւ վերջապէս ինչքան աւելի գնահատւած կը լինէր, եթէ չզբաղւէր քաղաքականութեամբ:
Արեւմուտքն այնքան էլ չգնահատեց գրականութեան նոբէլեան մրցանակակրին, հիմնականում նրա քաղաքական հայեացքների եւ յատկապէս Ստալինի մահւանը ձօնած բանաստեղծութեան պատճառով: Ներուդային արժանին մատուցեցին միայն նրա մահւանից յետոյ, երբ նրա գրական ժառանգութիւնը վերածւեց հակապինոչետեան պայքարի գլխաւոր խորհրդանիշերից մէկի:


Չորրորդ. Որպէս վերջաբան

Հրաժեշտ

1
Քո ամենախորքերից նայում է մեզ
տխուր տղայիկը՝ ծնկած, ինչպէս ես:

 

Յանուն այն կեանքի, որ հոսելու է երակներով նրա
մենք ագուցելու ենք մեր կեանքերն իրար:
Յանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկայ,
մենք սպանելու ենք ու կառուցելու:
Յանուն քո աչքերի՝ մի օր լայն բացւած այս երկրի վրայ,
թաքցնելով արցունքներդ՝ յայտնւած անակնկալ:

 

2
Պէտք չի, սիրելիս:

 

Որովհետեւ էլ ոչ մի բան մեզ չի միացնի,
այլեւս ոչ մի բան մեզ չի միաւորի:
Ոչ մի ասւած բառ՝ քաղցրացող քո բերանում,
եւ ոչ էլ բառերը, որ այդպէս էլ չասւեցին:
Եւ անօգուտ է հեղեղը կրքերի' խշշացող մեզնից քիչ հեռու,
եւ մեր լացը, որ թողեցինք պատուհանից այն կողմ:

 

3
Ես սիրում եմ սէրը նաւազների,
որ համբոյր են տալիս ու հեռանում:
Խոստումներ են շպրտում աջ ու ձախ,
բայց երբեք, երբեք չեն վերադառնում:
Եւ ամէն նաւահանգստում սպասող մի կին կայ,
ում նաւազը համբուրեց ու լքեց:

 

Եւ մի գիշեր էլ անկողին են մտնում
մահւան հետ ծովի վրայ:

 

4
Ես սիրում եմ սէրը, որ կիսում են իրար հետ
համբոյրներ, անկողին ու հաց:
Սէր, որ կարող է տեւել մի ամբողջ յաւերժութիւն
եւ սէր, որ կարող է արագ անցնել ու գնալ:
Սէր, որ կարող է ազատւել ինքն իրենից՝
սիրելու համար յետոյ նորից:

 

Աստւածային սէր՝ մօտեցնող մեզ իրար:
Աստւածային սէր՝ հեռացնող իրարից:

 

5
Էլ աչքերս քո աչքերով չես դիւթի:
Էլ վէրքերս արագ չեն բուժւի, հէնց որ գամ քեզ մօտ:
Բայց ուր էլ որ գնամ, հայեացքդ կը տանեմ ինձ հետ,
որտեղով էլ քայլես, իմ ցաւը դու կը զգաս:
Ես քոնն էի,
դու՝ իմը:
Էլ ինչ...
Մենք ունեցանք յիշողութեան մեր ճամբան, որտեղով սէրն անցաւ:

 

Ես քոնն էի:
Դու իմը:
Ինչ-որ մէկը սիրելու է քեզ:
Ինչ-որ մէկը հնձելու է այն, ինչ ես եմ ցանել:
Գնում եմ: Տխուր եմ: Թէեւ միշտ էլ տխուր եմ եղել:
Ես եկայ քո ձեռքերով, հիմա ես ո՞ւր գնամ:
Քո սրտի մէջ նստած փոքրիկ տղայիկը ինձ ասում է՝ յաջող,
Ու ես էլ եմ ասում՝ յաջող:

(Թարգմանութիւնը՝ ՅԱՍՄԻԿ ՍԻՄՈՆԵԱՆԻ)

Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

Յարակից լուրեր

  • Նոբէլեան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումեանի անւան մրցանակի առաջին դափնեկիրն է
    Նոբէլեան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումեանի անւան մրցանակի առաջին դափնեկիրն է

    Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցաւ ֆիզիկայի ոլորտում 2019 թ. Նոբէլեան մրցանակի յանձնման արարողութիւնը։ Այս տարւայ մրցանակը կիսեցին շւէյցարացի աստղագէտներ Միշէլ Մայորն ու Դիդիէ Քելոսը Արեգակի տեսակի աստղի շուրջն առաջին արտարեգակնային մոլորակի (էքզոմոլորակի) յայտնաբերման համար, եւ ամերիկացի տիեզերաբան Ջէյմզ Փիբլսը ֆիզիկական տիեզերաբանութեան մէջ տեսական յայտնագործութիւնների համար։

  • Յայտարարւել են բժշկութեան բնագաւառում Նոբէլեան մրցանակի դափնեկիրների անունները
    Յայտարարւել են բժշկութեան բնագաւառում Նոբէլեան մրցանակի դափնեկիրների անունները

    Բժշկութեան բնագաւառում 2019 թւականի Նոբէլեան մրցանակը շնորհւել է Վիլիամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին այն յայտնագործութեան համար, թէ ինչպէս են կենդանի բջիջներն արձագանքում թթւածնի ներկայութեանը:

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։