Հա

Հասարակական

30/12/2013 - 12:40

Ամանորեայ սովորական մի հեքիաթ

Տարեվերջի եւ տարեմուտի այս օրերին, դժւար է նոր բան ասել կամ գրել: Միշտ նոյնն է, նոյն բարի խօսքերը, նոյն սպասումները, յոյսերն ու ակնկալիքները: Մանաւանդ, որ ինձ պէս տարօրինակների համար, որ հանգամանքներից ելնելով տարին 12 ամիս, 365 օր (միգուցէ մի քիչ պակաս) ստիպւած են նոր բան արարել, նորութիւն հրամցնել, Նոր տարին չի ընկալւում որպէս իւրայատուկ մի բան: Քանի որ մեզ համար ամէն օրը, ամէն պահը նոր է:

(Այս անգամ՝ բացառապէս 4-րդ էջի համար)

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Տարեվերջի եւ տարեմուտի այս օրերին, դժւար է նոր բան ասել կամ գրել: Միշտ նոյնն է, նոյն բարի խօսքերը, նոյն սպասումները, յոյսերն ու ակնկալիքները: Մանաւանդ, որ ինձ պէս տարօրինակների համար, որ հանգամանքներից ելնելով տարին 12 ամիս, 365 օր (միգուցէ մի քիչ պակաս) ստիպւած են նոր բան արարել, նորութիւն հրամցնել, Նոր տարին չի ընկալւում որպէս իւրայատուկ մի բան: Քանի որ մեզ համար ամէն օրը, ամէն պահը նոր է: Քանի որ մենք ստիպւած ենք գնահատել իւրաքնչիւր վայրկեանը, ինչպիսին էլ այն լինի:
Այնուամենայնիւ կարծում եմ, որ Ամանորի տօնը ստեղծւել է մի քիչ թեթեւանալու, մի քիչ երազելու եւ մի քիչ էլ ուրախանալու համար: Վերջիվերջոյ ինչու չպէտք է ուրախանալ, չէ՞ որ մեր կեանքի փորձն աւելացաւ եւս մէկ տարով: Չէ՞ որ մենք դարձանք աւելի իմաստուն, քան նախորդ տարում էինք (երեւի, միգուցէ): Չէ՞ որ այդ իմաստութիւնը, փորձը կարող ենք օգտագործել աւելի լաւը, աւելի կատարեալը, եւ ամենակարեւորը՝ աւելի բարին ստեղծելու համար:
Բարին ստեղծելու համար մեզ անհրաժեշտ է լինել աւելի մաքուր, աւելի համբերատար, աւելի ներողամիտ եւ աւելի դրական, հին տարւայ հետ անցեալում թողնելով նաեւ վատն ու բացասականը, չկամութիւնն ու ատելութիւնը:
Եւ այս բարին արարելու համար հաւատացէք մեզ շատ բան անհրաժեշտ չէ: Ընդամէնը սէր, մի կաթիլ սէր, որն այս աշխարհում այնքա՜ն շատ է ... Բայց մենք դրա մասին մոռանում ենք: Երբեմն մէկ րոպէով, մէկ ժամով կամ մէկ օրով... կամ տարիով... կամ էլ մէկ ամբողջ կեանք: Իսկ յետոյ մեզ թւում է, թէ այս աշխարհում սիրոյ պակաս կայ:
Այո՛, դա այդպէս է, իսկ մենք յաճախ մոռանում ենք մեր մէջ ապրող սիրոյ մասին, մոռանում ենք արտայայտել այն, փակւած ենք պահում հազար փակի տակ, չհասկանալով, որ այդպիսով մեր կեանքը պարպում ենք ջերմութիւնից, գոյնից, ժպիտից ու երջանկութիւնից:

* * *

Յիշում էք չէ մեր այս սիւնեակի աղջկան ու տղային, որոնք մի պահ վրիպեցին, իսկ յետոյ ստիպւած երկար, շա՜տ երկար թափառում էին երազից երազ, փորձելով գտնել իրենց կորած ու մոռացւած սիրոյ եւ երջանկութեան մասին յիշողութեան պատառիկները: Հիմա տեսնենք թէ ինչպէս դասաւորւեց նրանց ճակատագիրը:
Ութերորդ էպիզոդ.
Մտաբերէք պատմութիւնը, երազից երազ թափառելիս նրանք միշտ գտնում էին նոյն բանը՝ ԿՈՐԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ անւանումով հնամաշ մի գիրք: Աղջիկը շատ շուտ յոգնեց, տեղի տւեց, եւ որոշեց, որ իր ճակատագիրը մենութիւնն է: Նա որոշեց իրեն ուղեկից ու խորհրդատու ընտրել ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹԻՒՆ, ԱՄԵՆԱԶՕՐ ԵՒ ՍԱՌՆԱՍԻՐՏ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆ»-ը: Նա նոյնիսկ ուրախ էր, որ չէր զգում սէր, կապւածութիւն... Ոչինչ չէր զգում, ապրում էր առանց գլխացաւանքի, ազատ ու անկաշկանդ...
Իսկ տղան՝ ընդհակառակը, յամառում էր: Նա զգում էր իր հոգու ունայնութիւնը, իր միջի ցուրտը: Նա շարունակում էր իր երազային ճամբորդութիւնը, փորձելով վերադարձնել ժամանակը, անցած ու գնացած ժամանակը:
Իններորդ էպիզոդ.
Ամանորն էր մօտենում, ձիւն էր տեղում, քամի էր, ծակող քամի, բայց տղան յամառօրէն շարժւում էր դէպի քաղաքի կենտրոնի խանութները, որոնց ցուցափեղկերում փայլում էին զարդարւած եղեւնիները: Երեւի թէ պատահականօրէն, ցուցափեղկային եղեւնիներից ամենամեծ ու գեղեցիկի մօտ դէմ-դիմաց դուրս եկան մեր պատմութեան հերոսները՝ երազկոտ տղան եւ սառնասիրտ աղջիկը: Աղջիկը կանգ առաւ զարդարանքներն ուսումնասիրելու, իսկ տղան գաղտնի երազանքները ամենակարող ճակատագրին պատմելու համար:
Տասերորդ էպիզոդ.
- Մի կո՛ղմ գնացէք, խնդրում եմ,- ասաց տղան,- ես կարեւոր գործ ունեմ:
Նրանց հայեացքները խաչւեցին: Աղջիկը վերեւից ներքեւ չափեց տղային, մի պահ նրա յիշողութեան մէջ ինչ-որ բան առկայծեց, սակայն անտարբեր թողեց ու հեռացաւ: Իսկ տղան կարծես թէ շանթահարւեց, նրա յիշողութիւնը սկսեց փայլատակել, եւ մի անգամից յիշեց, վերականգնեց, յետ վերադարձրեց կորած ժամանակները:
Տասնմէկերորդ էպիզոդ.
Նա ամուր ճակատին քաշեց գլխարկը, աչքերը յառեց եղեւնուն ու շշնջաց. «Ամենազօր ճակատագիր, ուզում էի խնդրել, որ ինչ-որ կերպ լցնես հոգուս ունայնութիւնը, որպէսզի այլեւս չմրսեմ: Բայց հէնց նոր հանդիպեցի մի աղջկայ, որը նման էր սառցէ ցօղունի: Նա վաղուց է, ինչ չգիտի թէ ինչ բան է սէրը, երջանկութիւնը, ջերմութիւնը, եւ շուտով սառցէ մարդու կը վերածւի... Նրան զգայուն՝ սիրող սիրտ նւիրիր, թէ չէ նա երբեք երջանիկ չի լինի: Չգիտեմ՝ էլ նրան ինչպէս օգնեմ»:
Տասներկուերորդ էպիզոդ.
Րոպէներ անց սառնասիրտ աղջիկը վերադարձաւ ցուցափեղկի եղեւնու մօտ՝ կրծքում սիրող սրտով: Ճակատագիրը կատարեց տղայի խնդրանքը: Անշուշտ չփոխեց աղջկայ սիրտը, այլ պարզապէս այնտեղ թողեց մի թանկագին զգացմունք՝ սէր... Բայց չկար տղան ...
Տասներեքերորդ էպիզոդ.
Տղան հեռացել էր, գլուխը կախ, գլխարկը ճակատին քաշած, ձեռքերը տաքուկ գրպաններում սեղմած, ժպիտը դէմքին, հոգին ջերմացած: Չէ՞ որ նա գտել էր կորած ժամանակները, չէ՞ որ նա աղջկան նւիրել էր այն, ինչ ցանկանում էր: Իսկ կարեւոր չէր թէ այդ սիրող սիրտն ում կը պատկանէր, դա արդէն երկրորդական էր: Կարեւոր էր այն, որ տղան կատարել էր իր գործը, աղջկան էր նւիրել ամենաթանկը...
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

 

Յ. Գ. -
...Ես գիտեմ երջանկութիւնը մէկ անգամ է այցելում,
Իսկ յետոյ երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում,
Ու յետոյ ամբողջ կեանքում մեր,
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցէն, որ նա թողնում է
Երբեք ոչ ոք չի գտնում ...

ՌՈՒԲԷՆ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ

Յարակից լուրեր

  • «Երկրի ճակատագիրը եւ ապագան պայմանաւորւած է ընտրութիւնների արդիւնքներից». Հանրապետութեան նախագահ
    «Երկրի ճակատագիրը եւ ապագան պայմանաւորւած է ընտրութիւնների արդիւնքներից». Հանրապետութեան նախագահ

    «Երկրի ճակատագիրն պայմանաւորւած է յառաջիկայ ընտրութիւննրով»,- այս մասին այսօր հոկտեմբերի 16-ի առաւօտեան Թեհրանի պետական համալսարանի տարեմուտի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը
    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը

    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում՝ Հայաստանի համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։