Հա

Հասարակական

30/07/2019 - 13:00

Թեհրանի նախկին քաղաքապետը մահապատժի է դատապարտւել

Թեհրանի նախկին քաղաքապետ, Մոհամմադ Ալի Նաջաֆին, մահապատժի է դատապարտւել: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դատական ուժի մամուլի խօսնակ Ղոլամ Հոսէյն Էսմայիլին:

«alikonline.ir» - Թեհրանի նախկին քաղաքապետ, Մոհամմադ Ալի Նաջաֆին, մահապատժի է դատապարտւել: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դատական ուժի մամուլի խօսնակ Ղոլամ Հոսէյն Էսմայիլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ դատարանն ապացուցւած է համարել դատախազի ներկայացրած դիտաւորեալ սպանութեան մեղադրանքը, եւ հաշւի առնելով զոհի անմիջական ժառանգների պահանջը Մոհամմադ Ալի Նաջաֆիին մահապատժի է դատապարտել:

Էսմայիլին տեղեկացրել է նաեւ, որ դատարանի վճռի մասին տեղեկացւած են տուժողի եւ մեղադրեալի դատապաշտպանները:

Վճիռը վերջնական չէ, եւ ենթակայ է բողոքարկման:

Յիշեցնենք, որ մայիսի 28-ի առաւօտեան, սեփական բնակարանում, Նաջաֆին հրազէնից արձակւած կրակոցով սպանել էր իր երկրորդ կնոջը՝ Միթրա Օսթադին: Նոյն օրը՝ երեկոյեան, նա ինքնախոստովանանքով ներկայացել էր ոստիկանութիւն եւ ձերբակալւել էր:

Նաջաֆին խոստովանել էր, որ սպանութիւնը կատարել էր ընտանեկան սուր տարաձայնութիւնների պատճառով: Ողբերգական միջադէպից ամիսներ առաջ, նոյն պատճառով, նա ինքնասպանութեան փորձ էր կատարել Թեհրանի հիւրանոցներից մէկում, որը, սակայն, չէր ստացւել:

Նշենք, որ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆին համարւում է Իրանի չափաւորական-բարեփոխական քաղաքական հոսանքի կարկառուն դէմքերից մէկը: Թեհրանի 12-րդ քաղաքապետը Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահութեան օրօք զբաղեցրել է կրթութեան նախարարի պաշտօնը: Մոհամմադ Խաթամիի կառավարութիւնում զբաղեցրել է նախագահի տեղակալի եւ Ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութեան ղեկավարի պաշտօնները: Իսկ նախագահ Ռոհանիի կառավարութիւնում եղել է Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան ղեկավարն ու տնտեսական հարցերով նախագահի խորհրդականը: 90-ական թւականների առաջին կէսին, նրա նախարարութեան օրօք է տեղի ունեցել Իրանի հանրակրթական ուսուցման համակարգի բարեփոխումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։