Հա

Հասարակական

13/02/2016 - 09:30

Ինչպէս երեխաներին պոկել էկրաններից

Հեռուստացոյց, սմարթֆոն, պլանշետ, նոութբուք, համակարգիչ... Խաղեր, մուլտֆիլմեր, ֆիլմեր, կլիպներ, սոցցանցեր, իւթուբի վիդէօներ... Ինչ սարք ասես, որ չեն օգտագործում եւ ինչ տիպի տարատեսակ ինֆորմացիայի հետ ասես չեն առնչւում երեխաները մեր օրերում:
Էկրանի մօտ ժամանակ անցկացնելու բացասական հետեւանքների մասին երեւի թէ բոլորս էլ գիտենք՝ ագրեսիա, դեպրեսիա, գիրութիւն, առողջական եւ ակադեմիական խնդիրներ, սոցիալական յարաբերութիւնների դեգրադացիա եւ այլն:

ՎԱՆԵՆԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ
MSc, MA հոգեբանութեան մագիստրոս


Հեռուստացոյց, սմարթֆոն, պլանշետ, նոութբուք, համակարգիչ... Խաղեր, մուլտֆիլմեր, ֆիլմեր, կլիպներ, սոցցանցեր, իւթուբի վիդէօներ... Ինչ սարք ասես, որ չեն օգտագործում եւ ինչ տիպի տարատեսակ ինֆորմացիայի հետ ասես չեն առնչւում երեխաները մեր օրերում:
Էկրանի մօտ (հեշտութեան համար այսպէս կանւանենք ցանկացած սարքով ինֆորմացիա դիտելը) ժամանակ անցկացնելու բացասական հետեւանքների մասին երեւի թէ բոլորս էլ գիտենք՝ ագրեսիա, դեպրեսիա, գիրութիւն, առողջական եւ ակադեմիական խնդիրներ, սոցիալական յարաբերութիւնների դեգրադացիա եւ այլն: Եթէ նոյնիսկ չհաւատանք գիտական ուսումնասիրութիւններին, եկէք մի պահ ուշադիր նայենք դպրոցահասակ երեխային՝ գամւած էկրանին, կուչ եկած նստած, մատերի բուռն շարժումներով մինի կոճակներ սեղմելիս: Այս տեսարանը սովորական է դարձել ամենուր՝ տանը, բակում, դպրոցում: Դասամիջոցներին երեխաներն անգամ դասարանից դուրս չեն գալիս եւ իրար գլխի հաւաքւած փորձում են անցնել «յաջորդ աշխարհ»:
Ի տարբերութիւն մեծահասակների (չնայած մեծերի համար էլ պարտադիր է, բայց մանկական տարիքում սա շատ աւելի վտանգաւոր հետեւանքներ ունի) երեխաներն օրւայ ընթացքում մի քանի ժամ ակտիւ շարժւելու բնական կարիք ունեն, եւ եթէ նոյնիսկ միւս բոլոր հետեւանքները դնենք մի կողմ, սա արդէն բաւական է: Մեր օրերում երեխաները չափից դուրս շատ նստակեաց եւ պասիւ կեանք են վարում եւ սա անհանգստանալու տեղիք է տալիս: Բոլոր այն ծնողների համար, որոնք ցանկանում են իրենց երեխաներին պոկել էկրաններից, բայց չգիտեն, թէ ինչպէս, ահա մի ուղեցոյց:

 

1- Սկսէք պարզից

Եթէ որոշել էք սահմանափակել ձեր երեխայի էկրանային ժամանակը, ապա սկսէք պարզ եւ յստակ կանոններից, օրինակ՝ թոյլատրէք օրական կէս ժամ, կամ ամէն օր՝ 17:00-19:00-ը, ոչ մի էկրան: Կամ պլանշետից օգտւել թոյլատրւում է շաբաթւայ մէջ միայն մէկ օր, կամ միայն շաբաթ եւ կիրակի՝ 2-ական ժամով: Կամ ընտրէք այն տարբերակը, որն առաւել յարմար է ձեր ընտանիքի համար: Կախւած ձեր երեխայի տարիքից եւ առանձնայատկութիւններից՝ կարող էք նրան էլ ներգրաւել որոշման կայացման մէջ:
Շաբաթւայ մէջ 1 օր է կարելի, թողէք՝ նա ընտրի, որ օրն է ուզում, որ դա լինի: Օրւայ մէջ 1 ժամ է կարելի՝ յստակ ժամի, թողէք՝ նա որոշի, թէ երբ: Չէք կողմնորոշւում օրական կէս ժամ թէ մէկ ժամ, հարցրէք նրա կարծիքը՝ միգուցէ նրան աւելի յարմար է 2 օրը մէկ 1 ժամ, քան օրական կէս ժամ: Ամէն դէպքում պահանջէք, որ երեխան հիմնաւորի իր պատասխանը:

 

2- Կանոններին հետեւէք նաեւ դուք

Եթէ երեխային չի կարելի հեռուստացոյց նայել ժամը 17:00-19:00-ի հատւածում կամ կարելի է միայն օրական կէս ժամ, ուրեմն դուք էլ ընտանիքի բոլոր անդամներով պէտք է հետեւէք այս կանոնին (անկախ նրանից՝ համակարգիչը ձեզ պէտք է աշխատանքի համար, թէ ոչ), հակառակ դէպքում՝ դուք ցանկալի արդիւնքի չէք հասնի:
Անհրաժեշտ է երեխաներին սեփական օրինակով խրախուսել: Եթէ դուք անընդհատ անյետաձգելի հեռախօսազանգերի կամ նամակների էք պատասխանում, դրանով դուք երեխային ցոյց էք տալիս, որ ընտանեկան ժամանակը միասին անցկացնելը ձեզ համար կարեւոր չէ, եւ ձեր կանոնները պարզապէս քմահաճոյք են: Յիշէք «Ինչ որ ցանես, այն կը հնձես» հայկական ասացւածքը եւ օրինակ ծառայէք երեխաների համար:

 

3- Ձեր ժամանակը տրամադրէք երեխաներին

Շատ յաճախ հեռուստացոյցը փրկարար դայակի դեր է տանում, եւ եթէ դուք հրաժարւում էք նրանից, ուրեմն հաշւի առէք, որ դուք պէտք է երեխաներին զբաղեցնէք կամ նրանց հետ ինչ-որ բան անէք: Երկուսդ էլ (ծնողների մասին է խօսքը) պէտք է պատրաստ լինէք առօրեայ գործերից եւ հոգսերից կտրւելու եւ երեխաներին ժամանակ տրամադրելու համար: Գիտեմ՝ շատերի համար սա դժւար է, բայց մի պահ պատկերացրէք այլընտրանքը եւ այլեւս որեւէ կասկած չէք ունենայ:

 

4- Մշակէք ռազմավարութիւն

Նկատի ունեցէք, որ ձեր երեխայից կը պահանջւի նւազագոյնը 2 շաբաթ նոր սովորութեանը յարմարւելու համար: Դրա համար նախօրօք պլանաւորէք, թէ ինչով պիտի ձեր երեխան զբաղւի եւ պատրաստ եղէք, որ նա օրական մի քանի հարիւր անգամ կը խնդրի խաղալ կամ իր վարքի տարբեր դրսեւորումներով կը փորձի ձեզ մանիպուլացիայի ենթարկել եւ նոր կանոնը հանել օրակարգից: Որքան հաստատակամ լինէք, այնքան ձեր երեխան աւելի հեշտ կը յարմարւի նոր իրադրութեանը:

 

5- Պլանաւորէք ալտերնատիւ զբաղմունքներ

Քանի որ ձեր երեխան ունենալու է ազատ ժամանակ, եւ ինքը դեռ ինքնուրոյն չի կարողանալու որոշել, թէ ինչով զբաղւել, որպէս մեծահասակ՝ պլանաւորէք նրա համար տարբեր զբաղմունքներ՝ սեղանի խաղեր (շախմատ, մոնոպոլիա), միասին պատրաստէք հետաքրիր կերակրատեսակ կամ թխւածք, գնացէք թանգարան, թատրոն, համերգ, գրադարանից ընտրէք գիրք՝ միասին կարդալու համար, զբաղւէք բացօթեայ մարմնամարզութեամբ, կազմակերպէք արշաւ երեխայի ընկերների հետ, մեծ փազլ հաւաքէք, լեգօներից աշտարակ սարքէք, հաւաքէք ռոբոտ եւ այլն:

 

6- Ազատւէք աւելորդ խաղալիքներից

Որքան մեծ է երեխայի մօտ խաղալիքների ընտրութիւնը, այնքան նրա համար դժւար է ինչ-որ բան գտնել խաղալու համար: Մեծ ընտրութիւնը երեխաներին շփոթութեան մէջ է դնում: Այդ պատճառով պակասացրէք երեխայի խաղալիքների քանակը եւ հերթափոխէք դրանք:

 

7- Եղէք հաստատակամ

Դուք էք մեծահասակը, եւ հետեւաբար ձեր ընտանիքի առողջութեան եւ ապահովութեան պատասխանատւութիւնը ձեր ուսերին է: Չնայած որ երեխան պահի տակ կը թւայ դժբախտ, կը ցուցաբերի ագրեսիա, երբեմն նոյնիսկ կասի, որ ատում է ձեզ, միեւնոյն է, կանոնը մնում է կանոն: Եղէք համբերատար եւ երեխան վերջիվերջոյ կը հանդարտւի:

 

8- Երբեք չի կարելի էկրանի սահմանափակումը օգտագործել որպէս պատժամիջոց կամ սպառնալիք

Անհրաժեշտ է կանոնը կիրառելուց առաջ զրուցել երեխայի հետ: Բացատրէք նրան ձեր տեսակէտը: Ասէք, որ քաջ գիտակցում էք, որ իր համար սկզբում դժւար է լինելու, դրա համար դուք պատրաստ էք նրան աջակցել ցանկացած հարցում: Հարկ եղած դէպքում կարող էք մեղքի բաժինը գցել հոգեբանների վրայ՝ հոգեբանն է ասել, պիտի ենթարկւենք (ճիշտ նոյն կերպ, ինչպէս եթէ ասենք, ձեր երեխան ծանր հիւանդ է եւ դուք անխտիր հետեւում էք բժշկի խորհուրդներին եւ ստիպում էք երեխային կուլ տալ այս կամ այն դեղահաբը եւ այլն):
Էկրանից օգտւելու սահմանափակումը պէտք է լինի անկախ երեխայի վարքի դրսեւորումներից: Երբեք դրանով չի կարելի սպառնալ՝ դասերդ չես արել, սենեակդ թափթփւած է, ճաշը չես կերել, քիմիայից 5 չես ստացել եւ բազմաթիւ ուրիշ պատճառներ, ուրեմն չես խաղայ համակարգչով: Երեխայի կեանքի այլ ոլորտներում սխալ վարքի համար կիրառէք այլ պատժամիջոցներ (պատժամիջոցների մասին դեռ առանձին կը խօսենք)՝ օրական կէս ժամ հեռուստացոյց նայելու իրաւունք ունի, ուրեմն անկախ ամէն ինչից, տւէք նրան այդ հնարաւորութիւնը: Եթէ դա կիրառէք որպէս սպառնալիք, կունենաք լրիւ հակառակ էֆեկտը: Նոյն սկզբունքով չի կարելի էկրանի ժամանակը կիրառել որպէս պարգեւ՝ երեխան հինգ է ստացել, լողի մրցումներում առաջին տեղն է զբաղեցրել, քննութիւնները լաւ է յանձնել կամ նրա ծննդեան օրն է՝ ուրեմն որպէս պարգեւ թոյլ էք տալիս համակարգչով խաղալ:

 

9- Ճկուն եղէք

Եթէ հիւրեր ունէք, եւ երեխան ընկերների հետ ուզում է լիամետրաժ ֆիլմ դիտել, բայց նրա նայելու օրը չէ կամ ժամանակի մէջ չի տեղաւորւում, կարիք չկայ մանրախնդրութիւն ցուցաբերելու՝ թողէք երեխաները դիտեն իրենց ֆիլմը: Եթէ ձեր երեխան հիւր է գնացել, մի ստիպէք նրան ենթարկւել նոյն կանոններին, ինչ-որ դուք պարտադրում էք տանը: Հետեւէք կանոնին, բայց աչալուրջ եղէք՝ որոշ դէպքերում անհրաժեշտ է ճկուն լինել: Աւելորդ եմ համարում նշել, որ ճկունութիւն ցուցաբերել կարելի է միայն կանոնը երկաթեայ հաստատակամութեամբ հաստատելուց յետոյ եւ միայն մի որոշ ժամանակ անց, երբ այն երեխայի մօտ արդէն կայուն սովորութիւն է դարձել:

 

10- Առաջնորդւէք առողջապահական կանոններով

Յիշէք հետեւեալ կաննոների մասին, որոնք բժիշկներն են խորհուրդ տալիս՝ ուտելու ժամանակ եւ քնելուց մէկ ժամ առաջ չի կարելի էկրանին նայել: Նաեւ ցանկալի չէ, որ երեխան իր սենեակում ունենայ հեռուստացոյց կամ համակարգիչ:

 

11- Հրաժարւէք հեռուստացոյցից, սմարթֆոններից եւ պլանշետներից

160213e01aԱյս սկզբունքը իհարկէ առաւել համարձակ ծնողների համար է: Սակայն սա էլ է տարբերակ՝ բազմաթիւ գլխացաւանքներից խուսափելու համար ուղղակի հրաժարւէք տանը հեռուստացոյց ունենալու գաղափարից, մի գնէք սմարթֆոն՝ ուզում էք երեխայի հետ մշտական կապի մէջ լինել՝ գնէք նրա համար հասարակ հեռախօս, որն ունի միայն զանգ կատարելու եւ զանգ ընդունելու ֆունկցիա:
Հրաժարւէք պլանշետներից եւ երեխայի համար առանձին համակարգիչ գնելուց, եւ ձեր գործը աւելի կը հեշտանայ: Եթէ որոշում էք որդեգրել այս սկզբունքը, երբեք երեխային խօսք մի տւէք որեւէ առիթի դէպքում՝ ծննդեան օրը կամ Նոր տարուն կամ երբ դառնայ 12 տարեկան, գնել նրա ուզած այփադը: Նման դէպքերում, երբ երեխան խնդրում է, ուղղակի հանգիստ եւ հաստատակամ տեղեակ պահէք ձեր տեսակէտի մասին:

 

12- Վայելէք ձեր երեխայի մանկութիւնը

Երբ էկրանն աւելի քիչ դեր կունենայ ձեր առօրեայում, դուք կը նկատէք, թէ աստիճանաբար ինչպէս են լաւանում ձեր եւ ձեր երեխաների, ինչպէս նաեւ եթէ ունէք 1-ից աւելի երեխաներ, ապա նաեւ նրանց փոխյարաբերութիւնները: Այս ազատւած ժամանակը հնարաւորութիւն կը տայ ձեր երեխային վայելելու իր մանկութիւնը, եւ դուք էլ նրա հետ միասին կուրախանաք առօրեայ փոքրիկ պահերով, որ դուք անցկացնում էք միասին՝ որպէս ընտանիք:
Եւ վերջում նշեմ մի հետաքրքրական փաստ՝ հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ որքան աւելի բարձր ինտելեկտ ունեն մայրիկները, այնքան աւելի քիչ ժամանակ են նրանց երեխաներն անցկացնում էկրանի առջեւ:

 

Տնային աշխատանք

Ցանկացած նորամուծութիւնից առաջ անհրաժեշտ է կատարել շուկայի հետազօտութիւն: Ստորեւ կարող էք գտնել մի ձեւանմուշ, որը լրացնելով աւելի յստակ պատկերացում կը կազմէք ձեր երեխայի սովորութիւնների մասին: Այս մէկշաբաթեայ դիտարկումից յետոյ աւելի լաւ պատկերացում կը կազմէք, թէ որ ուղղութեամբ է անհրաժեշտ աշխատել:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։