Հա

Հասարակական

30/07/2019 - 08:30

«Աւրորա» մրցանակին է միանում յայտնի իրաւաբան Բենջամին Ֆերենցը

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը պատիւ ունի յայտարարելու, որ խաղաղութեան եւ մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովին՝ որպէս պատւաւոր համանախագահ:

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը պատիւ ունի յայտարարելու, որ խաղաղութեան եւ մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովին՝ որպէս պատւաւոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի յայտնի իրաւաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրաւունքի գերակայութեան հաստատման համար, եւ հիմա նա կը դառնայ նաեւ «Աւրորա» մրցանակի դեսպանն աշխարհում:

«Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն աւելի լաւն է դարձրել իր պայքարով՝ արդարութիւն ապահովելով մարդկութեան դէմ իրագործւած յանցանքներից տուժածների համար: Իր գործունէութեան ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատւութիւնն ու մարդկայնութիւնն՝ ընդդէմ հալածանքների եւ ցեղասպանութեան: Երջանիկ ենք, որ նա միանում է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին՝ որպէս պատւաւոր համանախագահ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր եւ Նիւ Եօրքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրէգորեանը:

Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է եւ մարդու իրաւունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած յանցագործութիւնները հետաքննողներից մէկն էր, եւ ԱՄՆ զինւած ուժերը ներկայացնող գլխաւոր դատախազը Նիւրնբերգեան դատավարութեան ընթացքում:

1943 թ. Հարւարդի իրաւունքի դպրոցն աւարտելուց յետոյ Ֆերենցը միացաւ ԱՄՆ զինւած ուժերին եւ մեկնեց Եւրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագայ կեանքն ու գործունէութիւնը:

Բենջամին Ֆերենցը նաեւ մշակել է եւ իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայէլի եւ Արեւմտեան Գերմանիայի միջեւ 1952 թ. ստորագրւած «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցութիւններում: Նա իր ամբողջ կեանքում պայքարել է մարդու իրաւունքների եւ համընդհանուր խաղաղութեան համար՝ միջազգային իրաւունքի գերակայութեան հաստատումը դարձնելով առաքելութիւն:

«Ես տպաւորւած եմ այն աշխատանքով, որն «Աւրորա»-ն իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել աւելի մարդկային հասարակութիւն, որտեղ գերակայում է օրէնքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին միանալու հրաւէրը՝ որպէս պատւաւոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նւիրւածութիւն եւ ջանքեր են պահանջւում աշխարհն ու կեանքը կարեկցանքով եւ աջակցութեամբ բարելաւելու համար: Զգացւած եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելութիւնը հէնց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասաց Բենջամին Ֆերենցը:

«Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովում են երեք նոբէլեան դափնեկիրներ, պետութիւնների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիւանագէտներ, միջազգային հանրութեան այլ ազդեցիկ դէմքեր:

Յարակից լուրեր

  • Յայտնի է «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան օրը
    Յայտնի է «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան օրը

    «Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամեայ չորրորդ արարողութիւնը կանցկացւի Երեւանում հոկտեմբերի 20-ին:

  • Ու՞ր են գնում միլիոնները․«Աւրորա»-ի համահիմնադիրը պատասխանել է քննադատներին
    Ու՞ր են գնում միլիոնները․«Աւրորա»-ի համահիմնադիրը պատասխանել է քննադատներին

    «Աւրորա» մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորեանը պարզաբանել է՝ ինչու մրցանակային հիմնադրամի միջոցները չեն ներդնում Հայաստանի տնտեսութեան տարբեր սեկտորներում, այլ տրամադրում են առանձին անհատների, որոնք, թէեւ, անկասկած, վաստակ ունեն մարդասիրութեան գաղափարների սփռման գործում, այնուամենայնիւ, հեռու են հայկական իրականութիւնից։ 

  • Յայտնի է «Աւրորա» մրցանակի այս տարւայ յաղթողի անունը
    Յայտնի է «Աւրորա» մրցանակի այս տարւայ յաղթողի անունը

    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն այս անգամ մեծարանքի է արժանացրել իրաւաբանին՝ Մեանմայում ընդդէմ անարդարութեան եւ յանուն ռոհինջա ժողովրդի իրաւունքների մղած պայքարում դրսեւորած անհատական զոհողութիւնների համար: 

  • Սամանտա Փաւերը միանում է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին
    Սամանտա Փաւերը միանում է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին

    ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաւերը միացել է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին: Դեսպան Փաւերը Ընտրող յանձնաժողովի միւս անդամների հետ, որոնք հեղինակաւոր հումանիտար գործիչներ են, մարդու իրաւունքների պաշտպաններ եւ պետութիւնների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Աւրորա» ամենամեայ մրցանակի դափնեկիրներին:

  • «Աւրորա» մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում. չկրկնւող թեկնածուների թիւն աճել է 100 տոկոսով
    «Աւրորա» մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում. չկրկնւող թեկնածուների թիւն աճել է 100 տոկոսով

    2018 թւականի «Աւրորա» մարդասիրական մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնւող թեկնածութիւններ:

    Առաջադրման փուլի ընթացքում (2017 թւականի մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) յայտեր են ուղարկւել 12 լեզւով՝ 115 երկրից, այդ թւում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացեալ Թագաւորութիւնից, Պակիստանից, Ուկրայինայից եւ Քենիայից: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։