Հա

Հասարակական

01/10/2016 - 09:50

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Լենինի արձան՝ (ան)կենդանի պատմութիւն

Ստորեւ ներկայացնում ենք «Մեդիամաքս»-ի «Երեւան. 20-րդ դար» նախագծի հերթական անդրադարձը, որը նւիրւած է սովետական տարիներին Երեւանի գլխաւոր հարապարակը «զարդարող» Լենինի արձանին, որի ապամոնտաժումը 1991 թւականին դարձաւ Հայաստանի վերանկախացման իւրայատուկ խորհրդանիշերից մէկը:

«ԱԼԻՔ» - Ստորեւ ներկայացնում ենք «Մեդիամաքս»-ի «Երեւան. 20-րդ դար» նախագծի հերթական անդրադարձը, որը նւիրւած է սովետական տարիներին Երեւանի գլխաւոր հարապարակը «զարդարող» Լենինի արձանին, որի ապամոնտաժումը 1991 թւականին դարձաւ Հայաստանի վերանկախացման իւրայատուկ խորհրդանիշերից մէկը:
Ոմանք, գտնում էին, թէ Լենինի արձանն ունի գեղարւեստական արժէք, այն ժողովրդի յիշողութեան մի մասն է, եւ պէտք է պահպանւի: Սակայն, միանշանակ էր, որ արձանը պէտք է հեռանայ նորանկախ Հայաստանի պատմութիւնից, որպէսզի վերջինս նոր կեանքի հնարաւորութիւն ունենայ:
Նոյնը չի կարելի ասել, սակայն, արւեստի իւրօրինակ գլուխգործոց համարւող արձանի պատւանդի համար, որի ապամոնտաժումը 1996 թւականին չունէր որեւէ տրամաբանական արդարացում:
«Երեւան. 20-րդ դար» նախագծի հերթական «հերոսը» Լենինի արձանն է, որը տեղադրւեց 72 տարի առաջ՝ 1940 թւականի նոյեմբերի 24-ին, եւ ապամոնտաժւեց 1991 թւականին: Խորհրդային տարիներին ընդունւած էր ասել, որ այս արձանը Լենինի լաւագոյն մարմնացումներից մէկն էր ԽՍՀՄ-ի տարածքում, եթէ ոչ լաւագոյնը: Արւեստի իրական գործ էր համարւում նաեւ արձանի պատւանդանը, որը ապամոնտաժւեց 1996 թւականին:
161001d03a1991 թւականից ի վեր Լենինի արձանի մարմինը գտնւում է Հայաստանի ազգային պատկերասրահի բակում, իսկ գլուխը՝ պահեստում: Պատւանդանի մնացորդները պահւում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում:


Ինչպէ՞ս կառուցւեցին Լենինի արձանն ու պատւանդանը
Երեւանի գլխաւոր հրապարակում Լենինի արձանի ու պատւանդանի կառուցմանն իր «Լենինի հրապարակը Երեւանում. յուշեր նախագծման եւ կառուցման մասին» աշխատութիւնում բաւական մանրամասն անդրադարձել է ճարտարապետ Մարկ Գրիգորեանը, որը 1937-51 թթ. մայրաքաղաքի գլխաւոր ճարտարապետն էր:
Նա գրում է, որ հրապարակի կառուցապատման բոլոր տարբերակներում Ալեքսանդր Թամանեանը յստակ պահպանում էր Լենինի արձանի դիրքը՝ հրապարակի եւ քաղաքային բուլւարի միացման վայրում, այսինքն՝ հարաւային մասում:
Թամանեանի գծագրերով 1920-ականների վերջում տեղադրւեց մօտ երկու մետր բարձրութիւն ունեցող օբելիսկ հետեւեալ գրութեամբ. «Այստեղ տեղադրւելու է Մեծ Հոկտեմբերեան Սոցիալիստական Յեղափոխութեան առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը»:
Մարկ Գրիգորեանը վկայում է, որ 1938 թւականին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցոյթ յայտարարւեց, որին ներգրաււեցին ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգէյ Մերկուրովը եւ Հայկական ՍՍՀ-ի ժողովրդական նկարիչ Ս. Ստեփանեանը: Մրցոյթի անցկացումը յանձնարարւեց Երեւանի գլխաւոր ճարտարապետին՝ Մարկ Գրիգորեանին:
Մրցոյթի պայմանների համաձայն՝ աշխատանքները պէտք է ներկայացւէին Երեւանի Քաղխորհրդի ճարտարապետա-նախագծային բաժին 1939 թւականի մարտի 15-ին: Մինչ այդ Ճարտարապետների միութիւնում եւ Երեւանի Քաղխորհրդում սուր քննարկւում էին ընթանում. որտե՞ղ պէտք է տեղադրւի արձանը:
161001d03bՄարկ Գրիգորեանը գրում է, որ որոշ ընկերներ, ինչպէս, օրինակ, ճարտարապետ Հրայր Իսաբէկեանը, գտնում էին, որ արձանը պէտք է տեղադրւի հրապարակի հիւսիսային մասում: Սակայն, քաղաքաշինութեան պատմութեան օրինակների ուսումնասիրութիւնը ցոյց տւեց, որ գեղարւեստական տեսանկիւնից աւելի շահեկան է, եթէ արձանը կանգնած է ոչ թէ շէնքերի, այլ երկնքի ֆոնի վրայ:
Ի վերջոյ, Հանրապետութեան ղեկավարութիւնը որոշում կայացրեց արձանի մշակման եւ իրականացման նախագիծը յանձնարարել ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգէյ Մերկուրովին եւ Թբիլիսիում բնակւող երիտասարդ ճարտարապետներ, ամուսիններ Նատալիա Պարեմուզովային եւ Լեւոն Վարդանովին:
Երիտասարդ ամուսիններ Թիֆլիսից Երեւան ժամանեցին: Շատերը թերահաւատօրէն էին վերաբերւում նրանց ընտրութեանը, սակայն Սերգէյ Մերկուրովը հաւանել էր ճարտարապետների կողմից առաջարկած պատւանդանի կոմպոզիցիան:
Ամենասկզբում որոշւել էր, որ արձանը պէտք է պատրաստւի բրոնզից, սակայն Մերկուրովը հրաժարւեց պատրաստել բրոնզից ձուլւած արձանը՝ վերջնիս բարձրութեան պատճառով (7.2 մետր): Նա առաջարկում էր բրոնզից կամ գրանիտից պատրաստել արձանը՝ 5 մետր հասակով: Խնդիրն այն էր, որ քանդակագործը ծանօթ չէր Լենինի հրապարակի իրական չափերին: Մրցոյթի պայմաններում նշւած էր, որ մոնումենտի ընդհանուր բարձրութիւնը պէտք է կազմի 18 մետր, ինչը նշանակում էր, որ պատւանդանի հետ ներդաշնակ լինելու համար արձանի բարձրութիւնը չպէտք է 7 մետրից պակաս լինէր: Այս չափանիշը սահմանւել էր հրապարակի բոլոր տարրերի մանրակրկիտ վերլուծութեան արդիւնքում:
Հետագայ բանակցութիւնների ընթացքում Մերկուրովը առաջարկեց պատրաստել 7 մետրանոց արձանը կռածոյ պղնձից: Այս առաջարկը հաւանութեան արժանացաւ այդ ժամանակ Երեւանում գտնւող ակադեմիկոս Յովսէփ Օրբելիի կողմից: Նա ասաց, որ կռածոյ պղնձի հետ աշխատելը հին հայկական աւանդոյթ է,- գրում է Մարկ Գրիգորեանը:
1939 թւականի ամռանը Պարեմուզովան եւ Վարտանովը սկսեցին աշխատել գծագրերի վրայ: Երիտասարդ ճարտարապետները բնակւում էին Ինտուրիստ (Երեւան) հիւրանոցում: Աշխատանքը արագ էր ընթանում եւ ճարտարապետները շատ կարճ ժամանակահատւածում պատրաստեցին պահանջւող գծագրերը: Նրանց մանրակրկիտ աշխատանքի մասին վկայում էին առանձին հատւածների գծագրերը: Օրինակ՝ Պարեմուզովայի գծագրով պղնձից պատրաստւեցին երկու արտաքին դռները, որոնք տանում էին դէպի կառավարական տրիբունաներ: Դռների խիտ հայկական զարդարանքը վերցւած էր Գօշի խաչքարից:
Պատւանդանի պատրաստմանը մասնակցեցին փորձառու քարտաշներ Ուկրայինայից, որոնք մինչ այդ աշխատել էին Օպերայի եւ բալետի շէնքի շինարարութեանը:
Արձանի բացումը պէտք է կայանար 1940 թւականի նոյեմբերի 29-ին: Վերջին 10 օրերի ընթացքում աշխատանքները տարւում էին շուրջօրեայ:


Տիգրան Լիլոյեան՝ յուշեր Լենինի արձանի եւ հրապարակի մասին
Ժամանակն է,- սկսում եմ ասքս Լենինի մասին:
Վլադիմիր Մայակովսկի
Սակայն, իմ յուշերը Վլադիմիր Իլիչի մասին չեն, այլ նրա արձանի, որը կէս դարից մի փոքր աւել կանգնած մնաց իր իսկ անւան հրապարակում՝ մեր Երեւանում: Վստահ եմ, այսօրւայ երիտասարդ երեւանցիներն անտեղեակ են, որ Հանրապետութեան հրապարակի աւտոկայանատեղիի մօտ լայնարձակ խոտածածկոյթի տեղում կանգնած էր Լենինի լաւագոյն (չեմ չափազանցնում, նոյն կարծիքին են նաեւ արւեստի մարդիկ) արձանը:
161001d03cԱռաջնորդի արձանը տեղադրւեց ահեղ նախապատերազմեան 1940 թւականին՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանում խորհրդային իշխանութեան յաղթանակի 20-ամեակի կապակցութեամբ:
Տարին երկու անգամ՝ Աշխատաւորների համերաշխութեան միջազգային օրը՝ մայիսի 1-ին, եւ Հոկտեմբերեան յեղափոխութեան տարեդարձի օրը՝ նոյեմբերի 7-ին, արձանի պատւանդանի ամբիոն էին բարձրանում Հանրապետութեան ղեկավարները, որոնք ընդունում էին ռազմական շքերթը (մայիսմէկեան ռազմական շքերթն անցկացւում էր մինչեւ 1969 թւականը, իսկ այդ տարի Մոսկւայում որոշեցին, որ չարժէ աշխատաւորների օրը զէնք շաչել) եւ, այսպէս կոչւած, աշխատաւորների շքերթը:
Կենտրոնական ամբիոնում կանգնում էին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բիւրոյի անդամներն ու անդամութեան թեկնածուները, Հայկական ԽՍՀ-ի Նախարարների խորհրդի նախագահի եւ Գերագոյն խորհրդի նախագահի տեղակալները: Ձախ ամբիոնում կանգնում էին կուսակցական աշխատակիցները՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բաժինների վարիչներն ու նրանց տեղակալները, կուսակցութեան Երեւանի Քաղկոմի քարտուղարները, ինչպէս նաեւ Հանրապետութեան Կոմերիտմիութեան կենտկոմի քարտուղարները, կուսակցութեան վետերանները: Աջ ամբիոնը, որը գտնւում էր Լենինի աջ ձեռքի ներքոյ, նախատեսւած էր խորհրդային, այսինքն՝ պետական աշխատողների՝ կառավարութեան անդամների, կառավարութեանն առընթեր գերատեսչութիւնների ղեկավարների եւ այլ ընկերների համար:
10 տարին մէկ կենտրոնական ամբիոնի կողքերին աւելացնում էին լրացուցիչ փայտեայ կցակառոյց: Բանն այն է, որ Խորհրդային Հայաստանի 40 (1961 թ.), 50 (1970 թ.) եւ 60-ամեակի (1980 թ. ) կապակցութեամբ Երեւան էին ժամանում եղբայրական Խորհրդային Հանրապետութիւնների ղեկավարները: Բացի նրանցից (աւելի ճիշտ՝ նախեւառաջ) 1961 թւականին մեզ մօտ հիւրընկալւել էր Նիկիտա Խրուշչովը, 1970-ին՝ Լէոնիդ Բրեժնեւը: Օժանդակ կառոյցները նախատեսւած էին բոլոր 14 միութենական Հանրապետութիւնների Կոմկուսների Կենտկոմների առաջին քարտուղարներին ամբիոնում տեղաւորելու նպատակով:
Տօնական օրւայ առաւօտեան ամբողջ քաղաքում աշխատում էին բարձրախօսները, հնչում էր երաժշտութիւն, ընթերցւում էին բանաստեղծութիւններ (անկրկնելի Հրաչուհի Ջինանեանն ասմունքում էր՝ «Հազար շեփոր հնչեն թող այս առաւօտ…»): Փողոցներում, որտեղ դադարեցւում էր երթեւեկութիւնը (փողոցներն ու նրբանցքները փակւում էին բեռնատարներով), առեւտրականները վաճառում էին քաղցրաւենիք, յատկապէս «շաքար աքլոր», քաղցր բամբակ, ընդորում, ասում էին, թէ որպէսզի աքլորիկները փայլեն, վաճառողները ժամանակ առ ժամանակ լիզում էին դրանք:
Շքերթի արարողակարգն անփոփոխ էր տասնամեակներ շարունակ: Ժամը 9:45-ի սահմաններում արձանի մօտ հաւաքւում էին բոլոր նրանք, ովքեր պէտք է ի պաշտօնէ ներկայ լինէին կամ հրաւիրատոմսեր ունէին: Նրանք բոլորը սպասում էին Հանրապետութեան ղեկավարների ժամանմանը: Վերջիններս մօտենում էին շուրջ հինգ րոպէ անց, ողջունում էին հաւաքւածներին:
Տօնական այդ օրերին Հայաստանի առաջին երեք դէմքերն օգտագործում էին «Չայկա» աւտոմեքենաները, մինչդեռ սովորական օրերին ծառայողական մեքենաները «Վոլգա»-ներն էին (նկատենք, որ Կարէն Դեմիրճեանը Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտօնում աշխատելու ամբողջ ընթացքում նախընտրում էր «Վոլգա» «ԳԱԶ-24» մոդելը՝ չգիտես ինչու չսիրելով այն ժամանակների համար աւելի ժամանակակից 31 մոդելը):
Ղեկավարութեան մեքենաները շարւում էին 2750 շատրւաններով այգու մայթեզրին:
Երբ մինչ ժամը 10-ը մնում էր մէկ րոպէ, ղեկավարները բարձրանում էին կենտրոնական ամբիոն: Ընդորում, Կենտկոմի առաջին քարտուղարն առաջինն էր բարձրանում, մնացածները յայտնւում էին որոշակի դադարից յետոյ՝ այնպէս, որ մի պահ առաջինը մենակ էր մնում ամբիոնում…
Շքերթից առաջ ամբիոնի մօտ տեղադրւում էր սեղան, որի վրայ դրւում էին կապի հեռախօսներ (չգիտեմ՝ միգուցէ, այսպէս կոչւած, յատուկ կոմուտատոր՝ կապ ԽՍՀՄ-ի բարձրագոյն ղեկավարութեան համար), տեղի կառավարական հեռախօսներ, քաղաքային հեռախօս, ռազմական գաղտնի կապ, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում կապ հաստատէին ում հետ հարկաւոր էր. չէ՞ որ այստեղ էր Հանրապետութեան ողջ ղեկավարութիւնը: Ասում են, Բրեժնեւը կարող էր զանգահարել յատուկ կապով, որպէսզի Հայաստանի ղեկավարութեանն ու աշխատաւորներին շնորհաւորի տօնի կապակցութեամբ, հարցնի տրամադրութեան, եղանակի մասին: Այստեղ կար նաեւ հեռուստացոյց, որպէսզի ղեկավարութիւնը կարողանար դիտել Մոսկւայում ընթացող ռազմական շքերթը…
Պատւանդանի տակ կար աստիճան, որը տանում էր ներքեւ՝ բուֆետ: Յիշում եմ (մի անգամ հայրս ինձ տարաւ այնտեղ), աստիճանին զուգահեռ՝ պատի երկայնքով լուսաւորութիւն էր անցկացւած: Ասում էին, որ Կառավարական տնից մինչեւ արձան ստորգետնեայ ճանապարհ կար, որը պատւանդանը հանելուց յետոյ որմնաշարւեց: Չգիտեմ, թէ որքանով է դա համապատասխանում իրականութեանը…
Շքերթի օրերին ամբիոնը խիստ հսկւում էր Հայաստանի ՊԱԿ-ի (KGB) սպաների կողմից: Բացի անվտանգութեան երկու աշխատակիցներից, որոնք կցւած էին Կենտկոմի առաջին քարտուղարին, ղեկավարներից ոչ մէկ թիկնապահներ չունէր, եւ այդ ահեղ գերատեսչութեան աշխատակիցները քաղաքացիական հագուստով կանգնում էին կենտրոնական ամբիոնի կողքերում, շրջում էին արձանի մօտակայքում, որպէսզի ինչ-որ բան չպատահի…
161001d03dԺամանակ առ ժամանակ մասնակիցների շարքերից առանձնանում էին ծաղիկներով դպրոցականների խմբեր, ովքեր ուրախ ժպտալով վազում էին դէպի ամբիոն՝ Հանրապետութեան ղեկավարութեան մօտ: Ի նշան շնորհակալութեան՝ ղեկավարները նրանց շոկոլադի սալիկներ էին նւիրում:
Ռադիոյի յատուկ ընտրւած հաղորդավարները կարդում էին կարգախօսները: Օրինակ, երբ հրապարակում երեւում էր համալսարանի շարասիւնը (ի տարբերութիւն այսօրւայ՝ այն ժամանակ մենք ունէինք միայն մէկ համալսարան՝ Երեւանի պետականը, մնացած բուհերը կոչւում էին ինստիտուտներ), հաղորդավարն ընթերցում էր. «Բոցավառ մայիսմէկեան ողջո՜յն Երեւանի Պետական համալսարանի պրոֆեսորա-դասախօսական եւ ուսանողական կազմերին»:
Այստեղ մայիսմէկեան ներկայացման մէջ հերթը հասնում էր աշխատաւորների ցուցադրութեան թերեւս ամենազւարճալի տարրին՝ բարձրախօսներով աւտոբուսին, որը տեղակայւած էր «Արմենիա» հիւրանոցի ցայտաղբիւրի մօտ: Այդ աւտոբուսը յատուկ առաքելութիւն ունէր. դրա մէջ նստած օպերատորը, լսելով հերթական «բոցավառ մայիսմէկեան ողջո՜յն»-ը կամ, համապատասխանաբար, «բոցավառ հոկտեմբերեան ողջո՜յն»-ը, միացնում էր ձայնագրւած ծափահարութիւնները: Սակայն, որպէս կանոն, բարձրագոչ «ուռա՜»-ն հնչում էր այն պահին, երբ հրապարակից դուրս էր եկել մի շարասիւնը, իսկ միւսը դեռ չէր մտել: Շփոթւած զբօսաշրջիկները, որոնք դիտում էին շքերթը, սկզբում չէին հասկանում, թէ ո՞վ եւ ինչպէ՞ս կարող է «ուռա՜» գոռալ, եթէ հրապարակում ոչ ոք չկայ: Յետոյ, լսելով աւտոբուսի ձայնագրութիւնը, ծիծաղում էին ու ապշում: Որքան ինձ յայտնի է, հայրս՝ Հենրիկ Լիլոյեանը, դառնալով Հայկական ԽՍՀ-ի արտասահմանեան զբօսաշրջութեան գլխաւոր վարչութեան պետ, երկար եւ, ինչպէս պարզւում է, ապարդիւն, փորձում էր համոզել կամ Կոմկուսին կամ Երեւանի քաղկոմին վերացնել այդ աւտոբուսը կամ գոնէ տեղափոխել այն հրապարակի հակառակ կողմը… Չի յաջողւել:
... Լենինի արձանի հետ կապւած նաեւ զւարճալի պահեր կային: Որոշ երեւանցիներ սիրում էին կանգնել մայթեզրին Միութիւնների Տան կողմից (ներկայում այնտեղ «Կոնւերսբանկն» է), եւ այդ դէպքում Լենինի ձեռքի թերթը մի փոքր ուրիշ ձեւ էր երեւում՝ այլ բան յիշեցնելով…
... Թւում էր՝ երեւանեան Իլիչը դարեր պէտք է կանգուն մնայ, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխւեց: Յուշարձանի համար անհանգիստ ժամանակները սկսւեցին նախորդ դարի 80-ականների վերջում-90-ականների սկզբում:
1991 թւականի փետրւարին, ինչպէս հետագայում պարզւեց, անկախութեան կողմնակիցների հանրահաւաքի մասնակիցներն արձանի վրայ ներկ էին լցրել: Մի գիշեր էլ յետեւի դռան մօտ պայթուցիկ էին դրել ու ոչնչացրել մետաղի վրայ փորագրւած նախշերով բացառիկ գեղեցկութեան դուռը:
1991 թւականի ապրիլի 13-ին յուշարձանն ապամոնտաժւեց: Այն դուրս բերւեց սուլոցների ներքոյ, այնպիսի պաթոսով ու խանդավառութեամբ, ասես տապալելով Լենինին՝ մենք պէտք է միանգամից լուծէինք երկրի բոլոր խնդիրներն ու սկսէինք աւելի լաւ ապրել:
Ահա այն հաղորդագրութիւնը, որը գրւել է այդ օրը տողերիս հեղինակի կողմից.
ԻՏԱՌ-ՏԱՍՍ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
13.04.1991
ԱՊԱՄՈՆՏԱԺՒԵԼ Է ԼԵՆԻՆԻ ԱՐՁԱՆԸ
Ապամոնտաժւել է Լենինի արձանը
Երեւան, ապրիլի 13: /ՏԱՍՍ-ի թղթ. Տ.Լիլոյեան/: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժւել է Վ.Ի.Լենինի արձանը:
Արձանը հանելու մասին որոշում էր կայացւել մարտի 28-ին Երեւանի Քաղաքային խորհրդի նիստում: Ժողովրդական պատգամաւորներն ընդամենը երկու «դէմ» եւ չորս «ձեռնպահ» ձայներով քաղխորհրդի գործկոմին յանձնարարեցին «մինչեւ 1991 թ. ապրիլի 22-ը աւարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները»: Ձեռնպահ մնացածներից մէկը Հայոց համազգային շարժման անդամ, Քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստեանն էր: Այն ժամանակ նա կոչ էր անում «աւելի ուշադիր մօտենալ այդ հարցին», «հանդուրժող լինել քարի նկատմամբ», «յուշարձանների դէմ պայքարն» անւանում էր թերարժէքութեան բարդոյթ:
Քաղխորհրդի որոշումը Հանրապետութիւնում առաջացրեց հակասական, սակայն շատ սուր արձագանգ: Այդ կապակցութեամբ արւած Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի յայտարարութեան մէջ կասկած էր յայտնւում, որ «արձանի ապամոնտաժումը կարող է ինչ-որ կերպ օգնել մայրաքաղաքի ու Հանրապետութեան կարեւորագոյն խնդիրների լուծմանը եւ աշխատաւորների ուժերի միասնութեանը»: «Տպաւորութիւն է ստեղծւում,- ասւում էր փաստաթղթում,- որ նման գործողութիւնները նպատակ են հետապնդում մարդկանց ուշադրութիւնը շեղել հրատապ խնդիրներից, ազգային-հայրենասիրական քաղաքականութեան իրականացման պատրանք են ստեղծում»:
Ցաւօք, Հայաստանի խորհրդարանն ու կառավարութիւնը չարտայայտեցին իրենց դիրքորոշումն այդ առիթով:
Ականաւոր խորհրդային քանդակագործ Սերգէյ Մերկուրովի (1881-1952 թթ.) աշխատանքը, որն իրաւամբ համարւում է Լենինի լաւագոյն արձաններից մէկը, տեղադրւել էր 1940 թւականին՝ Խորհրդային Հայաստանի 20-ամեակի օրը: Այս տարւայ փետրւարին արձանը պղծւեց. անկախութեան կողմնակիցների հանրահաւաքի ժամանակ դրա վրայ ներկ լցւեց: Այդ վայրագութիւնը դատապարտեցին Հանրապետութեան տարբեր քաղաքական ուժերը:
... Համբարձում Գալստեանի դիրքորոշումն ապամոնտաժման դէմ չխանգարեց նրան արձանը հանելու ժամանակ յայտարարել, որ «մենք քաղեցինք մոլախոտը»:
Այդ օրւանից Լենինի արձանը դրւած է Հայաստանի Ազգային պատկերասրահի բակում՝ իրանն առանձին, գլուխն առանձին: Պատւանդանը հինգ տարի դատարկ մնաց: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ այն ինքին ազգային ճարտարապետութեան գլուխգործոց էր:

Պատւանդանը հանեցին կառավարութեան որոշմամբ՝ 1996 թւականի յուլիսին: Լաւ, արձանը հանեցին, բայց ի՞նչ կարիք կար վայրագաբար քանդել, բառացիօրէն արմատախիլ անել պատւանդանը: Կրկին դիմեմ իմ հաղորդագրութիւններին.

ԻՏԱՌ-ՏԱՍՍ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
20.07.1996
Հայաստանի կառավարութիւնը որոշել է ապամոնտաժել Լենինի նախկին արձանի դատարկ պատւանդանը Երեւանի գլխաւոր հրապարակում

ԵՐԵՒԱՆ, յուլիսի 20: /ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթ. Տիգրան Լիլոյեան/: Հայաստանի կառավարութիւնը որոշում է կայացրել Երեւանի իշխանութիւններին թոյլ տալ ապամոնտաժել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Հանրապետութեան հրապարակում գտնւող դատարկ պատւանդանը, որի վրայ մինչ 1991 թւականը կանգնած էր Լենինի արձանը: Այսօր այստեղ հրապարակւած այդ որոշումն ընդունւել է «հրապարակի ճարտարապետական անսամբլի ծաւալա-տարածքային կարգաւորման նպատակով»:
Պատւանդանի ապամոնտաժման համար պահանջւում էր կառավարութեան որոշումը, քանի որ այն հանդիսանում է պատմա-ճարտարապետական յուշարձան: Պատւանդանը կառուցւած է յղկւած որձաքարից, իսկ կառավարական ամբիոնը երեսպատւած է բազալտով:
Կողքերի ամբիոնները պատւած են քարի վրայ ֆիլիգրան փորագրութեամբ հայկական ազգային դրւագազարդի տեսքով, որի հեղինակները ժամանակի լաւագոյն հայ քարագործներն են: Այդ ամբիոններում կանգնել են Հայկական ԽՍՀ-ի կուսակցական ու խորհրդային ղեկավարները, ովքեր ողջունել են աշխատաւորների տօնական երթերը մայիսի 1-ին եւ նոյեմբերի 7-ին: Դրանցից վերջինը 1988 թւականին էր:
Լենինի պղնձաձոյլ արձանը՝ յայտնի խորհրդային քանդակագործ Սերգէյ Մերկուրովի աշխատանքը, համանուն հրապարակում տեղադրւել էր 1940 թւականի նոյեմբերին եւ համարւում էր առաջնորդի լաւագոյն արձաններից մէկը:
1991 թւականի գարնանը՝ Հայաստանի անկախութեան հռչակումից կէս տարի անց, Երեւանի քաղխորհուրդը քւէարկեց արձանը հանելու օգտին: Այդ օրւանից այն դրւած է Հայաստանի ազգային պատկերասրահի բակում:
Դատարկ պատւանդանը որոշ ժամանակ գտնւում էր այստեղ ծաւալւող բանավէճերի կենտրոնում: Մասնագէտների ու հասարակութեան մի մասը կարծում էր, որ անհրաժեշտ է պատւանդանի վրայ տեղադրել նոր արձան, որը կը դառնար Հայաստանի անկախութեան խորհրդանիշը, իսկ ծայրայեղ տրամադրւած հասարակութիւնը կողմ էր պատւանդանը հաստատապէս քանդելուն՝ որպէս «տոտալիտար անցեալի» խորհրդանիշ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
05.08.1996
Երեւանում շարունակւում է պատւանդանի ապամոնտաժումը, որի վրայ մինչեւ 1991 թւականը կանգնած էր Լենինի արձանը

ԵՐԵՒԱՆ, օգոստոսի 5: /ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթ. Տիգրան Լիլոյեան/: Երեւանի կենտրոնական հրապարակում այսօր վերսկսւել են Լենինի նախկին արձանի պատւանդանի ապամոնտաժման աշխատանքները: Օդախտանակի ու մուրճերի ձայնը չի դադարում, չնայած Հայաստանի հասարակութեան մի մասի ընդվզումներին ու բողոքներին: Հանրապետութեան կոմկուսի անցկացրած բողոքի ակցիայից յետոյ բետոնէ արգելապատնէշի մօտ, որի յետեւում ընթանում է ապամոնտաժումը, տեղակայւել են ոստիկանական պահակակէտեր: Արդէն քանդւել են կենտրոնական ու կողային ամբիոնները, որոնք զարդարւած էին քարի վրայ նուրբ դրւագազարդով:
1940 թւականին տեղադրւած արձանն ու պատւանդանը կառուցւել էին յատուկ ամրութեամբ, եւ հիմա շինարարների համար հեշտ չէ: Որոշ տւեալներով, պատւանդանը քանդելու գործընթացն արագացնելու նպատակով կիրառւել են պայթեցման աշխատանքներ:
Հայաստանի Ճարտարապետների միութեան վարչութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մտավախութիւն է յայտնել, որ «քաղաքակիրթ աշխարհին ու մեր ազգին ոչ յարիր այդ գործընթացը կարող է յանգեցնել Երեւանի պատմամշակութային ու ճարտարապետական միջավայրի ստեղծւած շերտերի աւերմանը եւ վտանգաւոր նախադէպ հանդիսանալ հետագայում նման անընդունելի գործողութիւնների համար»:
Հայաստանի խորհրդարանի կոմունիստական խմբակցութեան անդամներն այցելել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբգէն Արարքցեանին: Նրանք խօսնակին խնդրագիր են յանձնել, որում պատւանդանի ապամոնտաժումը որակւում է որպէս «չմտածւած, անիմաստ եւ յանցաւոր գործողութիւն, որն իրականացւում է օրը ցերեկով բարբարոսական մեթոդներով, որոնք անհամատեղելի են հայ ժողովրդի՝ շինարար ու ստեղծագործ ազգի պատմական աւանդոյթների հետ»:
Ինչպէս յայտնել է «Հայաստանի Կոմունիստ» թերթը, խօսնակը նրանց պատասխանել է, որ նախեւառաջ, ի զօրու չէ ազդել պատւանդանի ապամոնտաժման մասին կառավարութեան որոշման վրայ, եւ երկրորդ, այդ որոշումն իր սրտով է:
Հայաստանի մշակոյթի նախարարի յուշարձանների պահպանութեան գծով տեղակալ Կորիւն Ղաֆադարեանի խօսքերով, ապամոնտաժւող պատւանդանի հետագայ ճակատագիրը կորոշւի մրցութային հիմունքներով, իսկ առայժմ բոլոր մասերը համարակալւում եւ պահեստաւորւում են:


Ազգային պատկերասրահի աշխատակցուհի Կիմա Մկրտչեան
Նախապէս յայտարարւել էր, որ ժամը 17:00-ին Լենինի արձանը ապամոնտաժւելու է: Տաք եղանակ էր: Հրապարակում մեծ թւով մարդիկ էին հաւաքւել: Թւում էր, թէ արձանն ամբողջութեամբ պէտք է տեղից պոկւի ու երբ արձանից առանձնացաւ գլուխը, հրապարակում հռհռոց լսւեց: Յետոյ պատւանդանից հանեցին արձանի մարմինը: Այդ պահին օդում սկսեցին լսւել բացւող շամպայնի ձայները՝ մարդիկ նշում էին «Լենինի անկումը»: Բանւորները տեղադրում էին արձանը յատուկ բեռնատար մեքենայի վրայ, երբ վերջնիս վարորդը գոռաց. «Ժողովուրդ ջան, յետ կանգնէք, թող հարազատները առաջ անցնեն»: Նա ի նկատի ունէր կոմունիստներին:
Հայաստանի Ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեան՝ այդ վայրում նոր յուշարձան տեղադրել պէտք չէ
1970 թւականին, երբ Հանրապետութեան հրապարակի նախագիծը Պետական մրցանակի արժանացաւ, յետմահու այն ստացան նաեւ Լենինի արձանի պատւանդանի ճարտարապետներ Լեւոն Վարդանեանը եւ Նատալիա Պարեմուզովան:
Պատւանդանը շատ հետաքրքիր լուծումներ ունէր: Այն պատրաստւած էր գրանիտից, մանր քանդակներով էր պատւած: Պատւանդանը գտնւում էր այնպիսի վիճակում, որ «ապրելու» մեծ հնարաւորութիւն ունէր: Եթէ Լենինի արձանի ապամոնտաժումը անխուսափելի էր քաղաքական պատճառներով, ապա պատւանդանը կարելի էր եւ պէտք էր պահպանել:
Ցաւօք, հերթական անգամ կորցրեցինք փայլուն մի յուշարձան:
Տարիների ընթացքում տարբեր առաջարկներ են արւել նախկին Լենինի արձանի վայրում նոր յուշարձան կառուցելու վերաբերեալ, սակայն որեւէ հայեցակարգ առ այսօր չի մշակւել:
Մասնագէտների մեծ մասը գտնում է, որ այդ վայրում որեւէ նոր յուշարձան տեղադրել պէտք չէ:
Լեւոն Աբրահամեան՝ շատերի մօտ անսպասելի առաջացաւ անյարմար զգացում, որ իրենք մասնակցում են մահապատժի ի կատար ածմանը:
Հատւածներ մշակութաբան Լեւոն Աբրահամեանի «Պայքարը յուշարձանների եւ յիշողութեան դէմ յետխորհրդային երկրներում (Հայաստանի օրինակի վրայ)» աշխատութիւնից:
Երբ քաղխորհրդի որոշմամբ Լենինի արձանը սկսեցին ապամոնտաժել, ժողովուրդը հրապարակում հաւաքւել էր տօնական տրամադրութեամբ, սակայն առանց վայրագ գործողութիւնների պատրաստակամութեան որեւէ նախանշանի, որոնք յատկանշական են նման տապալումների համար: Թէեւ արարողութիւնը նախատեսւում էր անցկացնել երեկոյեան, շատերն առաւօտից եկել էին հրապարակ, որպէսզի վերջին անգամ տեսնեն արձանը սովորական տեսքով եւ քննարկեն նախատեսւած իրադարձութիւնը: Բանավէճերի թեմաները՝ հիմնականում զգուշաւոր տարեց եւ յեղափոխական տրամադրւած երիտասարդ անձանց միջեւ, ընդգրկում էին լայն շրջանակ՝ հայերի ճակատագրում Լենինի կոնկրետ դերից մինչեւ յուշարձանների ապամոնտաժման փորձը առհասարակ պատմութեան մէջ: Ապամոնտաժման որոշ հակառակորդներ վկայակոչում էին նաեւ արձանի գեղարւեստական արժէքը: Նման բազմաթիւ քննարկումներից մէկի ընթացքում, որոնք ես լսել եմ արձանի վերջին ժամերին, տարեց տղամարդն իր երիտասարդ ընդդիմախօսին ասում էր, որ Լենինի արձանի հեռացումը չի բերի նրան, որ խանութները ապրանքներով լցւեն: Միւս տղամարդը պնդում էր, որ ինչ դժբախտութիւններ էլ բաժին ընկած լինեն Հայաստանին Լենինի մեղքով, միեւնոյն է, նա մնում է հայկական մշակոյթի մի մասը, եւ արձանը հրապարակից հանելը հաւասարազօր է նրան պատմութիւնից հանելուն: Ինչին նրա ընդդիմախօսը պատասխանում էր, որ Լենինն արժանի է, որ նրան հեռացնեն Հայաստանի պատմութիւնից, որպէսզի վերջինս նոր կեանքի հնարաւորութիւն ունենայ: Ինչպէս տեսնում ենք, ապամոնտաժման մոգական եւ հոգեբանական տեսակէտերը եւս ներկայացւած էին հրապարակում այդ իմպրովիզացւած «կլոր սեղանի» շուրջ: Երբ արարողութիւնն ի վերջոյ սկսւեց, եւ արձանը, մինչ կը հանէին պատւանդանի վրայից, գլխատեցին տեխնիկական նկատառումներով, շատերի մօտ, ինչպէս ինձ հետագայում պատմում էին, անսպասելի առաջացաւ անյարմար զգացում, որ նրանք մասնակցում են հրապարակային մահապատժի, առաւել եւս, երբ սնամէջ գլուխն առանձնացրին իրանից, մի քիչ անձրեւաջուր թափւեց մէջից՝ արեան նման: Ես եւս այդ ժամանակ նման զգացողութիւն ունեցայ: Սակայն երբ արձանը բարձրացրեցին վերամբարձ կռունկի միջոցով, այն վայրից, որտեղից ես հետեւում էի արարողութեանը, յանկարծ երեւաց «ԱՐՄԵՆԻԱ» գրութիւնը համանուն հիւրանոցի տանիքի վրայ (մինչ այդ արձանը փակում էր այն), եւ մեղքի զգացումն անհետացաւ: Իմ շուրջը գտնւողները եւս նկատեցին դա ու ողջունեցին «Հայաստանի ազատագրումը» հիացմունքի եւ ուրախութեան բացականչութիւններով:
Հետաքրքիր է, որ ապամոնտաժման ներկայացումն անսպասելիօրէն աւարտւեց նոյն պահին ծնւած իւրօրինակ արարողութեամբ: Երբ արձանը դրւեց պատւանդանի մօտ կանգնած քարշակի վրայ, մի քանի ոստիկաններ ստիպւած էին պաշտպանել այն որոշ անձանց զայրոյթից. մի երիտասարդ նոյնիսկ ցանկանում էր միզել տապալւած Լենինի վրայ՝ որպէս վրէժ հօր հաշմւած ճակատագրի համար, ինչպէս ինքն էր ասում ոստիկանին: Հրապարակում կանգնածներից մէկը տապալւած առաջնորդի վրայ սկսեց քարեր նետել: Երբ քարշակը շարժւեց մարդկանցով լեցուն հրապարակով, այդ գործողութեան ականատեսները ցանկացան հետեւել դրան, սակայն քարերի բացակայութեան պատճառով սկսեցին դանդաղ եւ հանդիսաւոր հեռացող արձանի վրայ նետել մանր մետաղադրամներ՝ մարդաշատ հրապարակում քարերի միակ փոխարինողը: Ընդորում, արարողակարգային ատրիբուտի՝ «ագրեսիւ» քարի փոխարինումը առատութիւն բերող մանրադրամներով միանգամից յանգեցրեց տրամադրութեան փոփոխութեան. եթէ արարողութեան ձեռնարկողներն իրենց գործողութիւնը սկսել էին ակնյայտ ագրեսիւ զգացմունքներով, ապա մնացածներն իրենց մանրադրամները նետում էին ուրախալի վերելքի զգացումով՝ ինչպէս առհասարակ լինում է մանրադրամներ նետելու ծիսակատարութեան ժամանակ:
Լենինը հատեց հրապարակը, որը երբեւէ կրում էր իր անունը, որպէսզի անփառունակ տեղ գտնի թանգարանի բակում, որի հետ արձանը տեղի գերակայութեան պայքար էր մղում խորհրդային իշխանութեան բոլոր նախորդ տարիների ընթացքում: Յատկանշական է, որ թէեւ այն բակը, որտեղ դրւած է Լենինը, սովորաբար անւանում են Հայաստանի ազգային պատկերասրահի բակ, սակայն այն հաւասարապէս կարող է վերագրւել նաեւ Հայաստանի պատմութեան թանգարանին եւ նախկին Յեղափոխութեան թանգարանին (որը շատ տրամաբանօրէն ներկայում կազմում է պատմութեան թանգարանի մի մասը), քանի որ բոլոր այդ թանգարանները զբաղեցնում են նոյն շէնքը, որին Լենինի արձանը պարտւեց տարածքի համար պայքարում: Այսպիսով, վէճն այն մասին, թէ արդեօք Լենինի արձանը ներկայացնո՞ւմ է պատմական, գաղափարական թէ գեղագիտական արժէք, ստացաւ իր տրամաբանական «լուծումը»:
Պատւանդանի պահպանման համար պայքարն աւելի կատաղի էր, քան Լենինին այդ պատւանդանից հեռացնելու շուրջ բանավէճը: Լրագրողները, ճարտարապետները, նկարիչները, գրողները, մշակոյթի յայտնի գործիչներն ու ոչ այնքան յայտնի անձինք թերթերում գրառումներ էին կատարում յօգուտ պատւանդանի՝ քննադատելով նրանց, ովքեր ձգտում էին այն հանել հրապարակից: Յայտնի բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանը գրում էր, որ ինքը նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի անունը քւէաթերթիկում կը ջնջի միայն այն պատճառով, որ «նրա գիտութեամբ Հայաստանի տարածքում կատարւեց վանդալիզմի այնպիսի ակտ, ինչպիսին էր պատւանդանի՝ արւեստի գործի քանդումը» («Գոլոս Արմենի»-ի օրաթերթ, 1996, օգոստոսի 6):
Նախագծի վրայ աշխատել են՝ ԱՆՆԱ ԲՈՒԲՈՒՇԵԱՆԸ, ԼԵՆԱ ԳԷՈՐԳԵԱՆԸ, ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆԸ, ԷԼԷՈՆՈՐԱ ԱՐԱՐԱՏԵԱՆԸ, ԱՐԱ ԹԱԴԷՈՍԵԱՆԸ, ՄԱՐԻԱՄ ԼՈՐԵՑԵԱՆԸ, ԿԱՐԻՆԷ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ, ԱՐՄԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ:
Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում՝ ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԵԱՆԻՆ, ԱՐԵՒ ՍԱՄՈՒԷԼԵԱՆԻՆ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։