Հա

Հասարակական

05/04/2012 - 11:22

ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

altԱնհնարին է, որ Հայաստան այցելած կամ չայցելած երկու հայեր իրար հետ զրոյցի ժամանակ Հայաստանի մասին կարծիք չյայտնեն կամ չվիճեն: Տարօրինակն այն է, որ ամենաբարձրաձայն վիճողներն ու կարծիք յայտնողները շատ յաճախ նրանք են, ովքեր երբեք Հայաստան չեն այցելել ու իրենց պատկերացումները հիմնւած են ուրիշների կարծիքների կամ էլ անորակ աղբ «սերիալներ»-ի վրայ:
Ամէն դէպքում էլ՝ դա լաւ է, քան թէ բացարձակ անտարբերութիւնը:

Հայաստանի անկախութիւնից ի վեր, ամէն տարի ամիսներով այցելել եմ Հայաստան: Այս վերջին անգամ երկրորդ գրքիս հետազօտութիւների առիթով մէկ տարի եւ ութ ամիս ապրեցի Հայաստանում: Այս անգամ շատ ուշագրաւ էր մի նոր երեւոյթ, որ մինչեւ հիմա նկատելի չէր, եւ դա երիտասարդութեան աշխուժութիւնն է քաղաքացիական խնդիրներում:
altԹերթերում եւ հեռուստատեսութիւնում մեծ աղմուկ հանած խմբերից էր «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՏԷՐԸ» երիտասարդական շարժումը: Այս խումբը պայքար է մղել մի շարք անօրէն շինութիւնների դէմ, ուր հասել է յաջողութիւնների:
Մի առ ժամանակ հետեւելով այս խմբի գործունէութեանը՝ որոշեցի հանդիպել նրա ղեկավարների եւ կազմակերպիչների հետ: Անցեալ տարւայ մայիսին ներկայ էի Մաշտոց պողոտայում «Մալիբու» այգում այս խմբի կազմակերպած ծառատունկի արարողութեանը՝ երաժշտութեամբ ու զւարճութեամբ:
2011 թւականի վերջերում, ձմեռւայ մի ցուրտ երեկոյ, Երեւանի Աբովեան պողոտայի սրճարաններից մէկում ժամադրւեցի՝ հանդիպելու ուսանողական այդ շարժումը հիմնադրողների՝ Լենա Նազարեանի, Գայիանէ Մելքոմեանի ու Ալֆրէդ Աղաջանեանի հետ: Չորրորդ անդամը եւ Վահրամ Սողոմոնեանը աշխատանքի բերումով չկարողացաւ ներկայ լինել:
Հետաքրքրւեցի իմանալ՝ ինչպիսի մանկութիւն, ի՞նպիսի սոցիալ իրավիճակ են ունեցել, ինչպիսին է եղել նրանց ծնողների ազդեցութիւնը, նրանց ընկերական շրջանակի կամ տարբեր միութենական կեանքի ազդեցութիւնը: Հետաքրքրւեցի նրանց կրթութեան մակարդակի մասին, նրանց գաղափարների եւ նրանց յուզող հարցերի մասին: Մի խօսքով՝ ուզեցի իմանալ նրանց նպատակների մասին, ինչն է մղել այսպիսով պայքարելու, ընդդիմանալու բնապահպանական եւ քաղաքի վիճակի չարաշահումների դէմ:
Ստորեւ ներկայացնում եմ Գայիանէի համառօտ կենսագրականը: Նա ծնւել է 1987 թ.՝ Անգլիայում: Հայրը իրանահայ է, իսկ մայրը արմատներով արեւմտահայ է. պապը Ցեղասպանութիւնից փրկւածներից է: Անկախութեան հռչակումից յետոյ՝ ընտանիքով վերաբնակւել են Հայաստանում: Ուսանել է Հայաստանի Ֆրանսիական իրաւաբանական ֆակուլտետում: Մէկ տարի ուսանել է Կանադայի «Մաք Գիլ» համալսարանում: 2010 թ. Հայաստան վերադառնալով՝ աշխատանքի է անցել որպէս իրաւաբան՝ ֆրանսիական «Օրանժ» հեռախօսական ընկերութիւնում: Մանուկ հասակից անդամակցել է տարբեր միութիւնների, ինչպիսին է ՀՅԴ-ի Երիտասարդականի անդամ, խմբապետ: Նա պատմեց հետեւեալը. «Երբ Կանադայում էի ուսանում (2009-2010), տեղեկացայ Երեւանի Ուսանողական այգում սկսւած շինութեան մասին եւ «Ֆէյսբուք»-ում բացեցի «Մենք ենք այս քաղաքի տէրը» նախաձեռնութիւնը: Այդ օրւանից ակտիւ գործօն եմ եղել քաղաքի բնապահպանական, քաղաքաշինական հարցերում: Իմ ակտիւութեան պատճառը տեսնում եմ հայրենասիրութեան ու պատասխանատւութեան զգացումիս մէջ՝ որպէս այս երկրի քաղաքացի, ով պարտաւոր է տէր կանգնել եւ ծառայել իր դժւար վաստակած անկախութեանը: Սա մեր երկիրն է, խնդիրները բոլորինս են, պատասխանատու ենք բոլորս: Ես իրաւաբան եմ, մանկուց ատել եմ անարդարութիւնը: Տանել չեմ կարողանում, երբ ինչ-ինչ անկիրթ ու ագահ պաշտօնեաներ եւ ոչ-պաշտօնեաներ վերացնում են կամ նպաստում են մեր երկրի պատմա-մշակութային շերտի վերացմանը, ոտնահարում առողջ միջավայրում ապրելու մեր իրաւունքը եւ, ընդհանրապէս, մեր որեւէ իրաւունքը, ոտնահարում օրէնքը, նպաստում անարդարութեան ու անօրինականութեան աճին: Գտնում եմ, որ պէտք է ակտիւ քայլերով տէր կանգնենք մեր եւ ապագայ մեր սերունդների իրաւունքներին, որովհետեւ բողոքել, թողնել հեռանալ կարող են բոլորը:
Մեր նախաձեռնութեան ստեղծման առաջին օրւանից նպատակ ենք ունեցել նաեւ կոտրել մարդկանց անտարբերութիւնը, ցոյց տալ, որ որեւէ բան փոխելու համար՝ անհրաժեշտ է պայքարել, որ պէտք է պահանջատէր լինել: Այս գիտակցութեան մէջ եմ տեսնում մեր աւելի պայծառ ապագայ ունենալու գաղտնիքը:
Ստորեւ ներկայացնում եմ յաջորդ անդամի՝ Լենա Նազարեանի մասին տւեալներ: Նա ծնւել է 1983 թ., Երեւանում, պարզ աշխատող ընտանիքում: Ուսանել է Երեւանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի (լրագրութիւն) ֆակուլտետում: Աշխատում է տարբեր լրատւամիջոցներում: Վեց ամսով եղել է Ռումինիայում՝ որպէս կամաւոր EVS (European Volunteer Services) երիտասարդական կազմակերպութիւնում՝ որպէս մանկապարտէզներում օգնող ձեռք: «Մենք ենք մեր քաղաքի տէրը» կազմին ծանօթացել է «Ֆէյսբուք»-ի միջոցով: Շատ կարճ ժամանակում կազմակերպութեան անդամները հաւաքել են 20,000 ստորագրութիւն՝ Ուսանողական այգում անօրէն շինարարութիւնը կասեցնելու համար: Անցեալ ամառ յաջողւել է Վիշապի այգի կոչւած մի այլ պարտէզում կասեցնել անօրէն մի շինարարութիւն: Փոխարէնը՝ հիմա այդտեղ կանաչապատւել է ու ծառեր ցանւել: Լենան նշեց. «Մեզ նման մտածողներ շատ կան, բայց իրենց իրաւունքների մասին տեղեակ չեն: Մենք շահագրգռւած ենք որպէս քաղաքացի ոչ անպայման որպէս կազմակերպութիւն, բայցեւայնպէս՝ միասնական աշխատանք տանելով՝ աւելի մեծ արդիւնքների ենք հասնում՝ օրինակ՝ մէկ տարում հաւաքեցինք 100,000 դրամ՝ զանազան ծախսերի դիմաց: Ես պատասխանատու եմ իմ երկրի ապագայի համար: Այն, ինչ անում եմ իմ ուժերով, քիչ է, բայց շատ կարեւոր է, որ ես շարունակեմ անել: Հայաստանում բնութեան պաշտպանութիւնը կենսական հարց է: Ովքեր որ ցանկանում են մեր գործունէութեան մասին աւելի տեղեկութիւն ունենալ, թող դիմեն kanachaygi.org կայքէջին:
Բացակայող Վահրամի մասին Լենան ասաց, որ նա բարձրագոյն ուսումն ստացել է Երեւանի Բրուսովի անւան ինստիտուտում եւ քաղաքագիտութեան Ph.D (դոկտորա) վկայական է ստացել Գերմանիայից:
Իմ զրուցակիցների հետ էր մի այլ անդամ՝ Ալֆրէդ Աղաջանեանը, ով աշխատում է Հնդեւրոպական հրատարակչութիւնում:
Մեծ տպաւորութեամբ աւարտեցի իմ հարցազրոյցը ու համոզւած եմ, որ նման հոգատար ու խելացի երիտասարդութիւնն է Հայաստանի ապագան կերտող սերունդը, այլ ոչ թէ՝ դատարկախօս, անիմաստ քննադատող չարախօսը: Մի լաւ ասացւածք կայ՝ «ԽԱՒԱՐԸ ԱՆԻԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԷՆ՝ ՄԻ ՄՈՄ ՎԱՌԻՐ»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։